Հակակոռուպցիոն կրթությունը՝ դպրոցներում և բուհերում

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին հակակոռուպցիոն կրթությունը և կոռուպցիան կրթական համակարգում: Նյութը ներկայացրեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, փաստաբան, հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը:

Փորձագետի խոսքով՝ առկա է հանրակրթական և մասնագիտական կրթական հաստատությունների թափանցիկության, հաշվետվողականության և հանրային վերահսկողության ապահովման խնդիր:

Հանրակրթական և մասնագիտական կրթական հաստատություններում անհրաժեշտություն կա ներդնել հակակոռուպցիոն քաղաքականություն, որը կսահմանի՝

  1. վարքագծի կանոնակարգի մշակում և ներդնում,
  2. շահերի բախման ուղեցույցի, ներառյալ` շահերի բախման հայտարարագրի մշակում և ներդնում,
  3. ներքին մոնիթորինգի քաղաքականության մշակում և ներդնում,
  4. գնումների իրականացման քաղականության (տենդեր, բյուջե) մշակում և ներդնում,
  5. անանուն պարտադիր գնահատման թերթիկների համակարգի մշակում և ներդնում, որոնք հնարավորություն կընձեռնեն ուսուցանողներին ազատ և անկաշկանդ գնահատել իրենց դասավանդած մասնագետներին, այնուհետև վերլուծել տվյալ գնահատման թերթիկները և ձեռնարկել համապատասխան քայլեր կրթության որակը բարձրացնելու, բարեխիղճ և բանիմաց մասնագետներով ապահովելու համար: Այս մեխանիզմը արդեն իսկ գործում է որոշ բարձրագույն ուսումնական հաստատություններում, սակայն անհրաժեշտ է այն համընդհանուր և պարտադիր դարձնել։

«Անհրաժեշտ է նախատեսել նաև աշակերտների տարիքին համապատասխան հակակոռուպցիոն կրթական դասաժամեր, հրավիրել ոլորտային փորձագետների` հակակոռուպցիոն պայքարի հաջողված օրինակներ և հակակոռուպցիոն պայքարի առաջնորդների կենսագրություններ ներկայացնելու նպատակով: Հայաստանի համար ուսուցանելի կարող է լինել Լիտվայի փորձը, որտեղ դպրոցների համար հետաքրքիր ուսումնական նյութեր են մշակվել, ինչպես նաև Հոնգ Կոնգի և Սինգապուրի որդեգրած համակողմանի մոտեցումները»,-նշեց Մարատ Ատովմյանը:

Փորձագետը նշեց նաև, որ առկա են կոռուպցիոն ռիսկեր հետբուհական համակարգում, մասնավորապես ասպիրանտուրա ընդունվելու, գիտական ղեկավար ունենալու և այլ գործընթացներում: 

Հիմնական խնդիրներից մեկը նեպոտիզմն է: Ընդունվելիս գիտական ռեֆերատի դրական կամ բացասական գրախոսական տալու հետ կապված չափանիշներ սահմանված չեն: 

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է  Իրավաբան.net  անկախ մասնագիտական լրատվական կայքը: