1-ին համաժողով
2.16 թվականի մայիսի 13-ին Երևանում նախ տեղի ունեցավ «Կառավարություն – Քաղաքացիական հասարակություն» հակակոռուպցիոն առաջին համաժողովը, այնուհետև ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի երկրորդ համաժողովը:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի խոսքերով՝ ապրիլյան պատերազմի արդյունքում մեր հասարակությանը տեսանելի դարձան կոռուպցիայի վնասակար հետևանքները Հայաստանում:
«Այս համատեքստում օրվա հրամայական եմ համարում մեր երկրում ապօրինի հարստացման քրեականացումը, որը թույլ կտա ապօրինի կերպով հարստացած ներկա և նախկին պաշտոնյաներին ոչ թե ապօրինի մեթոդներով կուլակաթափ անել (որի մասին ներկայումս ակտիվ քննարկումներ է ծավալում լայն հասարակությունը), այլ օրինական միջոցներով և միայն դատարանի որոշումներով պետությանը ոչ միայն վերադարձնել այդ պաշտոնյաների կողմից կուտակած ապօրինի հարստությունները, այլ նաև նրանց ենթարկել օրենքով սահմանված քրեական պատասխանատվության»,- ասաց նա:
Երկրորդ առաջնահերությունն, ըստ պարոն Զադոյանի հանրության շրջանում արդարադատության համակարգի, այդ թվում արդարադատության իրականացմանը օժանդակող իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ բարձր վստահության վերականգնումն է, երրորդը օրենքի հիման վրա կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմնի ստեղծումն է. «Չորրորդ կարևոր հանգամանքը՝ տեղեկատվություն տրամադրող անձանց պաշտպանության և խրախուսման մասին օրենքի հիման վրա այս ինստիտուտի ներդնումն է: Այս ինստիտուտը հնարավորություն կտա արդյունավետորեն պայքարել կոռուպցիայի դեմ»,- փոխանցեց պարոն Զադոյանը:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին «Կառավարություն – Քաղաքացիական հասարակություն» համաժողովին համոզմունք հայտնեց, որ կոռուպցիան նախ և առաջ վտանգում է Հայաստանի ազգային անվտանգությանը:
«Ես հավատում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի համար պետք է լինի ազգային միասնության, կոնսենսուսի հիմք», – ասում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նա շարունակում է. «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ կոռուպցիայի պատճառները պաշտպանության ոլորտում ազգային անվտանգության խնդիր է Հայաստանի համար: Կոռուպցիան ձեզ ուժեղ չի դարձնում, կոռուպցիան Հայաստանին թույլ է դարձնում»:
Արդարադատության նախարարը համաժողովի մասնակիցներին վստահեցրեց, որ մատնանշված խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են: «Քաղաքացիական հասարակություն-պետություն պլատֆորմի շրջանակներում երկու աշխատանքային խմբեր արդեն ստեղծվել են, որոնք անելիքներ ունեն անելու, մասնավորապես առաջինը վերաբերում է ապօրինի հարստացման քրեականացման նպատակահարմարության հարցի քննարկմանը և երկրորդը առկա հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացումը»,- նշեց նա և շեշտեց՝ քաղաքացիական հասարակության մասնակցությունն և աջակցությունը յուրաքանչյուր ասպարեզում հաջողություն հասնելու գրավականներից մեկն է:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովն է իր հերթին շեշտեց, որ քաղաքացիական հասարակությունը նույնպես կարող է ուժ ստեղծել հասարակության շրջանում՝ պայքարելու կոռուպցիայի դեմ. «Քաղաքացիական հասարակության, պետության և մասնավոր ոլորտի միջև համագործակցությունն արդեն ստեղծված է, հուսով ենք, որ այն էլ ավելի կամրապնդվի առաջիկայում»,- նշեց նա:
Այնուհետև Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը անդրադարձավ Քաղաքացիական հասարակության մասնագիտացված կազմակերպությունների հետ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման ուղղությամբ համագործակցության հեռանկարներին, նա ներկայացրեց կատարված աշխատանքներն ու հետագա անելիքները:
«Հայտարարագրման ինստիտուտի կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում. մարտահրավերներն ու ՔՀԿ-ների հետ համագործակցության հնարավորությունները» թեման ներկայացրեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խուդավերդյանը:
Կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի շրջանակներում ՔՀԿ-ների հետ համագործակցության հնարավորությունների մասին զեկույցով հանդես եկավ ՀՀ կառավարության Հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի պետ Կամո Աստարյանը:
«Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգերի ներդրման հնարավորությունն ու այդ հարցում համագործակցության հնարավորությունները» խոսեցին «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը:
Նա անդրադարձավ երկու աշխատանքային խմբերի գործունեությանը, որոնք քայլեր են ձեռնարկում ապօրինի հարստացման քրեականացման և Ինստիտուցիոնալ համակարգի ուղղությամբ:
Պարոն Ուլբրիխտը ներկայացրեց Ռումինիայի և Լատվիայի միջազգային փորձը: Անդրադառնալով ՔՀԿ-ների և կառավարության համագործակցությանը, նա նշեց, որ համագործակցության համար առկա են նաև այլ ոլորտներ, մասնավորապես՝ հակակոռուպցիոն կրթության, գործարար միջավայրի ոլորտը, ինչպես նաև հնարավոր է համատեղ աշխատանքների իրականացնում միջոցառումների ծրագրի մոնիթորինգի ցուցանիշների մշակման հարցում:
«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ազգային փորձագետ Մարատ Ատովմյանը խոսեց Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգերի ներդրման հնարավորությունն ու այդ հարցում համագործակցության հնարավորություններից:
Նա ներկայացրեց հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ երկու համակարգեր: Պարոն Ատովմյանն առաջարկում է ստեղծել անկախ հակակոռուպցիոն մարմին, որը կզբաղվի հակակոռուպցիոն բոլոր գործառույթների, այն է` քննչական, կրթական և կանխարգելիչ, իրականացմամբ: Եթե այս տարբերակի իրականացումն անհնար է, ապա ըստ նրա՝ հարկավոր է ստեղծել անկախ հակակոռուպցիոն մարմին, որը կզբաղվի կրթական և կանխարգելիչ գործառույթների իրականացմամբ, իսկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը վերակազմավորել որպես կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննություն իրականացնող մասնագիտացված կառույց։ Որպես անկախ հակակոռուպցիոն մարմին կարող է դիտարկվել նաև այն տարբերակը, որ մարմնի հիմքում դրվի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի բազային հիմքը, օրինակ` հայտարարագրերի վերլուծությունը, որը, սակայն, անհրաժեշտ է ենթարկել վերակազմավորման։
Ըստ նրա՝ էական է նաև հակակոռուպցիոն և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մասնագիտական փորձառնություն ունեցող հասարակական կազմակերպություններից բաղկացած խորհրդի հիմնումը, որը վերահսկողություն կիրականացնի հակակոռուպցիոն մարմնի գործունեության նկատմամբ:
Առաջարկվել է նաև ստեղծել թեժ գիծ, որին կկարողանա զանգահարել յուրաքանչյուր անձ և հայտնել իր կոռուպցիոն դրսևորումների հետ կապված մտահոգությունները:
Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականությունը ներկայացրեց «Թրանսփարենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
Ըստ նրա՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար ամենակարևոր քայլերը մենաշնորհների նկատմամբ անհանդուրժողականությունն է:
Նույն կազմակերպության փորձագետ Խաչիկ Հարությունյանը խոսեց գործարար ոլորտում կոռուպցիայի հաղթահարման մարտահրավերների մասին: Նա խոսեց բիզնես ոլորտի խնդիրներից, ներկայացրեց միջազգային փորձն ու համեմատեց հայկական իրականությունը:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն տնօրենի տեղակալ Հայկ Չոբանյանը ներկայացրեց գործարար ոլորտի կոռուպցիոն հիմնախնդիրները` նշելով, որ այդ հիմնախնդիրները հնարավոր է լուծել միայն գործար ոլորտի իրական մասնակցության դեպքում:
Հայաստանի համայնքների միության վարչության անդամ, Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը ներկայացրեց ՏԻՄ ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև ներկայումս դրանց նվազեցման ուղղությամբ կատարվող աշխատանքները` որպես օրինակ, ներկայացնելով Արթիկ քաղաքում որոշումների ընդունման գործընթացում բնակչության մասնակցությունն ապահովվող արդյունավետ, այդ թվում ժամանակակից տեխնոլոգիաներով պայմանավորված, կառուցակարգերի ներդնումը:
«Լոռեցիների միավորում» ԲՀԿ-ի նախագահ Մենուա Բրուտյանը խոսեց մարզերում առկա հակակոռուպցիոն պայքարի մարտահրավերների մասին:
Զեկույցների ավարտից հետո հարցեր հնչեցին զեկուցողներին: «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը հարց ուղղեց Կամո Աստարյանին այն մասին, թե ինչպես է Հակակոռուպցիոն խորհուրդը համագործակցում նախարարությունների, մասնավորապես կրթության և գիտության նախարարության հետ: Կամո Աստարյանը նշեց, որ առաջնորդվում են ներքին կանոնակարգերով, հանձնարարակններով:
Հարց բարձրացվեց՝ կապված նախորդ տարի «Գրին Բին» ընկերության կողմից կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ ահազանգի մասին: Կամո Ասատրայնն ասաց, որ այս դեպքում ֆինանսների, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություններին համապատասխան հանձնարարականներ էին տրվել՝ խնդիրը լուծելու համար, և ի վերջո, «Գրին Բին»-ի ներկայացուցիչը իր գոհունակությունն էր հայտնել խնդրի լուծման կապակցությամբ:
Հարցեր հնչեցին նաև դատաիրավական համակարգում առկա կոռուպցիոն խնդիրների վերաբերյալ: «Ես կարող եմ ասել, որ ոչինչ առաջ չի գնա, եթե չունենանք անկախ դատական համակարգ»,- մտահոգության վերաբերյալ նշեց Կարեն Զադոյանը:
Համաժողովները կազմակերպվել են ԵՄ ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում:
Ամփոփելով նշենք, որ համաժողովի 1-ին մասին մասնակցել են 140 ներկայացուցիչներ պետական մարմիններից, միջազգային կազմակերպություններից, քաղաքական կուսակցություններից, քաղաքացիական հասարակության կազմակերպություններից և ԶԼՄ-ներից, իսկ 2-րդ մասին՝ 45 ներկայացուցիչներ միջազգային կազմակերպություններից, քաղաքացիական հասարակության կազմակերպություններից և ԶԼՄ-ներից: Համաժողովներին ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մարզային խմբերը ներկայացնում էին համապատասխան մարզերի պատվիրակները, ովքեր ընտրվել են մարզերում կայացած ժողովների արդյունքում:
Համաժողովի 2-րդ մասն ամբողջությամբ նվիրված էր Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի (այսուհետ՝ Կոալիցիա) ձեռքբերումների, խնդիրների և առաջիկա անելիքների քննարկմանը: Նախքան համաժողովի գումարումը, Կոալիցիայի հզորացման և դրանում տարբեր ոլորտների ներկայացուցիչների մասնացկությունն ապահովելու նպատակով, Կոալիցիայի անդամների որոշմամաբ Կոալիցիային էին անդամակցել հետևյալ ՔՀԿ-ները.
