Կանոնակարգ

Հաստատված է

 Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի 8-րդ համաժողովի կողմից

 08 դեկտեմբերի, 2023թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

(Նոր խմբագրությամբ) 

 ԵՐԵՎԱՆ – 08 դեկտեմբերի, 2023թ.

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետև` Կոալիցիա) ձևավորվել և գործում է հակակոռուպցիոն արժեքների ընդհանրության, կամավորության, հավասարության, ինքնուրույնության, բարեխղճության և կառավարման կոլեգիալության սկզբունքների հիման վրա:

1.2. Կոալիցիան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ոչ ֆորմալ կազմավորում է և գործում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը, ինչպես նաև 2014 թվականի նոյեմբերի 28-ին կայացած Կոալիցիայի անդամ կազմակերպությունների հիմնադիր ժողովի ժամանակ ընդունված Հռչակագրին և սույն կանոնակարգին համապատասխան:

1.3. Կոալիցիայի անվանումն է.

  • հայերեն՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիա, կրճատ՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա, հապավումը՝  ՀՔՀԿ:
  • ռուսերեն՝ Антикоррупционная коалиция организаций гражданского общества Армении, կրճատ՝ Антикоррупционная коалиция ОГО Армении, հապավումը՝ АКОА.
  • անգլերեն՝ Anti-Corruption Coalition of Civil Society Organizations of Armenia, կրճատ՝ CSO Anti-Corruption Coalition of Armenia, հապավումը՝

1.4. Կոալիցիան ունի խորհրդանիշ, որն իրենից ներկայացնում է կարմիր գույնով պատկերված ձեռք՝ մոխրագույն կետով: Կարմիր ձեռքը խորհրդանշում է կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականությունն ու կոռուպցիայի դեմ պայքարը, խորհրդանիշի պատկերում կոռուպցիան արտահայտվում է մոխրագույն կետով: Ձեռքի կողքը մոխրագույնով գրված է.

  • հայերեն՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա,
  • անգլերեն՝ CSO Anti-Corruption Coalition of Armenia:

Խորհրդանիշի պատկերը կցվում է սույն կանոնակարգին:

1.5. Կոալիցիան կարող է իր նպատակներից և խնդիրներից բխող առաջարկություններ ներկայացնել ՀՀ պետական կառավարման, տեղական ինքնակառավաման, սահմանադրական անկախ մարմիններին, դատական մարմիններին, այլ իրավաբանական անձանց:

1.6. Կոալիցիան կարող է համագործակցել ինչպես ՀՀ պետական և ոչ պետական մարմինների, արտասահմանյան, միջազգային և տեղական կազմակերպությունների, այնպես էլ՝ անհատ անձանց հետ:

1.7. Կոալիցիան կարող է ունենալ միջազգային կապեր, անդամակցել միջազգային ոչ կառավարական և ոչ առևտրային կազմակերպությունների ցանցերի, կնքել հուշագրեր և համաձայնագրեր օտարերկրյա, միջազգային, տեղական կազմակերպությունների և պետական մարմինների հետ:

1.8. Կոալիցիայի քարտուղարության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Նալբանդյան փողոց, շենք 7, գրասենյակային տարածք 2:

                                                    

2. ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

2.1. Կոալիցիայի նպատակներն են.

ա) Բարձրացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետև` ՔՀԿ-ներ) կողմից կառավարության հակակոռուպցիոն բարեփոխումների նկատմամբ հանրային վերահսկողության արդյունավետությունը:

բ) Նպաստել կոռուպցիայի վերացմանն ուղղված արդյունավետ քաղաքականությունների և կառուցակարգերի ներդրմանն ու զարգացմանը, նպաստել բարեխիղճ` թափանցիկ, հաշվետու, արհեստավարժ կառավարման համակարգի զարգացմանը:

գ) Նպաստել հասարակության մեջ կոռուպցիայի` որպես հասարակության սպառնալիքի ընկալման ձևավորմանն և արմատավորմանը, կոռուպցիայի նկատմամբ հասարակության անհանդուրժողականության ընկալման, քամահրանքի միջավայրի և հասարակության շրջանում ազնիվ կառավարման պահանջարկի ձևավորմանը և հասարակության իրազեկության մակարդակի բարձրացմանը:

դ) Ամրապնդել մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու և հակակոռուպցիոն գործունեության իրականացման հետ կապված ՔՀԿ-ների կարողությունները:

2.2. Կոալիցիայի խնդիրներն են.

ա) Իրականացնել հանրային վերահսկողության ծրագրեր իշխանության օրենսդիր, դատական, գործադիր ճյուղերում, ՏԻՄ-երում, այդ թվում հանրային ծառայությունների մատուցման, պետական պահուստների և պետական գնումների իրականացման ոլորտներում, դրանց արդյունքները հանրայնացնել և արդյունքներից բխող առաջարկություններ ներկայացնել պատկան մարմիններին:

բ) Զարգացնել ՔՀԿ-Կառավարություն հակակոռուպցիոն հարթակը` Հայաստանում հակակոռուպցիոն կազմակերպական կառուցակարգերի, այդ թվում ապօրինի հարստացման քրեականացման, Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմնի (ների) ստեղծման և զարգացման, ազդարարման համակարգի և ազդարարների իրավունքների պաշտպանության, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության, իրական սեփականատերերի և մի շարք այլ կառուցակարգերի ու քաղաքականությունների ներդրման նպատակով:

գ) Մշակել և իրականացնել հակակոռուպցիոն կրթական ծրագրեր՝ ուղղված հասարակության հակակոռուպցիոն ընկալման և իրազեկության մակարդակի բարձրացմանը, հակակոռուպցիոն պայքարում հասարակության մասնակցությանը և կոռուպցիայի զոհերի իրավունքների պաշտպանությանը:

դ) Իրականացել հակակոռուպցիոն և բարեխղճության ծրագրեր բիզնեսի, հանրային ծառայության ոլորտներում:

ե) ՔՀԿ-ների մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու և հակակոռուպցիոն գործունեության իրականացման հետ կապված կարողությունները ամրապնդելու նպատակով կազմակերպել սեմինարներ, ուսուցումներ և այլ միջոցառումներ:

զ) Զարգացնել Կոալիցիայի անդամ կազմակերպությունների միջև համագործակցությունը:

է) Համագործակցել ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի կոալիցիայի և ոլորտային այլ կազմակերպությունների հետ:

ը) Մասնակցել հակակոռուպցիոն օրենքների նախագծման և փորձաքննության աշխատանքներին:

թ) Կազմակերպել համաժողովներ, աշխատաժողովներ, դպրոցներ, սեմինարներ, կլոր սեղաններ, դասընթացներ, հանդիպումներ, քննարկումներ, մրցանակաբաշխություններ, իրականացնել հակակոռուպցիոն ոլորտի զարգացմանն ուղղված այլ աշխատանքներ:

 

3. ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կոալիցիայի անդամ կարող են լինել քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունները, ներառյալ հասարակական շարժումները, նախաձեռնությունները, բիզնես և ՏԻՄ ասոցիացիաները, լրատվական միջոցները, որոնք միացել են Կոալիցիայի Հռչակագրին, ընդունում են սույն Կանոնակարգը, իրենց գործունեությամբ նպաստում են Կոալիցիայի նպատակների իրագործմանը և կատարում են կամավոր ֆինանսական աջակցության վճարներ Կոալիցիայի քարտուղարության գործունեության ապահովման նպատակով:

3.1. Գրավոր դիմումի համաձայն Կոալիցիայի անդամի ընդունելության մասին որոշումը կայացվում է Կոալիցիայի կառավարման խորհրդի կողմից` կառավարման խորհրդի առնվազն երկու անդամների երաշխավորմամբ:

3.2. Կոալիցիան վարում է իր անդամների հաշվառումը և պարբերաբար թարմացնում նրանց վերաբերյալ տվյալները: Կոալիցիայի անդամների հաշվառում վարելու կարգը և պայմանները սահմանվում է Կոալիցիայի կառավարման խորհրդի կողմից:

3.3. Կոալիցիայի անդամությունից դուրս գալը կատարվում է տվյալ անդամի գրավոր դիմումի կամ Կոալիցիայի կառավարման խորհրդի՝ տվյալ անդամին Կոալիցիայի անդամությունից հեռացնելու մասին որոշման հիման վրա՝ սույն կանոնակարգի 3.6 կետով սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

3.4. Կոալիցիայի անդամն իրավունք ունի՝

ա) իր ներկայացուցիչների միջոցով մասնակցել Կոալիցիայի կառավարմանը,

բ) Կոալիցիայի գործունեության վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ, դիտողություններ, գործնական ծրագրեր,

գ) ազատորեն արտահայտել սեփական տեսակետը,

դ) նախաձեռնել ծրագրեր՝ ուղղված Կոալիցիայի զարգացմանը,

ե) իրազեկ լինել Կոալիցիայի գործունեությանը,

զ) օգտվել Կոալիցիայի իրավական, տեխնիկական, տեղեկատվական և այլ աջակցությունից,

է) անարգել դուրս գալ Կոալիցիայի անդամությունից։

3.5. Կոալիցիայի անդամը պարտավոր է.

ա) բարձր պահել և տարածել հակակոռուպցիոն արժեքները,

բ) մասնակցել և աջակցել Կոալիցիայի գործունեությանը,

գ) նպաստել Կոալիցիայի զարգացմանը,

դ) Կոալիցիայի անդամներին տեղեկացնել տարբեր կազմակերպությունների կողմից հայտարարած հակակոռուպցիոն ոլորտի դրամաշնորհային մրցույթների մասին և Կոալիցիայի անունից կամ Կոալիցիայի հետ համագործակցության շրջանակներում այդ դրամաշնորհային մրցույթների մասնակցելու դեպքում, հնարավորության սահմաններում, կազմել Կոալիցիայի անդամ կազմակերպություններից կազմված կոնսորցիումներ,

ե)  Կոալիցիայի անդամներին տեղեկացնել տարբեր հակակոռուպցիոն դրամաշնորհային մրցույթներին իր մասնակցության մասին և նրանց հետ կիսվել արդյունքների մասին,

զ) առանց Կոալիցիայի իրավասու մարմնի կողմից տրված լիազորագրի հանդես չգալ Կոալիցիայի անունից,

է) գործել սույն կանոնակարգին համապատասխան, կատարել Կոալիցիայի կանոնակարգի պահանջները, Կոալիցիայի ղեկավար մարմինների որոշումները,

ը) կատարել կամավոր ֆինանսական աջակցության վճարներ՝ Կոալիցիայի քարտուղարության գործունեության ապահովման նպատակով:

3.6. Կոալիցիայի անդամի պատասխանատվությունը.

ա) Կոալիցիայի անդամը կրում է պատասխանատվություն սույն Կանոնակարգով սահմանված իր պարտավորությունների համար Կոալիցիայի կառավարման խորհրդի որոշմամբ կամ դրա ներկայացմամբ՝ Կոալիցիայի համաժողովի որոշմամբ,

բ)   Կոալիցիայի անդամի պատասխանատվության միջոցներն են.

  • Կոալիցիայի կողմից իրականացվող ծրագրերին, միջոցառումներին մասնակցության սահմանափակումը,
  • Կոալիցիայի գործունեության մասին տեղեկատվության ներկայացման սահմանափակումը,
  • Կոալիցիայի համաժողովին մասնակցության սահմանափակումը,
  • Կոալիցիայի Կառավարման խորհրդում ներկայացվածության սահմանափակումը,
  • Կոալիցիայի անդամությունից զրկումը:

գ) Կոալիցիայի անդամը պատասխանատվություն չի կրում Կոալիցիայի կամ դրա անդամ այլ կազմակերպությունների պարտավորությունների համար, ինչպես նաև Կոալիցիան պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար:

 

4. ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

4.1. Կոալիցիայի կառավարման կառուցվածքն է՝ համաժողովը, կառավարման խորհուրդը և քարտուղարությունը:

4.2. Կոալիցիայի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Կոալիցիայի համաժողովի կողմից:

