Կարեն Զադոյանն Ազգային ժողովում ներկայացրեց Հայաստանում անցումային արդարադատություն իրականացնելու հնարավորությունները
Իրավաբաններ հայակական ասոցիացիան 2018 թվականի օգոստոսի 17-ի ՀՀ վարչապետի ելույթից հետո, երբ նա հնչեցրեց, որ Հայաստանում հնարավոր է ներդրվեն անցումային արդարադատության որոշ գործիքներ, նախաձեռնեց մի գործընթաց, որով երկու կարևոր խնդիրներ փորձ արվեց լուծել: Դրանցից առաջինը անցումային արդարադատության մեխանիզմների կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում զեկույցի պատրաստելն էր, երկրորդը՝ ազգային փորձագետների մասնակցությամբ անցումային արդարադատության մեխանիզմների կիրառմանն ուղղված փորձագիտական համաժողովի կազմակերպումն էր:
Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, Ազգային ժողովում «Անցումային արդարադատության մեխանիզմների կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում` միջազգային փորձի լույսի ներքո» զեկույցը ներկայացնելիս ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:
Նա նշեց, որ զեկույցը մշակվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում և շուրջ երկու ամիս առաջ հրապարկվել է, որը ներկայացվել է նաև ՀՀ վարչապետին և ԱԺ նախագահին:
«Զեկույցի հիմնական նպատակն էր ներկայացնել անցումային արդարադատությունը, րա կիրառելիության հնարավորությունը Հայաստանի Հանրապետությունում, առկա միջզգային փորձը, կիրառված գործիքները, մեխանիզմները և ինստիտուտները, ինչպես նաև համեմատական և վերլուծական եղանակով վեր հանելու Հայաստանում անցումային արդարադատության իրականացման դեպքում նվազագույն ռիսկերով կիրառելի արդյունավետ մոդելը»,-ասաց նա:
Կարեն Զադոյանի խոսքով, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անցումային արդարադատությունը ձախողվում է այն երկրներում, եթե չի եղել անցումային արդարադատության համակարգ ձևավորելու վերաբերյալ ակնհայտ և անկեղծ պատրաստակամություն, առանց այդ գործընթացում բոլոր շահագրգիռ դերակատարների ներգրավում, ինչպես նաև այդ գործընթաց և կիրառելիք բոլոր մեխանիզմների մասին հանրային լայն իրազեկումը:
Սրանց բացակայության դեպքում հնարավոր է չստանալ այն արդյունքը, որը սպասվում է:
Նա նաև նշեց, որ ուսումնասիրվել է շուրջ 35 երկրի փորձ: «Անցումային արդարադատության հիմնական գործիքները 4-ն են՝ քրեական արդարադատության իրականացում, ճշմարտության որոնում, փոխհատուցման ծրագրեր և համակարգային ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Ուսումնաիրվել է իրավական, սոցիալական, տնտեսական, քաղաքական համատեքստը: Ուսումնասիրվել են այս 4 ուղղություններով միջազգային զեկույցները, որում գնահատվել են Հայաստանին վերաբերող հատվածներն ու կոնկրետ զեկույցների հղումով դրել ենք, թե ինչու պետք է Հայաստանում իրականանա անցումային արդարադատությունը»,-նշեց Կարեն Զադոյանը:
ԻՀԱ նախագահը ներկայացրեց ՀՀ-ում անցումային արդարադատության հնարավոր կիրառմանն ուղղված առաջարկությունները.
