Հիմնադիր համաժողով
2014 թվականի նոյեմբերի 28-ին Երևանում «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում կազմակերպեց հակակոռուպցիոն միջոցառում:
Միջոցառումը բաղկացած է երկու մասից. առաջին մասը նվիրված է եղել հակակոռուպցիոն կոալիցիայի հիմնադրմանը:
Միջոցառմանը մասնակցում են ներկայացուցիչներ միջազգային և պետական կառույցներից, Երևանի և ՀՀ մարզերի քաղաքացիական հասարակությունից, ԶԼՄ-ներից:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը: Նա կարևորեց հակակոռուպցիոն կոալիցայի հիմնադրման փաստը` արձանագրելով, որ այն միտված է լինելու Հայաստանում կոռուպցիայի դեպ պայքարի արդյունավետությանը:
Պարոն Զադոյանը ներկայացրեց Հակակոռուպցիոն կոալիցիայի հռչակագիրն ու աշխատակարգը: ՔՀԿ ներկայացուցիչներն առաջարկեցին մի շարք փոփոխություններ, ինչը ընդունվեց: Տեղի ունեցավ նաև ՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մոնիթորինգային ծրագրի ներկայացումը, քննարկումն և հաստատումը:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի նպատակներն են.
• բարձրացնել ՔՀԿ-ների կողմից կառավարության հակակոռուպցիոն բարեփոխումների նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը,
• նպաստել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդմանը և զարգացմանը,
• նպաստել հասարակության հակակոռուպիոն ընկալման և իրազեկության մակարդակի բարձրացմանը, կոռուպցիայի զոհ դարձած քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը,
• ամրապնդել մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու և հակակոռուպցիոն գործունեության իրականացման հետ կապված ՔՀԿ-ների կարողությունները:
Միջոցառման առաջին մասում մասնակիցներն անդրադարձան նաև ՀՀ 2014-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության նախագծին: ՔՀԿ ներկայացուցիչները միաձայն ընդունեցին ուղերձ, որով կդիմեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին` խնդրելով ռազմավարության նախագծում ընդգրկել սոցիալական ապահովության ոլորտը, քրեականացնել ապօրինի հարստացումը, ռազմավարությունը հաստատող Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում ընդլայնել ՀԿ-ների կազմը` երկու տեղից այն դարձնել հինգ, բացի այդ ստեղծել կռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողով:
Այս պահին մեկնարկել է միջոցառման երկրորդ մասը: Ողջույնի խոսքով հանդես է գալիս ՀՀ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
Ծրագրի հիմնական նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում: Ծրագրի շրջանակներում կհզորացվեն ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների մոնիթորինգի և վերահսկողության կարողությունները: Կկազմակերպվեն հակակոռուպցիոն դասընթացներ ՀՀ մարզերում ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների համար` կոռուպցիոն բնույթի և տեղեկատվության ազատության խնդիրներն առավել լավ ըմբռնելու համար: Այս միջոցառումների նպատակը հակակոռուպցիոն գործողությունների իրականացման առկա հնարավորությունների խորացումն է: Հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման և համապատասխան մոնիթորինգային, վերահսկողական և հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով կտրամադրվեն փոքր դրամաշնորհներ: Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրապնդման համար ՔՀԿ-ների մասնակցությամբ կմշակվի ՔՀԿ-կառավարություն կայուն երկխոսություն:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ՝ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից (իրականացնող)՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ (գործընկեր): Ծրագրի տևողությունը 3 տարի է (2014 թվականի հունվարից 2016 թվականի դեկտեմբեր):