4.3. Կոալիցիայի բարձրագույն մարմինը նրա անդամների համաժողովն է, որին պատկանում է Կոալիցիայի կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը:

4.4. Կոալիցիայի համաժողովը կարող է գումարվել ներկայացուցչական պատվիրակների միջոցով` կառավարման խորհրդի կողմից սահմանված քվոտայով: Կառավարման խորհուրդը որոշում է համաժողովի անցկացման օրը, ժամը և տեղը, ինչպես նաև համաժողովի օրակարգի նախագիծը և այդ մասին համաժողովի անցկացումից ոչ ուշ քան 10 օրացուցային օր առաջ էլեկտրոնային եղանակով ծանուցում է կոալիցիայի անդամներին:

4.5. Կոալիցիայի համաժողովը իր աշխատանքները կազմակերպում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:

4.6. Կոալիցիայի արտահերթ համաժողով գումարվում է Կոալիցիայի քարտուղարության, Կոալիցիայի կառավարման խորհրդի, Կոալիցիայի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի պատճառաբանված որոշման դեպքում, ոչ ուշ, քան 15 օրացուցային օրվա ընթացքում` Կոալիցիայի քարտուղարության կողմից: Արտահերթ համաժողովները հրավիրվում են հրավիրողի օրակարգով:

4.7. Կոալիցիայի համաժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե Կոալիցիայի համաժողովին մասնակցում են Կոալիցիայի բոլոր անդամների կամ համաժողովի բոլոր պատվիրակների ընդհանուր թվի 1/3-րդը: Որոշումներն ընդունվում են համաժողովի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Համաժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել նաև առցանց կապի այլ միջոցներով:

4.8. Կոալիցիայի համաժողովը.

ա) հաստատում է Կոալիցիայի կանոնակարգը, կատարում է փոփոխություններ դրանում և (կամ) հաստատում է նոր խմբագրությամբ կանոնակարգը,

բ) որոշում է Կոալիցիայի կառավարման խորհրդի թվաքանակն ու քվոտաները, մեկ տարի ժամկետով ընտրում է Կոալիցիայի կառավարման խորհրդի անդամներին (Կոալիցիայի քարտուղարության գործառույթներն իրականացնող կազմակերպությունը ի պաշտոնե մտնում է Կոալիցիայի կառավարման խորհրդի կազմի մեջ), փոփոխում է կառավարման խորհրդի կազմը, վաղաժամկետ դադարեցնում է կառավարման խորհրդի անդամների լիազորությունները,

գ) քննարկում և հաստատում է Կոալիցիայի անդամների կամավոր աջակցության վճարների մասին որոշումը,

դ) քննարկում և հաստատում է Կոալիցիայի կառավարման խորհրդի և քարտուղարության հաշվետվությունները:

4.9. Կոալիցիայի կառավարման խորհրդի լիազորությունները.

ա) Կառավարման խորհուրդը Կոալիցիայի ղեկավար մարմինն է Կոալիցիայի համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում,

բ) քննարկում և որոշումներ է կայացնում Կոալիցիայի գործունեությանն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ, բացառությամբ այն հարցերի, որոնք մտնում են Կոալիցիայի համաժողովի իրավասությունների մեջ,

գ) նախապատրաստում է Կոալիցիայի համաժողովները, սահմանում է Կոալիցիայի համաժողովի պատվիրակների քվոտան ըստ Կոալիցիայի անդամների թվի, Կոալիցիայի համաժողովի գումարման օրվանից առնվազն 15 օր առաջ կազմակերպում է Կոալիցիայի համաժողովի պատվիրակների ընտրությունը,

դ) որոշում է կայացնում Կոալիցիային անդամագրելու և անդամությունից հեռացնելու վերաբերյալ,

ե) որոշումներ է կայացնում Կոալիցիայի անդամների նկատմամբ սույն Կանոնակարգով սահմանված  պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ,

