Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան դատապարտում է մայիսի 8-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը. հայտարարություն

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան դատապարտում է 2020 թվականի մայիսի 8-ին ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած միջադեպը: Հայաստանի Հանրապետությունում երկու տարի առաջ տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությամբ ազդարարվեց մեր երկրի զարգացման նոր փուլ, որտեղ առաջին տեղում պետք է լինեին մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, արժևորվեր խոսքի ազատությունը և դատապարտվեր բռնությունն ու ատելության խոսքը՝ դրա դրսևորման բոլոր ձևերով: Դրա հավաստիքն է հանդիսանում նաև ՀՀ կառավարության որդեգրած ու նրա կողմից ընդունված Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված 2020-2022 թվականների ռազմավարությունը:

Կոալիցիան վստահ է, որ բռնության ու ատելության կոչերն է՛լ ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում, երբ դրսևորվում են դրանց կանխարգելման համար գործուղված պաշտոնատար անձանց կողմից, տվյալ պարագայում՝ ԱԺ պատգամավորների կողմից: 

Կարծում ենք, որ ՀՀ քաղաքացիների կողմից ԱԺ գործուղված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները պետք է հանդուրժեն առողջ քննադատությունն ու առկա հարցերն ու խնդիրները լուծեն բացառապես կառուցողական երկխոսության և փոխզիջումների համատեքստում։

Կոալիցիան կոչ է անում.

ՀՀ Ազգային ժողովին՝ ձևավորել էթիկայի հանձնաժողով՝ քննելու մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպում ներգրավված բոլոր պատգամավորների կողմից դրսևորած վարքն ու նրանց կողմից էթիկայի կանոնները խախտելու փաստերը, և տեղի ունեցածին տալ օբյեկտիվ գնահատական։

 

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ

09.05.2020թ.