Կայացավ 2019-2022 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագծերի վերաբերյալ հանրային ամփոփիչ քննարկումը

Օգոստոսի 1-ին, Երևանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությամբ անցկացվեց Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրի նախագծերի վերաբերյալ հանրային քննարկում:

Այն կազմակերպվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) և Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի կողմից իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրերի շրջանակներում:

Այս հանդիպմամբ ամփոփվելու է քաղաքացիական հասարակության մասնագիտացված կազմակերպություների, խմբերի, տեղական ինքնակառավարման մարմնինների հետ կայացած քննարկումների շարքը: Քննարկմանը՝ բացման իր խոսքում նշեց ԿԵՀ ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:

«Մենք՝ որպես քաղաքացիական հասարակության կազմակերպություններ համախմբող կոալիցիա, առաջարկել ենք կոռուպցիայի դեմ պայքարի հայկական մոդել, որովհետև, գտնում ենք, որ միջազգային փորձը շատ լավ է դասեր քաղելու համար, որպեսզի ձախողված օրինակները չկրկնենք իսկ հաջողված փորձերը տեղայնացնենք: Առաջին օղակում այն բաղկացած է մի մարմնից, որը մենք անվանում ենք ունիվերսալ մարմին, որում են հակակոռուպցիոն 3 բաղադրիչները՝ հակակառուպցիոն կրթությունը, կոռուպցիայի կանխարգելումը և պատժի անխուսափելիության ապահովումը: Երկրորդ օղակում դատախազության մասնագիտացված մարմինն է: Երրորդ օղակը դատական համակարգն է. մենք գտնում ենք, որ պետք է լինեն մասնագիտացված դատարաններ, քանի որ հիմա դատական համակարգի նկատմամբ անվստահություն կա»,- ներկայացնելով ռազմավարության կարևոր բաղադրիչները՝ ասաց Կարեն Զադոյանը:

Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես եկավ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ շնորհակալություն հայտնելով քաղհասարակության այն կառույցներին, որոնք նախարարության հետ համատեղ քննարկումներ կազմակերպեցին: «Սա չի լինելու քարացած փաստաթուղթ և ենթակա է անընդհատ փոփոխման, այսինքն, եթե տեսնենք, որ մի քանի ամիս անց ինչ-որ մի բան չենք նախատեսել, կամ չհասցնենք ֆինանսական գնահատականը ամբողջ խորությամբ տալ՝ կարող ենք դա վերանայել և փոփոխել, իհարկե չհաշված կոնցեպտուալ հարցերը»,-նշեց նախարարը՝ շեշտելով, թե ինչով է այս ռամավարությունը տարբերվելու նախորդներից:

«Հանրային խորհուրդը իր ստեղծման առաջին օրվանից հակակոռուպցիոն պայքարի  քաղհասարակության կառույցների և փորձագետների կողքին է և այսուհետ պատրաստ է իր հարթակը տրամադրել նման քննարկումների, նախագծերի մշակման, վերմշակման, առաջարկությունների ձևավորման նպատակով»,-ողջույնի իր խոսքում ասաց  Հանրային խորրդի անդամ Հովհաննես Հեվհաննիսյանը:

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը քննարկման մասնակիցներին ներկայացրեց Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ. միջոցառումների ծրագրի նախագծերը:

Հավելենք, որ մինչ այս նմանատիպ քննարկումներ են եղել Գյումրիում, Գավառում, Վանաձորում և Արմավիրում: