Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցը հայտ է ներկայացնում՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի ՔՀԿ հարթակում

Այսօր՝ փետրվարի 26-ին, խորհրդարանում ընթանում են լսումներ՝ «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր» թեմայով։

Ելույթ ունեցավ նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ Սյուզաննա Սողոմոնյանը, ով ներկայացրեց  կառույցի դիրքորոշումը։ 

«Ինչպես արդեն գիտեք, համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 366-րդ հոդվածի ուժով ստեղծվելու է քաղաքացիական հասարակության հարթակ և այս լսումները հարթակի ստեղծման գործընթացի մասն են։ Այս գործընթացում կարևորում եմ հատկապես այն սկզբունքների անշեղորեն պահպանումը, որով կձևավորվի քաղաքացիական հասարակության հարթակը, դրանք են՝ թափանցիկությունը, ներառականությունը և ռոտացիայի սկզբունքները:

Իհարկե, այս սկզբունքները ինքնանպատակ չեն նախատեսված և դրանք ենթադրում են հարթակի ձևավորման գործընթացում ուժերի կոնսոլիդացիա և քաղհասարակության կազմակերպությունների բոլոր դերակատարների մասնակցություն՝ առանց մրցակցության և համերաշխ պայմաններում։

Ես այստեղ ներկայացնում են նաև Կառուցողական երկխոսության ցանցը, որը ստեղծվել է 2019 թվականի փետրվարին Եվրոպական միության կողմից ֆինանսավորված ամենամեծ ծրագրերից մեկի՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում։ Ցանցը ներկայումս միավորում է շուրջ 250 ՔՀԿ-ների և հայտ է ներկայացնում իր ակտիվ մասնակցությունն ունենալ նաև ստեղծվող հարթակի շրջանակներում։  Ընդ որում, 250 ՔՀԿ-ները բազմապրոֆիլ են և ներկայացնում տարբեր ոլորտներ, ինչպես օրինակ՝ արդարադատություն, մարդու իրավունքներ, էներգետիկա, գյուղատնտեսության, հանրային ֆինանսների կառավարում և այլն։ Ի թիվս այլնի, Ցանցի աշխատանքներից ցանկանում եմ առանձնացնել Հայաստանում առաջին անգամ բյուջետային գործընթացի նկատմամբ իրականացված հանրային վերահսկողությունը, որը հետայսու կապահովի բյուջետավորման գործընթացի թափանցիկությունն ու հանրային մասնակցությունը։ Մասնավորապես, Կառավարության հետ տևական աշխատանքի արդյունքում, տարեսկզբին ՀՀ վարչապետը կայացրեց որոշում, ըստ որի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվող ժամանակացույցով բյուջետային հայտերը մինչև ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելը, հայտատու մարմինները իրենց հայտերը՝ ներառյալ հաշվարկ հիմնավորումները պետք է քննարկեն ոլորտային ՔՀԿ-ների հետ՝ կազմակերպելով հանրային քննարկումներ։

Ցանկանում եմ նաև ընդգծել, որ հարթակի ձևավորման աշխատանքների պատշաճ կազմակերպմանը զուգահեռ կարևոր է նաև հարթակի կազմող ՔՀԿ-ների կարողությունները և փորձագիտությունը, ինչպես նաև ՀՀ-ում տարբեր հանրային քաղաքականությունների մշակման և բարելավման գործընթացում ունեցած ազդեցության մակարդակը։ Եվ այս տեսանկյունից լուրջ անելիքներ կան նաև տարբեր ընթացակարգերի և չափորոշիչների մշակման գործընթացում»,- իր ելույթում նշեց Սյուզաննա Սողոմոնյանը։