Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հայտարարում է 5-րդ հոսքի` 2020 թվականի ընդունելություն

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցին կարող են դիմել կոռուպցիայի դեմ պայքարով և բարեխղճության սկզբունքների տարածման, հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման, Հայաստանում հակակոռուպցիոն միջավայրի ու մշակույթի փոփոխման հիմնախնդիրներով հետաքրքրված Հայաստանի բուհերի իրավաբանական, կառավարման, տնտեսագիտական և այլ ֆակուլտետների 3-րդ և բարձր կուրսերում սովորող ուսանողները, ինչպես նաև նույն ֆակուլտետների մինչև 30 տարեկան շրջանավարտները:                                                                                                               

Դպրոցում սովորելու ընթացքում մասնակիցները կունկնդրեն հակակոռուպցիոն թեմատիկ դասախոսություններ, կայցելեն տարբեր պետական մարմիններ, հասարակական, միջազգային և բիզնես կազմակերպություններ՝ տեղում ծանոթանալու նշված մարմինների հակակոռուպցիոն գործունեությանը և բարեխղճության սկզբունքների կիրառմանը: Դպրոցում կդասավանդեն ոլորտի հայտնի փորձագետներ` Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի ղեկավարությամբ, ինչպես նաև պատկան մարմինների ներկայացուցիչներ և ոլորտի այլ դերակատարներ: Դպրոցի ունկնդիրները հնարավորություն կունենան դիտելու թեմատիկ ֆիլմեր, իրականացնելու գործնական աշխատանքներ և ուսումնասիրություններ, ինչպես նաև անհատական հետազոտություններ, որոնք Դպրոցի օժանդակությամբ կտարածվեն, կհրապարակվեն և կներկայացվեն հանրային քննարկումների։ Դպրոցի ավարտական փուլում ունկնդիրները հնարավորություն կստանան իրենց կողմից ստացված հակակոռուպցիոն գիտելիքները տարածել երիտասարդների շրջանում` հանրային իրազեկության սեմինարների միջոցով:

Ցանկացողները պետք է լրացնեն անհրաժեշտ ձևաթուղթը՝ մինչև 2020թ.-ի փետրվարի 20-ը՝ ժամը 23։59-ը (նշված ժամկետից ուշ ուղարկված հայտերը չեն դիտարկվի): Ունկնդիրների ընտրությունը տեղի է ունենալու մրցութային կարգով՝ հիմնվելով ներկայացված հայտերի վրա։ Միայն երկրորդ՝ բանավոր փուլ անցածները, կարող են հավակնել սովորելու Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում: Երկրորդ փուլը անցկացվելու է բանավոր, հարցազրույցի տեսքով:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը անցկացվելու է 2020 թվականի մարտի 3-ից մինչև մայիսի վերջ (անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները ենթակա են փոփոխության) Երևանում: Դասերը անցկացվելու են շաբաթական երկու անգամ, հիմնականում օրվա երկրորդ կեսին՝ հաշվի առնելով ունկնդիրների ուսումնական և աշխատանքային գրաֆիկը: Անհրաժեշտության դեպքում կազմակերպիչները կտրամադրեն տեղեկանք՝ ուսման և/կամ աշխատանքի վայր ներկայացնելու համար:

            Դպրոցում սովորելը անվճար է։

Կազմակերպիչները հոգում են մասնակիցների՝

1.Սուրճ/թեյի ընդմիջումները,          
2. Դասընթացների հետ կապված նյութերը:

 

            Մրցույթն անցած մասնակիցներից, անհրաժեշտության դեպքում, կազմակերպիչները կարող են պահանջել լրացուցիչ փաստաթղթեր: Մասնակիցների թիվը սահմանափակ է՝ մինչև 10 հոգի:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 010 54-01-99:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը:

Առաջարկում ենք ծանոթանալ նաև մեր Դպրոցի և շրջանավարտների մասին պատմող նյութերին հետևյալ հղումներով՝