Քարտուղարություն
2014 թվականի նոյեմբերի 28-ին կայացած Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ կազմակերպությունների հիմնադիր ժողովի արդյունքում կոալիցիայի քարտուղարության դերը ստանձնեց «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի գլխավորությամբ։
Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) հիմնադրվել է 1995 թվականին: ԻՀԱ-ի ստեղծման հիմնական նպատակն էր համախմբել իրավաբանների ներուժը և աջակցել Հայաստանի կայացմանը, որպես անկախ, ժողովրդավարական, իրավական պետություն: Հիմնադրվելուց հետո Իրավաբանների հայկական ասոցիացիան ակտիվորեն ներգրավվել է Հայաստանի հասարակականկյանքում, նպատակ ունենալով իրականացնել իր առջև դրված ռազմավարական խնդիրները:
Ժամանակի ընթացքում ասոցիացիան իր գործունեությունը կենտրոնացրեց բնակչության սոցիալապես խոցելի խմբերին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու և նրանց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու վրա: Միևնույն ժամանակ, կազմակերպությունը զգալի ջանքեր է ներդրել իրավական բարեփոխումների և օրենսդրության կատարելագործման գործում:
Իրավաբանների հայկական ասոցիացիան տարիներ շարունակ իր գործունեությամբ պայքար է մղել կոռուպցիայի դեմ, հանդես եկել օրենսդրական մի շարք նախաձեռնություններով և ձգտել է ստեղծել իրավագիտակից հասարակություն, հակակոռուպցիոն մարմինների ինստիտուցիոնալ համակարգ և հակակոռուպցիոն միջավայր։ ԻՀԱ-ն նաև ակտիվորեն համագործակցում է միջազգային կառույցների հետ՝ փորձի փոխանակման և լավագույն պրակտիկաների ներդրման նպատակով:
ԻՀԱ-ն մեծ կարևորություն է տալիս իրավաբանների մասնագիտական կարողությունների զարգացմանը և շարունակական կրթությանը: Կազմակերպությունը պարբերաբար իրականացնում է վերապատրաստումներ, սեմինարներ և կոնֆերանսներ՝ նպաստելով իրավաբանական համայնքի մասնագիտական աճին՝ կիրառելով նաև ժամանակակից տեխնոլոգիաներն ու նորարարությունը:
ԻՀԱ-ի գործունեությանը կարող եք հետևել կազմակերպության պաշտոնական վեբ կայքում։