ՔՀԿ ների հակակոռուպցիոն կոալիցիայի հայտարարությունը «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացված «Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրության» վերաբերյալ

Սույն թվականի փետրվարի 21-ին Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն–Հայաստանը ներկայացրել է 2019թ. ՀՀ տնային տնտեսությունների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի հետազոտության  արդյունքները։ Հետազոտությունը իրականացվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախաձեռնությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան թեև առանձնակի  կարևորում է Հայաստանում կոռուպցիայի և դրա դրսևորումների նկատմամբ հանրային ընկալումներն ու կարծիքը վեր հանող օբյեկտիվ ուսումնասիրությունների անցկացումը, դրանց արդյունքների հրապարակայնացումը, այնուհանդերձ Կոալիցիան որոշակի վերապահումների ունի հետազոտության զեկույցում ներառված և դրա շնորհանդեսին ներկայացված որոշ գծապատկերների և աղյուսակների տվյալների վերաբերյալ, որոնք մոլորեցնող են և հետագայում առիթ են տվել չհիմնավորված շահարկումների, դրանց հիման վրա կատարված որոշ ոչ օբյեկտիվ ու ոչ իրավաչափ եզրակացությունների, ինչպես նաև  ապատեղեկատվության տարածման:

Վերոգրյալը հաշվի առնելով, Կոալիցիայի կառավարման խորհուրդը սույն թվականի մարտի 19-ին հանդես է եկել հայտարարությամբ: