Կայացավ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ գործողությունների ծրագրի հանրային քննարկումը
Փետրվարի 25-ին, տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի հանրային քննարկումը։ Այն կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից։
«Ամենակարևոր խնդիրը, ինչպես դրված է այս բարեփոխումների փաթեթում՝ ոստիկանի կերպարի փոփոխության խնդիրն է։ Ինչպես մենք ասում էինք դեռևս Անցումային արդարադատության քննարկումների ժամանակ՝ իրավապահ համակարգը, դատական համակարգը, ուժային կառույցները, հանրային, քաղաքացիական ծառայողները պետք է «մարդու իրավունքները խախտողներից» դառնան մարդու իրավունքներ պաշտպանող, ոստիկանը պետք է հանրության համար լինի վստահելի։ Ոստիկանությունում աշխատալու համար պետք է այդ աշխատանքը լինի գրավիչ և այստեղ շատ կարևոր խնդիրներ ու շեշտադրումներ կան դրան հասնելու համար և ամենակարևորը կրթության խնդիրն է»․ այս մասին միջոցառմանը՝ բացման խոսքում նշեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը։
Ոստիկանության հանրության վերաբերմունքի փոփոխության ու վստահության վերջնանպատակին հասնելու համար նախատեսվել են ռազմավարական մի քանի ուղղություններով փոփոխություններ, որոնց շուրջ արդարադատության նախարարությունն ամենօրյա աշխատանքներ է տանում ոստիկանության հետ․ իր խոսքում նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը։ «Այս բարեփոխումների հիմնանպատակը ոստիկանության փիլիսոփայության, ոստիկանի նկարագրի փոփոխությունն է՝ մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ զգայուն, այդ իրավունքների պաշտպանությանը միտված, հաշվետու, թափանցիկ, մասնագիտորեն պատրաստված, վարքագծային և վերաբերմունքային բարելավված հատկանիշներով ոստիկանի կերպարն է»,-ասաց փոխնախարարը։
Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը նշեց, որ նախագիծը երկար սպասված է․ «Այսօր ոստիկանությունը չունի այն լիազորությունները, չկան այն անհրաժեշտ իրավակարգավորումները, որոնք թույլ կտան ոստիկանությանն իր առջև դրված խնդիրները պատշաճ լուծել, ստեղծել այն պատկերացումները, որոնք մենք ցանկանում ենք տեսնել ոստիկանի կերպարում, ավելի արդյունավետ պայքարել այսօրվա մարտահրավերների դեմ։ Կարելի է ասել, որ վերջին տասնամյակում ոստիկանությունը թուլացվել է, լիազորությունները վերցվել են, նոր ներդրումներ չեն արվել ոստիկանության ոլորտում՝ իրավական, կադրային ռեսուրսներ, ինչն էլ բերել ու հասցրել է այս վիճակին»։
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանի խոսքով, ոստիկանությունը տարիներ շարունակ հանդես է եկել որպես գործիք՝ օրվա քաղաքական իշխանության ձեռքին․ «Հենց այս պատճառով է, որ ոստիկանությունը վայելում է վստահության շատ ցածր մակարդակ։ Ոստիկանության այդ դերն առավել ակնհայտ է դրսևորվել Հայաստանի իրավազորության ներքո գտնվող անձանց հավաքների ազատության իրականացման ոլորտում, երբ տարիներ շարունակ անհարկի բռնություններ են կիրառվել տարբեր հավաքների ժամանակ, որոնք ցրվել են ուժի կիրառմամբ»։
«Ոստիկանության գործունեության իրավաքաղաքական գնահատականին այդ փաստաթղթում անդրադարձ կատարելու անհրաժեշտություն չկա և դրա առկայությունը խոսուն վկայություն է այն բանի, որ ամեն ինչ չէ, որ բավարարում է բոլորիս՝ քաղաքացիական հասարակությանը, ոստիկանությանը։ Բարեփոխման անհրաժեշտություն իհարկե կա»,-ասաց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։
Հասարակությունը, որպես ոստիկանական ծառայության միակ ենթադրելի շահառու, պետք է տա իր ազդակները, թե ինչ տեսակի, ձևաչափի ու հմտությունների, կարողությունների ոստիկաններ է ցանկանում տեսնել։ «Իհարկե, մենք ունենք մեր պատկերացումները, որոնք ձևավորվել են միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա, կան երկրներ, որոնք որոշ փուլերում լայն թափով փորձարկել են բարեփոխումները, որոշակի փախողումներ են ունեցել, կան, որոնք մեծամասամբ հաջողել են և մենք այս առումով շահեկան վիճակում ենք, որովհետև զուտ կրթական մասով կարող են գնահատել դրանք ու արդյունքներ քաղել՝ մեզ մոտ ներդնելու համար»,- նշեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանը։
Փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն իր ելությում նաև նշեց, որ ոստիկանության կրթահամալիրը տարիներ ի վեր ապահովել է ոստիկանության կադրերի ապահովումը, սակայն փիլիսոփայությունը, որը պատկերացնում ենք նոր հասարակական, ժողովրդավարական իրավակարգավորման ներդրման մեջ՝ որոշակի նորամուծություններ է պահանջում։ Նա ներկայացրեց ոստիկանության բարեփոխումների ռազմավարության հիմնական ուղղությունները, առաջնահերթությունները։
Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը նշեց, որ այս փոփոխություններով ակնկալվում է ոստիկանության իմիջի բարձրացում։ «Դրան հասնելու համար մենք փորձեցինք տեսնել, գտնել ու ուսումնասիրել, թե ինչ կոմպոնենտներ կան, որոնք ազդում են այս գործընթացի վրա։ Ուսումանսիրեցինք միջազգային փորձը՝ եկանք այն համոզմանը, որ կոմպոնենտնեևից մեկը քաղաքացու անվտանգության զգացումի ապահովումն է»,-նշեց Արմեն Ղուկասյանը։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը մի շարք համակարգային հարցեր բարձրացրեց՝ նշելով․ «Այս ամեն ինչը հաջողություն կունենա, եթե մենք լուրջ կրթական գործընթաց սկսենք ու դրա պատասխանատուները նաև դրաձնենք քաղաքացիական հասարակության մասնագիտացված կառույցներին՝ իրենց հեղինակությամբ, իրենց ռեսուրսներով ու նաև հստակ հաշվենք, թե օրինակ որքան գումար է հարկավոր այդ կրթական գործընթացի համար, քանի որ մենք համայնքային նոր ոստիկանի կերպար կերտելու համար պետք է մտնենք դպրոցներ, աշխատանք կատարենք, լրացուցիչ շարունակական կրթություն լինի, դրանք գնահատվեն և այլն»։
Ելույթներով հանդես եկան նաև ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող-խորհրդական Ամալյա Հովսեփյանը, Հակակոռուպցիոն և բարեվարքության հարցերով փորձագետ Մարատ Ատովմյանը։
Ներկայացվեցին ոստիկանության բարեփոխումների ռազմավարության հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, ինչպեսև մարդու իրավունքների պաշտպանության բարելավման, թափանցիկության և հանրային հաշվետվողականության ապահովման խնդիրները, ոստիկանությունում ծառայության գրավչության, կադրերի պատրաստման և մասնագիտական զարգացման ապահովման խնդիրները՝ նոր ոստիկական համակարգում։