Նվիրատվությունների ընթացակարգ
Հաստատվել է
Հայաստանի քաղաքացիական հասարակության
կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի
կառավարման խորհրդի կողմից
26 դեկտեմբեր, 2023թ.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիային Կոալիցիայի անդամների կողմից կատարվելիք կամավոր նվիրատվությունների
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի (այսուհետ՝ Կոալիցիա) անդամ կազմակերպությունների ակտիվությունը խթանելու, նրանց ուժերի միավորման արդյունքում Կոալիցիայի ներուժի սիներգիկ արդյունավետությունը բարձրացնելու, Կոալիցիայի անդամ կազմակերպությունների Կոալիցիայի ներսում համագործակցելու մոտիվացիայի մակարդակը բարձրացնելու, Կոալիցիայի կառավարման խորհրդի (այսուհետ՝ ԿԽ) և քարտուղարության գործունեության արդյունավետությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել կանոնակարգել Կոալիցիայի անդամ կազմակերպությունների մոտիվացիոն մեխանիզմները և նրանց կողմից Կոալիցիայի կառավարման մարմինների անխափան գործունեության նվազագույն պայմանների ապահովման ֆինանսավորման մեխանիզմները:
I. Կոալիցիայի անդամ կազմակերպությունների մոտիվացիոն մեխանիզմները
Կոալիցիայի անդամ կազմակերպությունների մոտիվացիոն մեխանիզմներն ուղղված պետք է լինեն Կոալիցիայի ստեղծման հռչակագրում նշված նպատակների և առաքելությամբ նախանշված ապագայի պատկերի ու արժեքների իրացմանն ու դրանց համապատասխան գործունեության ծավալմանը:
Ըստ այդմ` պետք է գեներացվեն Կոալիցիայի անդամ կազմակերպությունների մոտիվացիոն ակնկալիքները, դրանց սպասարկմանն ուղղված ռեսուրսների գեներացումն ու օգտագործումը:
Վերոհիշյալի համատեքստում Կոալիցիայի անդամ կազմակերպությունների մոտիվացիոն մեխանիզմների հիմնարար ուղղություններն են.
- Կոալիցիայի անդամ կազմակերպություն լինելը պատիվ է յուրաքանչյուր կազմակերպության համար,
- Կոալիցիայի անդամ կազմակերպությունը համոզված է, որ Կոալիցիայի անդամ այլ կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը այն սիներգիկ էներգիան է ապահովում, ինչի շնորհիվ Կոալիցիան կարողանում է քաղաքացիական հասարակության մեջ դրսևորվել առավել ակտիվ և հեղինակավոր դիրքորոշմամբ,
- Կոալիցիայի անդամ կազմակերպությունների այդ սիներգիկ էներգիան էական դրական ազդեցություն կարող է ունենալ հենց իր՝ Կոալիցիայի տվյալ անդամի, հասարակական կյանքում ներգրավման, դրա կարողությունների զարգացման գործում,
- Կոալիցիայի անդամ լինելը կարող է երաշխիք լինել Կոալիցիայի անդամ կազմակերպությունների ֆինանսական կայունության ապահովման և զարգացման ուղղությամբ տարբեր ծրագրերի մասնակցության համար,
- Կոալիցիայի անդամ լինելը կարող է երաշխիք լինել հենց այդ անդամ կազմակերպությունների անդամների հակակոռուպցիոն մասնագիտական հմտությունների զարգացման, շարքերի ընդլայնման գործում,
- Կոալիցիայի անդամ լինելը կարող է երաշխիք լինել Կոալիցիայի տարբեր ռեսուրսներից անսահմանափակ օգտվելը՝ Կոալիցիայի կանոնակարգով սահմանված իրավակարգավորումներին և Կոալիցիայի Կառավարման մարմինների կողմից ընդունված որոշումներին համապատասխան,
- Կոալիցիայի անդամ կազմակերպությունը շահագրգռված է Կոալիցիայի ակտիվ գործունեության ապահովման գործում, ինչի նպատակով նա հետևողականորեն կատարում է Կոալիցիայի կառավարման մարմինների որոշումները, ակտիվորեն մասնակցում է դրանցով նախատեսված միջոցառումներին ու գործողություններին,
- Կոալիցիայի անդամ կազմակերպությունը հանդես է գալիս Կոալիցիայի դերի ու նշանակության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններով, որոնք արժանիորեն կարող են գնահատվել Կոալիցիայի կառավարման մարմինների որոշումներով:
II. Կոալիցիայի կառավարման մարմինների անխափան գործունեության նվազագույն պայմանների ապահովման ֆինանսավորման մեխանիզմները
Հիմնվելով Կոալիցիայի անդամ կազմակերպությունների մոտիվացիոն մեխանիզմների վերոհիշյալ դրույթների վրա արձանագրում ենք, որ Կոալիցիայի անդամակցությունը դրա անդամ յուրաքանչյուր ՔՀԿ-ի համար առաջին հերթին ոչ միայն պատիվ պետք է լինի, այլև դրանք խթան պետք է հանդիսանան դրանց զարգանալուն և Կոալիցիայի կառավարման մարմինների ֆինանսական կայունության ապահովման համար:
Վերոհիշյալի համատեքստում հարկ ենք համարում արձանագրել, որ ինչպես մեր, այնպես էլ այլ կոալիցիաների գործունեությունը վկայում է այն մասին, որ դրանց անդամագրվող կազմակերպությունների մոտիվացիան հիմնականում դրամաշնորհային ծրագրերին մասնակցելն է և այդ միջոցով ֆինանսավորում հայթայթելը: Դրա արդյունքում այդ ՔՀԿ-ները չեն կարողանում ապահովել ոչ միայն իրենց ինստիտուցիոնալ զարգացումը, այլև` այդ կոալիցիաների կայունությունը: Հետևապես առաջարկվում է Կոալիցիայի կանոնակարգի վերջին խմբագրման իրավակարգավորումներին համապատասխան հստակեցնել Կոալիցիայի անդամ կազմակերպությունների ցանկը և դա նորացնել, հաշվի առնելով դրանց նախորդիվ հակակոռուպցիոն և բարեվարքության ոլորտներում գործունեության ակտիվությունը, ֆինանսական հնարավորությունները, փորձառությունը և ընդհանուր կոալիցիոն, հասարակական շահին օգտակար լինելու հանգամանքը:
Վերոհիշյալ նպատակով առաջարկվում է Կոալիցիայի կանոնակարգի վերջին խմբագրման իրավակարգավորումներին համապատասխան սահմանել Կոալիցիային անդամակցության համար հետևյալ իրավակարգավորումներն ու ընթացակարգը.
- Կոալիցիայի գործող անդամ կազմակերպությունը սկսած 2024 թ. հունվարի 1-ից Կոալիցիայի պաշտոնական կայքէջի աջակցիր մասում նշված բանկային հաշվեհամարին կարող է կատարել ամենամսյա կամավոր նվիրատվություն ամսական 1.000 (հազար) ՀՀ դրամի չափով կամ տարեկան 12.000 (տասներկու հազար) ՀՀ դրամի չափով,
- Կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ կազմակերպությունը սկսած 2024 թ. հունվարի 1-ից Կոալիցիայի պաշտոնական կայքէջի աջակցիր մասում նշված բանկային հաշվեհամարին կարող է կատարել ամենամսյա կամավոր նվիրատվություն ամսական 2.000 (երկու հազար) ՀՀ դրամի չափով կամ տարեկան 24.000 (քսանչորս հազար) ՀՀ դրամի չափով,
- Կոալիցիային անդամակցող նոր անդամ կազմակերպությունը սկսած 2024 թ. հունվարի 1-ից Կոալիցիայի պաշտոնական կայքէջի աջակցիր մասում նշված բանկային հաշվեհամարին կարող է կատարել միանվագ կամավոր նվիրատվություն՝ 5.000 (հինգ հազար) ՀՀ դրամի չափով,
- Կոլիցիայի գործող անդամ կազմակերպությունները սկսած 2024 թ. հունվարի 1-ից Կոալիցիայի պաշտոնական կայքէջի աջակցիր մասում նշված բանկային հաշվեհամարին կարող են կատարել միանվագ կամավոր նվիրատվություններ` գումարի չափը որոշելով իրենց ցանկությամբ:
III. Կոալիցիայի կառավարման խորհրդի և քարտուղարության գործողությունները կամավոր նվիրատվությունների հաշվառման և օգտագործման ուղղությամբ
- Կոալիցիայի կառավարման խորհուրդը.
1.1. որոշումներ է կայացնում Կոալիցիայի անդամ կազմակերպությունների կամավոր նվիրատվությունների չափերի սահմանման, փոփոխման ուղղությամբ,
1.2. որոշումներ է կայացնում Կոալիցիայի անդամ կազմակերպությունների կամավոր նվիրատվություններից հավաքագրված միջոցների օգտագործման ուղղությունների և չափերի վերաբերյալ: Ընդ որում, դրանք կարող են օգտագործվել միմիայն.
-
-
- Կոալիցիայի համաժողովների կազմակերպման համար,
- Կոալիցիայի կառավարման խորհրդի աշխատանքների կազմակերպման համար,
- Կոալիցիայի քարտուղարության անխափան գործունեության կազմակերպման համար,
- Կոալիցիայի կարևորագույն փաստաթղթերի մշակման համար փորձագետների ֆինանսական աջակցության համար,
- Կոալիցիայի անդամ կազմակերպություններին հույժ կարևոր հակակոռուպցիոն գործունեության ֆինանսական աջակցության համար,
- և այլն:
-
1.3. վերահսկողություն է սահմանում Կոալիցիայի անդամ կազմակերպությունների կամավոր նվիրատվությունների նպատակային օգտագործման ուղղությամբ,
1.4. Կոալիցիայի քարտուղարության կողմից ներկայացված հաշվետվության հիման վրա Կոալիցիայի համաժողովին հաշվետվություն է ներկայացնում Կոալիցիայի անդամ կազմակերպություններից հավաքագրված կամավոր նվիրատվությունների չափերի, օգտագործման ուղղությունների և արդյունավետության վերաբերյալ,
1.5. Կոալիցիայի քարտուղարության կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա որոշումներ է կայացնում Կոալիցիայի անդամ կազմակերպությունների կողմից նվիրատվությունների կատարման ուղղությամբ Կոալիցիայի կանոնակարգով սահմանված պարտականությունների կատարման և համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառման, Կոալիցիային անդամության վերաբերյալ:
- Կոալիցիայի քարտուղարությունը.
2.1. Իրականացնում է Կոալիցիայի պաշտոնական կայքէջի աջակցիր մասում նշված բանկային հաշվեհամարում Կոալիցիայի անդամ կազմակերպություններից հավաքագրված կամավոր նվիրատվության գումարների ամենամսյա հաշվառում և այդ մասին պարբերաբար տեղեկացնում է Կոալիցիայի կառավարման խորհրդին,
2.2. իրականացնում է Կոալիցիայի անդամ կազմակերպությունների կողմից կամավոր նվիրատվությունների հաշվառում՝ ըստ կազմակերպությունների ու նվիրատվությունների տեսակների ու չափերի վերաբերյալ,
2.3. այդ միջոցներից կատարում է համապատասխան վճարումներ՝ Կոալիցիայի կառավարման խորհրդի որոշումներին համապատասխան,
2.4. Կոալիցիայի կառավարման խորհրդին առաջարկություններ է ներկայացնում հավաքագրված միջոցների օգտագործման ուղղությունների վերաբերյալ,
2.5. Եռամսյակը մեկ անգամ հաշվետվություններ է ներկայացնում Կոալիցիայի անդամ կազմակերպությունների կամավոր նվիրատվությունների հավաքագրման և այդ միջոցների օգտագործման վերաբերյալ,
2.6. Առաջարկություններ է ներկայացնում Կոալիցիայի կառավարման խորհրդին Կոալիցիայի անդամ կազմակերպությունների կողմից նվիրատվությունների կատարման ուղղությամբ Կոալիցիայի կանոնակարգով սահմանված պարտականությունների կատարման և համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ: