Կայացավ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության միջազգային երկօրյա համաժողովը

Ապրիլի 17-ին և 18-ին անցկացվեց «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով կառավարություն-քաղաքացիական հասարակության փորձագիտական միջազգային համաժողովը:
Այն կազմակերպվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) հետ համագործակցությամբ։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին ողջույնի իր խոսքում նշեց, որ կոռուպցիայի դեմ պայաքարում Հայաստանում տեսանելի արդյունքներ կան, ինչի համար շնորհավորում է: «Ինձ պես մարդկանց համար Հայաստանն այսօր այլ երկիր է, քան եղել է մեկ տարի առաջ: Սա մի բան է, որով կարող եք հպարտանալ և ոչ միայն կառավարությունը, քանի որ, իմ կարծիքով, սրա մասին երազել է ողջ հայությունը: Բայց, ինչպես պաշտոնատար անձանց հետ կապված որոշ դեպքերն են ցույց տալիս, կոռուպցիոն ռիսկերը մնայուն են: Այսպիսով, պատրաստ եղեք երկար պայքարի: Եվրոպական միությունը մշտապես պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին»,-նշեց Պյոտր Սվիտալսկին:
Արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը նախարար Արտակ Զեյնալյանի անունից շնորհակալություն հայտնեց գործընկեր կազմակերպություններին համաժողովը կազմակերպելու և միջոցառման մասնակիցներին՝ իրենց ներկայությամբ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և իրագործման պատասխանատու հարցում ներդրում ունենալու համար: «Ինչպես նկատել եք, կոռուպցիան արմատախիլ անելու վճռականությունը ցայտուն կերպով արտացոլված է նաև կառավարության ծրագրում և կոռուպցիայի դեմ պայքարը համակարգված ուղով տանելու նպատակով, կարևորվում է ռազմավարական և ինստիտուցիոնալ քայլերի զուգակցումը: Վերոգրյալի համատեքստում չափազանց կարևորում եմ նման համաժողովների կազմակերպումը և իրականացումը, քանզի սա լրացուցիչ հարթակ է ականջալուր լինելու քաղաքացիական հասարակության առաջարկություններին և մտահոգություններին, միջազգային մասնագետների կողմից ներկայացված փորձին, պետական մարմինների ներկայացուցիչների կարծիքներին»-նշեց է Տիգրան Խաչիկյանը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը իր խոսքում նշեց, որ նախորդ տարվա
ընթացքում Հայաստանում կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները աննախադեպ են Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության կտրվածքով: «Դժվար է գերագնահատել համաժողովի նշանակությունը, ինչը պայմանավորված է
այն հանգամանքով, որ պետական համակարգ-քաղհասարակություն
ձևաչափով, միջազգային փորձագետների ներգրավմամբ, քննարկման առարկա է
դարձվում Հայաստանի Հանրապետության, իբրև սոցիալական, իրավական և
ժողովրդավարական երկրի զարգացման համար անկյունաքարային նշանակություն
ունեցող հակակոռուպցիոն մշակվող ռազմավարության առաջնահերթությունները, այդ
չարիքի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու խնդիրը: Իրավապահ
համակարգը և մասնավորապես ՀՀ դատախազությունն այստեղ ունի առաջնային
դերակատարում և առաքելություն»,-ասաց դատախազը:

ՄԱԶԾ Հայաստան, մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասիի խոսքով, ողջունելի է նման համաժողովի անցկացումը, որի ժամանակ փորձագիտական երկար ճանապարհ անցած մասնագետները կկարողանան կիսվել իրենց փորձով:
«Այժմ Հայաստանում արագ միջակություններից պետք է անցնել հեռանկարային մտածելակերպին. առ այն, թե ինչպիսին պետք է լինի հակակոռուպցիոն ռազմավարությունը, ինչպիսի ինստիտուցիոնալ կառույցներ պետք է լինեն և ընդհանրապես հասարակությունում ինչ փոփոխություններ պետք է տեղի ունենա, որպեսզի կոռուպցիան նվազի: Մենք չենք ասում արմատախիլ անել, որովհետև չկա մի երկիր աշխարհում, որտեղ կոռուպցիոն արմատախիլ արված լինի»,-նշեց նա:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը համաժողովի կազմակերպիչների անունից շնորհակալություն հայտնեց տարբեր երկրներից և Հայաստանից ժամանած հյուրերին՝ միջոցառման մասնակցության համար: «Միջոցառումը շատ կարևոր է, քանի որ քննարկվելու է հակակոռուպցիոն ռազմավարությունը: Ունենք կարևորագույն խնդիրներ՝ կապված ինստիտուցիոնալ հակակոռուպցիոն համակարգի, ակտիվների վերադարձի, հակակոռուպցիոն կրթության, կոռուպցիայի կանխարգելման և իրավապահ գործունեության հետ կապված»,-ասաց Կարեն Զադոյանը:

Համաժողովին ներկա էին միջազգային փորձագետեր՝ ՄԱԶԾ Հայաստան, մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասին, Սինգապուրում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հանրային ծառայության արդյունավետության բարելավման գլոբալ կենտրոնի «Կոռուպցիայի դեմ պայքարը խաղաղության և ներառական հասարակությունների համար» ծրագրի ղեկավար Աիդա Արությունովան, ՄԱԶԾ Գլոբալ ծրագրի հակակոռուպցիոն խորհրդական Անգա Թիմիլսինան, Համաշխարհային բանկ / ՄԱԹՀՊԳ գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության (StAR) համակարգողի տեղակալ Շերվին Մաջլեսսին, Լատվիայի հակակոռուպցիոն մարմնի (KNAB) նախկին ղեկավար Յարոսլավս Ստրելչենոկսը, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հաղորդումների ծրագիր (OCCRP-Կովկաս), տարածաշրջանային խմբագիր Դեյվիդ Բլոսսը, ՄԱԹՀՊԳ հակակոռուպցիոն կրթության փորձագետ, Հակակոռուպցիոն ակադեմիական նախաձեռնության ներկայացուցիչ Ալեքս Պետկովը և այլք:
Նրանք զեկույցներ ներկայացրին հակակոռուպցիոն ռազմավարության, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմնի, կոռուպցիայի կանխարգելման և հակակոռուպցիոն կրթության ոլորտում:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։
Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել 9 ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք ուղղված են հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: Ծրագրի շրջանակներում փոքր դրամաշնորհներ են տրամադրվել նաև 29 ՔՀԿ-ների։