Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված իրավասությունը լեգիտիմության ողջամիտ կասկած է առաջացնում․ Սյուզաննա Սողոմոնյան

Ազգային ժողովում փետրվարի 25-ին տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝  «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ։

Ելույթ ունեցավ նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը, ով ներկայացրեց կառույցի դիրքորոշումը։ 

«Նախագծի համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ԱԺ նախագահը ձևավորում է մրցութային խորհուրդ՝ բացառությամբ Հանձնաժողովի առաջին կազմի անդամներին նշանակման դեպքերի։ 

Խորհուրդը կազմված է լինելու Կառավարության, ԱԺ, ԲԴԽ, ՄԻՊ և փաստաբանների պալատի կողմից նշանակված մեկական անդամներից։ Ըստ էության կառավարող քաղաքական իշխանությունը վերադառնում է նախորդ կարգավորմանը, որոշակի բացառությամբ, այն է. փոխարինելով Հանրային Խորհրդին Կառավարությամբ, իսկ ՍԴ-ին՝ ԲԴԽ-ով: Իհարկե ողջունելի է, որ կառավարող քաղաքական իշխանությունը ականջալուր եղավ մասնագիտական քաղհասարակության (այն է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի) ու միջազգային կառույցների առաջարկներին, և հետ վերադարձրեց այս դրույթը, բայց ցավալի է որ այս նույն  իրավակարգավորումը չի որդեգրել Հանձնաժողովի կազմավորման հենց սկզբնական փուլից և Կոռուպցիայի կանխարգելման ներկայիս հանձնաժողովը ձևավորվել է բացառապես քաղաքական պայմանավորվածության արդյունքում՝ առանց ապահովելու դրա ինստիտուցիոնալանկախությունը։ Այն ինչ Հանձնաժողովը մասնագիտացված կառույց է, և դրա նշանակումները պետք է լինեն բացառապես մասնագիտական տիրույթում, այլ ոչ թե` քաղաքական։ Այս կապակցությամբ, գտնում եմ, որ Հանձնաժողովի առաջին կազմի ձևավորումը ոչ մրցութային, քաղաքական պայմանավորվածությունների միջոցով խիստ խոցելի է, ինչպես նաև նախապես ԱԺ կողմից չստուգելով Հանձնաժողովի բոլոր անդամների բարեվարքությունը, լեգիտիմության ողջամիտ կասկած է առաջացնում ներկայումս Հանձնաժողովին վերապահված այլոց բարեվարքությունը ստուգելու կարևորագույն իրավասության հարցում։  

Կառավարող քաղաքական իշխանության այն հիմնավորումը որ Հանձնաժողովի անդամների առանց մրցույթի քաղաքական նշանակումները բխում էին հանրային գերակա շահից և ժամանակի սղությունից, փաստարկված չէ և հիմնազուրկ է, քանի որ ԱԺ յոթերորդ գումարման կազմի ձևավորումից շուրջ մեկ տարի Մրցութային խորհուրդը ի վիճակի չի եղել իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները, քանի որ ԱԺ-ի իրավասու մարմինները ցուցաբերել են անգործություն` չնախաձեռնելով մրցութային խորհրդի աշխատանքների կազմակերպումը, որի համար ի պաշտոնե պատասխանատու էին։ Իսկ այն հիմնավորումները, թե Հանձնաժողովի գործառնական անկախությունը ապահովված է օրենսդրական երաշխիքներով, պետք է նշել, որ դրանք ընդամենը ոչ փաստարկված դիրքորոշումներ են, որոնց  իսկությունը հնարավոր կլինի ստուգել, երբ Հանձնաժողովը, օրինակ, իր անդամներից որևէ մեկի քաղաքական նշանակումն կատարած կառույցի ղեկավար պաշտոնյայի նկատմամբ կհարուցի վարույթ և տվյալ անդամը իր վարքագծով ու քվերակությամբ կապացուցի իր, որպես Հանձնաժողովի անդամի գործառնական անկախության աստիճանը։

Մինչդեռ Հանձնաժողովի անդամների քաղաքական նշանակումներով պայմանավորված բացասական հետևանքները արդեն առկա են, ինչին ականատես եղանք բոլորովին վերջերս. ինչը ԻՄ քայլի կողմից առաջադրված Հանձնաժողովի անդամի հրաժարականն էր պաշտոնից` հանձնաժողովի կողմից գումարած առաջին նիստի ընթացքում, ինչպես նաև Գրեկո-ի գնահատականը` Հանձնաժողովի ձևավորվամ քաղաքական գործընթացին։ Վերջինս 2019 թվականի դեկտեմբերին հրապարակված Հայաստանին ուղղված հաշվետվությամբ մտահոգությունն է հայտնել, նշելով որ Հանձնաժողովի անդամների նշանակման գործընթացը զգալի քաղաքականացված էր և չէր ապահովվել քաղհասարակության մասնակցությունը։

Շնորհակալություն ուշադրության համար, խնդրում եմ ընդունել վերոնշյալը որպես առողջ քննադատություն և մտահոգություն մի կառույցի կողմից, ով կանգնած է եղել Հայաստանում հակակոռուպցիոն ինտիտուցիոնալ համակարգի ստեղծման ակունքներում և շարունակում է իր փորձագիտական-ջատագովման աշխատանքները հակակոռուպցիոն ոլորտի հանրային քաղաքկանությունների մշակման ու բարելավման հարցերում»,-իր ելույթում նշել է Սյուզաննա Սողոմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: