Պատմություն

 

2014 թվականի նոյեմբերի 28-ին 60 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ  ՀՀ մարզերից և Երևան քաղաքից ընդունեցին ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հիմնադրման մասին հռչակագիրը, որով հիմնադրվեց Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ-ների) հակակոռուպցիոն կոալիցիան:

Իր ստեղծման պահից մինչ օրս, որպես ՔՀԿ-ների ինքնիշխան միավորում և հակակոռուպցիոն ոլորտի հիմնական դերակատարից մեկը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան նախաձեռնել և մասնակցել է ՀՀ-ում մի շարք հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը, այդ թվում` ապօրինի հարստացման քրեականացմանը,  ազդարարման համակարգի և հակակոռուպցիոն ինտիտուցիոնալ համակարգի, այդ թվում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենսդրական դաշտի ստեղծմանը, հանրային գնումների գործընթացում իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրմանը, բիզնես և այլ ոլորտներում մի շարք հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը: 2018-19 թվականներին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ակտիվորեն ներգրավված է եղել Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրի մշակման և հանրային քննարկման աշխատանքներին, ոլորտի պետական, իջազգային և տեղական հիմնական դերակատարների հետ կազմակերպել է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը` միջազգային փորձի ներքո» խորագրով կառավարություն-քաղաքացիական հասարակություն փորձագիտական միջազգային համաժողովը, մասնագիտական և իրազեկման միջոցառումներ Երևանում և ՀՀ մարզերում, ինչպես նաև ներկայացրել է առաջարկներ, որոնց գրեթե 90 տոկոսը ներառվել են ռազմավարությունում և դրա իրականացման միջոցառումների ծրագրում:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարությունը կազմակերպել է նաև «Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունը  ՀՀ-ում՝ միջազգային փորձի լույսի ներքո» խորագրով քաղաքացիական հասարակություն-կառավարություն համաժողովն ու հեղինակել «Անցումային արդարադատության մեխանիզմների կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում՝ միջագային փորձի լույսի ներքո» զեկույցը:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ համատեղ գործարկում է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը: