Տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 3-րդ համաժողովը

2018 թ. դեկտեմբերի 19-ին Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված հակակոռուպցիոն միջոցառման շրջանակներում անցկացվեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 3-րդ համաժողովը:

Համաժողովի ընթացքում կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի կողմից ներկայացվեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 21.07.2017-31.10.2018թթ. ժամանակահատվածի գործունեության հաշվետվությունը, որից հետո այն հաստատվեց քննարկման արդյունքում: Այնուհետև, կոալիցիայի ներկայացուցիչներ Սյուզաննա Սողոմոնյանը, Մարիամ Զադոյանը և Մարատ Ատովմյանը ներկայացրեցին կոալիցիայի 2019-2023 թվականների ռազմավարությունը: Քննարկումից հետո այն հաստատվեց: Ռազմավարությամբ արտահայտված էին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ռազմավարական նպատակները, խնդիրները և գործողությունների պլանը։ Հիմնական նպատակները 3-ն են՝

1. Բարձրացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետև` ՔՀԿ-ներ) կողմից կառավարության հակակոռուպցիոն բարեփոխումների նկատմամբ հանրային վերահսկողության արդյունավետությունը,

2. Նպաստել կոռուպցիայի վերացմանն ուղղված արդյունավետ քաղաքականությունների և կառուցակարգերի ներդրմանն ու զարգացմանը, նպաստել բարեխիղճ` թափանցիկ, հաշվետու, արհեստավարժ կառավարման համակարգի զարգացմանը,
3. Նպաստել հասարակության մեջ կոռուպցիայի` որպես հասարակության սպառնալիքի ընկալման ձևավորմանն և արմատավորմանը, կոռուպցիայի նկատմամբ հասարակության անհանդուրժողականության ընկալման, քամահրանքի միջավայրի և հասարակության շրջանում ազնիվ կառավարման պահանջարկի ձևավորմանը և հասարակության իրազեկության մակարդակի բարձրացմանը` հակակոռուպցիոն կենտրոնների վերագործարկման միջոցով` հակակոռուպցիոն կրթության, կոռուպցիայի կանխարգելման և պատժի անխուսափելիության հիման վրա:

Հիմնական խնդիրների թվին են պատկանում՝

  • Նպաստել ՀՀ-ում անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մասնագիտական մարմնի ներդրմանը` փաստարկված հաջողված միջազգային փորձի հիման վրա,
  • Նպաստել ՀՀ-ում ազդարարների իրավունքների պաշտպանությանը և ազդարարման պետական միասնական անանուն էլեկտրոնային հարթակի գործարկմանը,
  • Զարգացնել bizprotect.am ազդարարման հանրային անանուն էլեկտրոնային հարթակը,
  • Նպաստել ապօրինի հարստացման ինստիտուտի բարեփոխումների և ապօրինի հարստացման գործերով մոնիթորինգի իրականացմանը,
  • Նպաստել ՀՀ-ում իրական իրական սեփականատերերի գրանցամատյանի ներդրմանը` փաստարկված հաջողված միջազգային փորձի հիման վրա,
  • Նպաստել ՀՀ-ում գողացված ակտիվների վերականգնման ինստիտուտի ներդրմանը և այդ ոլորտի կարողությունների զարգացմանը,
  • Նպաստել ՀՀ տնտեսական ընկերություններում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրմանը։
Նշենք, որ վերջին նպատակը ներդրվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագրի առաջարկով, որն իրականացվում է Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE), Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Կորպորատիվ կառավարման կենտրոնի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։

Համաժողովի ընթացքում տեղի ունեցան նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի ընտրությունները: Նախ հաստատվեց կոալիցիայի կառավարման խորհրդի թվաքանակը, իսկ այնուհետև անցկացվեցին խորհրդի նոր կազմի անդամների ընտրությունը: Ստորև ներկայացված է նոր կազմով կառավարման խորհրդի անդամների ցանկը.

  1.  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ
  2.  «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ
  3.  «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ
  4. «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ
  5.  «Հայաստանի երիտասարդ բժիշկների ասոցիացիա» ՀԿ
  6.  Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ 
  7.  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն
  8.  Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա
  9.  Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ
  10.  Գյումրու «Կանթեղ» Իրավապաշտպան ՀԿ
  11.  Հայաստանի համայնքների միություն
  12. «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ
  13. «Լրագրողները՝ հանուն մարդու իրավունքների» ՀԿ