զ) որոշումներ է կայացնում Կոալիցիայի մշտական և ժամանակավոր հանձնաժողովներ, աշխատանքային և տարածքային հանձնախմբեր և/կամ այլ կառույցներ ստեղծելու և լուծարելու մասին, հաստատում է դրանց աշխատակարգերը, որոնք չեն կարող հակասել սույն կանոնակարգին, նշանակում և ազատում է դրանց համակարգողներին և պատասխանատուներին, վերջիններիս տալիս է լիազորագրեր,

է) քննարկում և հաստատում է Կոալիցիայի ռազմավարական պլանը, կայունության և ֆինանսական պլանը, մոնիթորինգային ծրագիրը, տեսանելիության պլանը և այլ փաստաթղթեր:

ը) քննարկում և հաստատում է Կոալիցիայի անունից կամ Կոալիցիայի հետ համագործակցության շրջանակներում հակակոռուպցիոն ոլորտի դրամաշնորհային մրցույթներին Կոալիցիայի անդամների կողմից կազմավորված կոնսորցիումների կազմի ու ներկայացվելիք ծրագրերի մասին, իրականցնում է դրանց մոնիթորինգը,

թ) ընտրում է Կոալիցիայի հանձնաժողովների, աշխատանքային և տարածքային հանձնախմբերի, փորձագիտական կոմիտեի և/կամ այլ կառույցների անդամներին,

ժ) որոշում է կայացնում պետական և անկախ կառույցներին կից հասարակական խորհուրդներին, հանձնաժողովներին և այլ մարմիններին, ինչպես նաև միջազգային հակակոռուպցիոն ցանցերին Կոալիցիայի անդամակցելու վերաբերյալ,

ժա) ընտրում է կառավարման խորհրդի նախագահին և վաղաժամկետ դադարեցնում է կառավարման խորհրդի նրա լիազորությունները,

ժբ) Կոալիցիայի անունից ընդունում և հանդես է գալիս հայտարարություններով, հաշվետվություններով, կոչերով և դիտարկումներով:

4.10. Կոալիցիայի կառավարման խորհրդի գործունեության կազմակերպման կարգը.

ա)       Կոալիցիայի կառավարման խորհուրդը իր հերթական նիստերը հրավիրում է երկու ամիսը մեկ անգամ` Կոալիցիայի քարտուղարության կողմից: Կոալիցիայի կառավարման խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել Կոալիցիայի քարտուղարության կողմից.

  • Կոալիցիայի կառավարման խորհրդի անդամների առնվազն 1/3-ի գրավոր պահանջով,
  • Կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահի գրավոր պահանջով,
  • Կոալիցիայի քարտուղարության համակարգողի գրավոր պահանջով:

բ)         Կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում են խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են Կոալիցիայի կառավարման խորհրդի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

գ)        Կոալիցիայի կառավարման խորհրդի կողմից կարող են հրավիրվել կառավարման խորհրդի ընդլայնված նիստեր` Կոալիցիայի հանձնաժողովների, փորձագիտական կոմիտեի և տարածքային հանձնախմբերի համակարգողների և պատասխանատուների, ինչպես նաև Կոալիցիայի այլ անդամների մասնակցությամբ,

դ)        Կոալիցիայի կառավարման խորհրդի նիստին դրա որոշմամբ կարող են հրավիրվել նաև այլ ֆիզիկական ու իրավաբանական անձինք:

4.11. Կոալիցիայի Կառավարման խորհրդի անդամն իրավունք ունի՝

ա)       սույն Կանոնակարգին համապատասխան ընտրվել Կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ,

բ)         Կոալիցիայի և Կառավարման խորհրդի գործունեության վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ, դիտողություններ, գործնական ծրագրեր,

գ)        ազատորեն արտահայտել սեփական տեսակետը,

դ)        իրականացնել Կոալիցիայի կառավարման խորհրդի որոշումների մշտադիտարկում և վերահսկողություն,

ե)        իրազեկ լինել Կոալիցիայի և Կառավարման խորհրդի գործունեության մասին որոշումների մշտադիտարկման արդյունքներին,

զ)         օգտվել Կոալիցիայի իրավական, տեխնիկական, տեղեկատվական և այլ աջակցությունից,

է)         իր դիմումի համաձայն անարգել դուրս գալ  Կոալիցիայի կառավարման խորհրդի անդամությունից։

4.12. Կոալիցիայի Կառավարման խորհրդի անդամը պարտավոր է.

ա)       կանոնավոր կերպով մասնակցել Կառվարման խորհրդի նիստերին (նիստի մասնակցության անհնարինության դեպքում լիազորում է Կազմակերպության այլ ներկայացուցչի),

բ)         անձնական օրինակով բարձր պահել և տարածել հակակոռուպցիոն արժեքները,

բ)         մասնակցել և աջակցել Կոալիցիայի և դրա Կառավարման խորհրդի գործունեությանը,

գ)        նպաստել Կոալիցիայի զարգացմանը,

դ)        նպաստել Կոալիցիայի Կառավարման խոհրրդի գործունեության արդյունավետության բարձրացմանը,

ե)        գործել սույն կանոնակարգին համապատասխան, կատարել Կոալիցիայի կանոնակարգի պահանջները, Կոալիցիայի ղեկավար մարմինների որոշումները,

ը)        կատարել կամավոր ֆինանսական աջակցության վճարներ՝ Կոալիցիայի քարտուղարության գործունեության ապահովման նպատակով,

թ)        իր լիազորությունների ավարտին Կոալիցիայի քարտուղարությանը ներկայացնել հաշվետվություն հաշվետու ժամանակաշրջանում կատարած աշխատանքի մասին` Կոալիցիայի համաժողովում հրապարակելու նպատակով:

4.13. Կոալիցիայի Կառավարման խորհրդի անդամի պատասխանատվությունը.

ա)       Կոալիցիայի կառավարման խորհրդի անդամը կրում է պատասխանատվություն սույն Կանոնակարգով սահմանված իր պարտավորությունների համար Կոալիցիայի կառավարման խորհրդի որոշմամբ կամ նրա ներկայացմամբ՝ Կոալիցիայի համաժողովի որոշմամբ,

բ)  Կոալիցիայի Կառավարման խորհրդի անդամի պատասխանատվության միջոցներն են.

  • Կոալիցիայի Կառավարման խորհրդի նիստերին մասնակցության սահմանափակումը՝ Կառավարման խորհրդի որոշմամբ սահմանված ժամկետով,
  • Կոալիցիայի և դրա Կառավարման խորհրդի գործունեության մասին տեղեկատվության ներկայացման սահմանափակումը՝ Կառավարման խորհրդի որոշմամբ սահմանված ժամկետով,
  • Կոալիցիայի կառավարման խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը` Կոալիցիայի համաժողովի որոշմամբ:

4.14. Կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահի ընտրության կարգը.

ա)       Կոալիցիայի Կառավարման խորհրդի նախագահն ընտրվում է Կոալիցիայի հերթական կամ արտահերթ համաժողովներից հետո նույն օրը հրավիրված Կոալիցիայի կառավարման խորհրդի առաջին իսկ նիստում՝ սույն Կանոնակարգի հիման վրա ձևավորված Կառավարման խորհրդի անդամների կողմից՝ դրա կազմից,

բ) Կոալիցիայի Կառավարման խորհրդի նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով,

գ) Կառավարման խորհրդի նույն անդամը չի կարող ավելի, քան երկու անգամ անընդմեջ ընտրվել որպես Կառավարմանը խորհրդի նախագահ:

4.15. Կոալիցիայի Կառավարման խորհրդի նախագահի լիազորությունները,

ա) Կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահն ունի սույն Կանոնակարգով Կոալիցիայի կառավարման խորհրդի անդամի բոլոր իրավունքները,

բ) Կառավարման խորհրդի նախագահը նախագահում է Կոալիցիայի Կառավարման խորհրդի նիստերը,

գ) Կառավարման խորհրդի նախագահը Կառավարման խորհրդի նիստի ընթացքում պարտավոր է քվեարկության դնել Կոալիցիայի գործունեության վերաբերյալ Կառավարման խորհրդի անդամների կողմից կատարված յուրաքանչյուր առաջարկ,

դ) Կառավարման խորհրդի նախագահը Կառավարման խորհրդի անդամների կարգապահության ու ակտիվության վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նրանց նկատմամբ սույն Կանոնակարգով պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,

ե) Կառավարման խորհրդի նախագահը, Կոալիցիայի քարտուղարության համակարգողի հետ միասին, ստորագրում է Կառավարման խորհրդի նիստերի արձանագրությունները,

զ) Կառավարման խորհրդի նախագահը Կառավարման խորհրդի համաձայնությամբ  ներկայացնում է Կոալիցիայի Կառավարման խորհուրդը երրորդ անձանց հետ հարաբերություններում,

է) Կառավարման Խորհրդի նախագահը իրականացնում է Կոալիցիայի Կանոնակարգով Կառավարման խորհրդի նախագահի համար նախատեսված այլ լիազորություններ:

ը) Կառավարման խորհրդի նախագահի լիազորությունները դադարում են հետևյալ դեպքերում.

  • Կառավարման խորհրդի նիստին առնվազն մեկ անգամ չմասնակցելու դեպքում՝ առանց հարգելի պատճառի:
  • Կառավարման խորհրդին գրավոր հրաժարականի ներկայացման դեպքում:
  • Կառավարման խորհրդի որոշմամբ:

թ)         Կառավարման խորհրդի նիստին Կառավարման խորհրդի նախագահի չմասնակցելու և Կառավարման խորհրդին գրավոր հրաժարականի ներկայացման դեպքերում, մինչև Կառավարման խորհրդի նոր նախագահի ընտրվելը, Կառավարման խորհրդի նիստը նախագահում է Կոալիցիայի քարտուղարության համակարգողը:

4.16. Կոալիցիայի Կառավարման խորհրդի նախագահը պարտավոր է.

ա)       պատշաճորեն իրականացնել սույն Կանոնակարգով Կառավարման խորհրդի անդամին վերագրվող բոլոր պարտականությունները,

բ)         կանոնավոր կերպով կազմակերպել և անցկացնել Կառվարման խորհրդի նիստերը,

գ)        կանոնավոր կերպով մասնակցել Կառվարման խորհրդի նիստերին և սույն Կանոնակարգով սահմանված կարգով վարել նիստերը,

դ)        անձնական օրինակով բարձր պահել Կառավարման խորհրդի նախագահի պատիվը և պատասխանատվությունը,

ե)        նպաստել Կոալիցիայի Կառավարման խորհրդի գործունեության արդյունավետության բարձրացմանը,

զ)         գործել սույն կանոնակարգին համապատասխան, կատարել Կոալիցիայի կանոնակարգի պահանջները, Կոալիցիայի ղեկավար մարմինների որոշումները:

4.17. Կոալիցիայի Կառավարման խորհրդի նախագահի պատասխանատվությունը.

ա) Կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահը կրում է պատասխանատվություն սույն Կանոնակարգով սահմանված Կառավարման խորհրդի անդամի և Կառավարման խորհրդի նախագահի պարտականությունների համար՝ Կոալիցիայի կառավարման խորհրդի որոշմամբ կամ նրա ներկայացմամբ՝ Կոալիցիայի համաժողովի որոշմամբ,

բ) Կոալիցիայի Կառավարման խորհրդի անդամի պատասխանատվության միջոցներն են.

  • Կոալիցիայի Կառավարման խորհրդի նիստերին մասնակցության սահմանափակումը՝ Կառավարման խորհրդի որոշմամբ սահմանված ժամկետով,
  • Կոալիցիայի և դրա Կառավարման խորհրդի գործունեության մասին տեղեկատվության ներկայացման սահմանափակումը՝ Կառավարման խորհրդի որոշմամբ սահմանված ժամկետով,
  • Կոալիցիայի Կառավարման խորհրդի նախագահի լիազորությունների դադարեցումը՝ Կառավարման խորհրդի որոշմամբ,
  • Կոալիցիայի կառավարման խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը` Կոալիցիայի համաժողովի որոշմամբ:

4.18. Կոալիցիայի փորձագիտական կոմիտեն.

ա) բաղկացած է հակակոռուպցիոն ոլորտի ճանաչված տեղական և միջազգային փորձագետներից, անձանցից, որոնք ընտրվում են Կոալիցիայի կառավարման խորհրդի կողմից,

բ) տրամադրում է փորձագիտական աջակցություն Կոալիցիայի զարգացման ու հզորացման նպատակով,

գ) ուժեղացնում է Կոալիցիայի միջազգային կապերը,

դ) նպաստում է Կոալիցիայի ֆինանսական կայունության ապահովմանը,

ե) Կոալիցիայի քարտուղարության համակարգողի իմացությամբ և լիազորությամբ ներկայացնում է Կոալիցիան հակակոռուպցիոն կարևորագույն հարթակներում:

4.19. Կոալիցիայի քարտուղարությունը.

ա) հանդիսանում է Կոալիցիայի գործադիր մարմինը,

բ) ապահովում է Կոալիցիայի մարմինների աշխատանքների բնականոն ընթացքը և թափանցիկությունը,

գ) նախագահում, արձանագրում և ստորագրում է Կոալիցիայի համաժողովի նիստերը,

դ) արձանագրում է կառավարման խորհրդի նիստերը,

ե) Կառավարման խորհրդի նիստերի բոլոր արձանագրությունները Կոալիցիայի քարտուղարությունը չորս աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Կառավարման խորհրդի անդամներին, որից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, եթե անդամների կողմից առարկություններ կամ լրացումներ չեն լինում, ստորագրվում է Կառավարման խորհրդի նախագահի և Կոալիցիայի քարտուղարության համակարգողի կողմից:

զ) տնօրինում է Կոալիցիայի արխիվը,

է) համակարգում է Կոալիցիայի ընթացիկ և կազմակերպչական աշխատանքները, այդ թվում Կոալիցիան ներկայացնում է երրորդ անձանց հետ հարաբերություններում,

ը) Կոալիցիայի անունից իրավասու մարմիններին և կազմակերպություններին ներկայացնում է Կոալիցիայի կողմից պատրաստված առաջարկները և այլ փաստաթղթերը,  Կոալիցիայի անունից երրորդ անձանց հետ ստորագրում է երկկողմանի փաստաթղթեր,

թ) համակարգում է Կոալիցիայի աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ դրամական միջոցների հայթայթման աշխատանքները,

ժ) վարում է Կոալիցիայի անդամների հաշվառումը, անդամության նոր դիմումներ ներկայացված հայտերի ռեեստրը,

ժա) իր և փորձագիտական կոմիտեի կողմից կատարած աշխատանքների մասին  հաշվետվություններ է ներկայացնում Կոալիցիայի Կառավարման խորհրդին և Համաժողովին:

ժբ) Կոալիցիայի քարտուղարության գործառույթները իրականացնում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որի նախագահն ի պաշտոնե հանդիսանում է Կոալիցիայի քարտուղարության համակարգողը:

 

5. ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

5.1. Կոալիցիան չունի առանձնացված գույք:

5.2. Կոալիցիայի միջոցները Կոալիցիայի կառավարման խորհրդի որոշմամբ` ներգրավվում են Կոալիցիայի անդամ կազմակերպության (ների) միջոցով, իսկ ներգրավված միջոցները օգտագործվում են բացառապես Կոալիցիայի նպատակների և խնդիրների իրականացման համար:

5.3. Կոալիցիայի միջոցները գոյանում են նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից։

 

6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

6.1. Կոալիցիան կարող է դադարել համաժողովի որոշմամբ, եթե այդ որոշմանը կողմ է Համաժողովի անդամների ընդհանուր թվի 2/3-ը:

6.2. Կոալիցիայի դադարումը անդամ կազմակերպությունների համար պարտավորություններ չի առաջացնում:

6.3. Սույն կանոնակարգի ընդունմամբ ուժը կորցրած է ճանաչվում 2016 թվականի հունիսի 30-ին Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի կողմից հաստատված Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի Կառավարման խորհրդի նախագահի ընտրության ռոտացիոն կարգը:

 

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի խորհդրանիշի պատկերը