1. «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ – Քրիստինա Սաղաթելյան,
2. Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն – Կարեն Վարդանյան,
3. «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ – Հակոբ Ավագյան,
4. «Արմքոմեդի» մշակութային ՀԿ – Սերգեյ Սարգսյան,
5. Մարդու իրավունքների պաշտպանության «Իրավագետ սերունդ» ՀԿ – Հայրենուհի Գևորգյան,
6. Հայաստանի գործարարների հանրապետական միություն – Գագիկ Մակարյան,
7. Հայաստանի համանքների միություն – Էմին Երիցյան:
Համաժողովի սկզբում Կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը անդամներին ներկայացրեց կանոնակարգը և դրվեց քվերակության: Այն հաստատվեց միաձայն քվերակությամբ: Նախքան Կոալիցիայի կողմից կանոնակարգի հաստատումը, Կոալիցիան գործում էր 2014 թվականի նոյեմբերի 28-ի Կոալիցիայի առաջին համաժողովի շրջանակներում ընդունված Աշխատակարգի հիման վրա: Նոր ընդունված Կանոնակարգը կառավարման ամբողջովին նոր մոդել է որդեգրել: Մասնավորապես, Կոալիցիայի կառավարման կառուցվածքն է՝ համաժողովը, կառավարման խորհուրդը, փորձագետների կոմիտեն և քարտուղարությունը: Կոալիցիայի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Կոալիցիայի համաժողովի կողմից: Նոր կանոնակարգով համաժողովին է իրավունք վերապահված որոշել Կոալիցիայի կառավարման խորհրդի թվաքանակն ու քվոտաները, մեկ տարի ժամկետով ընտրում է Կոալիցիայի կառավարման խորհրդի անդամներին, փոփոխում է կառավարման խորհրդի կազմը, վաղաժամկետ դադարեցնում է կառավարման խորհրդի անդամների լիազորությունները:
Համաժողովի նիստի ընթացքում համաժողովը հաստատեց Կոալիցիայի կառավարման խորհրդի թվակազմը, ըստ որի խորհուրդը բաղկացած է 15 անդամ-կազմակերպությունից: Կառավարման խորհրդում անդամների քվոտաների համամասնությունը համաժողովի որոշմամբ բաշխվեցինհետևյալ կերպ. 4 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ Հայաստանի մարզերից, 3 բիզնես ոլորտի կազմակերպություններից, 1՝ ՏՏ ոլորտի կազմակերպությունից, 6՝ հանրապետական նշանակություն ունեցող և երևանյան կազմակերպություններից:
Այնուհետև ներկայացվեցին խորհրդի անդամների թեկնածությունները և քվերակությամբ ընտրվեց Կոալիցիայի կառավարման խորհուրդը:
Այսպիսով, Կոալիցիայի կառավարման խորհուրդը բաղկացած է՝
1. «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ,
2. «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ,
3. «Արմքոմեդի» մշակութային ՀԿ,
4. «Հայաստանի Ամերիկյան շրջանավարտների ասոցիացիա» ՀԿ,
5. «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ,
6. Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն,
7. ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա,
8. Գործատուների Հանրապետական միություն,
9. Հայաստանի համայնքների միություն,
10. Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ,
11. «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ,
12. «ԼոգոՍ» ԲՀԿ (Շիրակ),
13. «Լոռեցիների միավորում» ԲՀԿ (Լոռի),
14. «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» (Սյունիք),
15. «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» (Գեղարքունիք):
Համաժողովի ընթացքում համաժողովի կողմից քննարկվեցին Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի 2015-2016թթ. մոնիթորինգային ծրագիրը, Կայունության և ֆինանսական պլանի հայեցակարգը, ինչպես նաև 2016-2018թթ. ռազմավարական պլանի կառուցվածքը:
Առաջիկա մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է հաստատված 2016-2018թթ. ռազմավարական պլանի կառուցվածքի հիման վրա վրա մշակել Կոալիցիայի եռամյա ռազմավարական պլանը, հաստատել կոալիցիայի 2015-2016թթ. մոնիթորինգային ծրագիրը, Կայունության և ֆինանսական պլանը: