Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցը ներկայացրել է գնումների ոլորտի բարեփոխումներին ուղղված առաջարկություններ

2017-2019թթ. իրականացվող ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում նախորդ տարի հիմնվեց Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցը, որը համախմբեց և մեկտեղեց ոլորտային կոալիցիաների ջանքերը։ Այսպես, Ցանցի շրջանակներում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Հայկական բիզնես կոալիցիայի կողմից հավաքագրվել և կազմվել է առաջարկությունների փաթեթ, որը ուղարկվել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։

Մասնավորապես, առաջարկությունները ուղղված են «Գնումների մասին» ՀՀ օրենքում, գնումների ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերում առկա օրենսդրական և իրավակիրառ խնդիրների լուծմանը։ Առաջարկված լուծումներով անդրադարձ է կատարվել այնպիսի համակարգային խնդիրների, ինչպիսիք են գնման գործընթացների՝ էլեկտրոնային եղանակների անցումը, ՓՄՁ-ների համար ստեղծված ոչ բարենպաստ և խտրական պայմանների վերացումը, գնումների համակարգում մասնակիցների վարկանիշային համակարգի ներդնելը, գնումների ոլորտում հաճախակի տեղի ունեցող օրենսդրական փոփոխությունները և այլ բարեփոխումների իրականացմանն առնչվող հարցեր։