«Հայաստանի Հանրապետությունում անցումային արդարադատության իրականացման դեպքում այն պետք է բխի Հայաստանի ներպետական միջավայրից: Անցումային արդարադատությունը Սահմանադրությամբ սահմանված նպատակներին հասնելու միջոց է,
որին հնարավոր չէ հասնել այլ կոնվենցիոնալ համակարգերի միջոցով, և դրա կիրառման շրջանակները պետք է հստակ ուրվագծվեն Սահմանադրության ընձեռած հնարավորությունների և երկրի կոնվեցիոն պարտավորությունների շրջանակներում: Անցումային արդարադատության մեխանիզմների կիրառելիության ժամանակ անհրաժեշտ է ՄԻԵԴ խորհրդատվություններից
ակտիվորեն օգտվելու պրակտիկա ձևավորել:
Մենք գտնում ենք, որ անցումային արդարադատության կիրառման ժամանակահատված անհրաժեշտ է սահմանել 1991-2018թթ.-ը` մինչև թավշյա հեղափոխությունը ընկած ժամանակահատվածը:
Անցումային արդարադատության կիրառման ենթակա գործերի շրջանակում անհրաժեշտ է ներառել
- հասարակությունից և պետությունից թալանված գումարների վերաբերյալ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, այդ թվում գերակա հանրային շահի պատճառաբանությամբ հասարակության և պետության կարիքների համար անձանց սեփականության օտարման վերաբերյալ,
- համապետական ընտրություններում և հանրաքվեներում տեղ գտած զանգվածային ընտրախախտումների վերաբերյալ գործերը, դրանից ածանցյալ գործերը. oրինակ` 2008թ.-ի մարտի 1-ի վերաբերյալ,
- կյանքի իրավունքի, խոշտանգումներից զերծ լինելու իրավունքի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ գործերը»,-նշեց նա:
Կարեն Զադոյանը խոսեց նաև անցումային արդարադատության կիրառման մեխանիզմներից՝ նշելով
- մասնագիտացված դատարանների ստեղծման հնարավորության մասին,
- կոռուպցիոն հանցագորությունների հետևանքով ապօրինի հարստացածներին՝ առաջնորդվելով և՛ իրավական, և՛ քաղաքական գործընթացներով օրենքի ընդունման միջոցով կապիտալի ամնիստիա (մեղքի ընդունման գործարք) կիրառելու և ներպետական մակարդակում գործարք առաջարկելու հարցի մասին,
- քրեական գործերի վերանայման և նոր քրեական գործերի հարուցման իրավական հիմքերի մասին,
- անցումային արդարադատության մեխանիզմները ներդնելուց հետո քննարկման առարկա դարձնել անցումային արդարադատության շրջանակներում դատապարտված նախկին հանրային իշխանության ներկայացուցիչների նկատմամբ համաներում տարածելու վերաբերյալ հարցի մասին:
Ճշմարտության որոնման գործընթացի մասին խոսելից Կարեն Զադոյանն ասաց, որ առաջարկվում է ընդունել «Ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենք: Ճշմարտության որոնման գործընթացներն օգնում են հավաքագրել փաստեր և դրանց միջոցով օժանդակել իրավապահ մարմիններին հետաքննել նախկինում կատարված հանցագործությունները և բացահայտել նախկինում կատարված հանցագործությունների վերաբերյալ պատմական ճշմարտությունը։ Ճշմարտության որոնման գործընթացը հիմնականում իրականացվում է ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովների կողմից՝ որպես վերականգնողական արդարադատության եղանակ։
Խոսելով փոխհատուցման ծրագրերի գործընթացի մասին՝ Կարեն Զադոյանը նշեց. «Փոխհատուցման ծրագրերը պետք է ներառեն նախնական վիճակի վերականգնում, կոմպենսացիա, ռեաբիլիտացիա, սատիսֆակցիա, կրկնման բացառման երաշխիքների տրամադրում»:
Նախնական վիճակի վերականգնման օրինակներից են՝ անձնական ազատության իրավունքի վերականգնումը, մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի և բարի համբավի անձեռնմխելիության, քաղաքացիության իրավունքի և այլ իրավունքների վերականգնումը, սեփական բնակության վայր վերադառնալը, աշխատանքում վերականգնվելը, գույքի վերադարձը և այլն: Կարևոր է նաև պետությունից գողացված ակտիվների վերականգնումը և դրանց օգտագործումը հանրօգուտ նպատակներով՝ սոցիալական, կրթական, առողջապահական և այլ ոլորտներում՝ հատուկ այդ նպատակով պետության կողմից ստեղծված հիմնադրամների միջոցով:
ԻՀԱ նախագահը նաև նշեց համակարգային բարեփոխումների՝ մասնավորապես վեթթինգի և լյուստրացիայի մասին: