Բնապահպանական ոլորտում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ քննարկում՝ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցներին ներկայացվել է ՀՀ-ում բնապահպանական ոլորտում կոռուպցիոն ռիսկերը և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) կառուցվածքը և գործունեության ոլորտներն ու առանձնահատկությունները։

Դասը վարում էր ԱՃԹՆ քաղաքացիական հասարակության խմբի ներկայացուցիչ Գոհար Ղազինյան։

Փորձագետ խոսեց Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության մասին։ ԱՃԹՆ-ն բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որին անդամակցում են 51 երկրներ (09.03.2017թ. դրությամբ):

ԱՃԹՆ-ի ստանդարտն ընդգրկում է բնական պաշարների արդյունահանումից մինչև դրա` երկրի քաղաքացիների վրա ունեցած ազդեցության հետ կապված բոլոր հիմնական խնդիրները, մասնավորապես, ինչպես են տրամադրվում և գրանցվում ընդերքօգտագործման և ոլորտի այլ թույլտվություններն ու պայմանագրերը, ովքեր են այս գործընթացների շահառուները, ինչպիսին են ֆինանսական և իրավական կարգավորումները, որքան արտադրանք է արտադրվում, ինչքան են կազմում ոլորտից պետական բյուջե ուղղվող եկամուտները, ինչպես են տեղաբաշխվում այդ եկամուտները, ինչ ներդրում է ապահովվում տնտեսության մեջ՝ ներառյալ զբաղվածության աճը:

«Հայաստանում ընդերքօգտագործման ոլորտում անբարոյականությունը շատ է, կոռուպցիոն ռիսկերը՝ նույնպես։ Ոլորտը բաժանված է եղել մի քանի պաշտոնյաների և իշխանության հովանավորյալների միջև, հսկողությունը թույլ է եղել, իսկ նոր իշխանությունը այս ուղղությամբ դեռ գործնական քայլեր չի արել ու արդեն ժամանակն է գործելու»,-նշում է Գոհար Ղազինյանը։

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: