ԻՀԱ հակակոռուպցիոն առաջարկը պետական գնումների ոլորտում ընդունվել է

ՀՀ կառավարության 28/10/2019թ. թիվ 1716-Լ որոշմամբ հաստատված պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության գործողությունների ծրագրով որպես միջոցառում սահմանվել է գնումների պլանավորման համակարգի կատարելագործումը՝ ապահովելով մարմինների միանման կարիքների բավարարումը միևնույն բնութագրեր ունեցող գնման առարկաներով և նույն նախահաշվային գներով:

ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ նշված միջոցառման կատարման շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարությունը նախատեսվում է մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել գործընթացը կարգավորող իրավական ակտի նախագիծ:

Այս կապակցությամբ հայտնում ենք, որ այս առաջարկն ընդունվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից հետևողականորեն իրականացված ջատագովական գործունեության արդյունքում։ Մասնավորապես, կազմակերպության կողմից գործարկվող Բիզպաշտպան ազդարարման հարթակի կողմից բազմիցս ստացվել են ազդարարումներ առ այն, որ մի շարք պետական պատվիրատուներ գնման առարկայի բնութագրերը ձևավորում են կոնկրետ ընկերությունների համար՝ վերջիններիս հաղթանակն ապահովելու նպատակով, որի արդյունքում պայմանագրերը մշտապես կնքվում են նույն ընկերության հետ։ 

 

Ուստի առաջարկվել է իրավասու մարմնին սահմանել որոշակի խումբ ապրանքների՝ գնման առարկայի բնութագրերի համար որոշակի նվազագույն չափանիշների (ուղեցույց), որը կբացառի երկակի մեկնաբանությունները տվյալ առարկայի բնութագրի մասով։

Առաջարկի քննարկման նպատակով ԻՀԱ ներկայացուցիչները բազմիցս հանդիպել են ՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի հետ։

Հավելենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը, կարևորելով ինչպես քաղաքացիական հասարակության, այնպես էլ տնտեսավարող սուբյեկտների շահերը ներկայացնող հասարակական միավորների ներգրավվածությունը հիշյալ գործընթացին, մինչև 10/04/2020թ. հավաքագրում է էլ. փոստով և/կամ գրավոր եղանակով առաջարկություններ՝ դրանք քննարկելու և նախագծում ներառելու համար: