«Բարեվարքությունը և դրա տարրերը»․ կայացավ ԵԱՀԴ հերթական հեռավար դասընթացը
2020 թվականի ապրիլի 2-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ «Բարեվարքությունը և դրա տարրերը՝ մասնագիտական արհեստավարժություն (կոմպետենցիա), հաշվետվողականություն, էթիկայի կանոններ և հակակոռուպցիոն վարքագիծ», դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, փաստաբան, հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը։
Ըստ դասախոսի՝ լավ կառավարումն ու բարեխղճությունը փոխլրացնում են միմյանց, սակայն լավ կառավարումը ավելի շատ վերաբերում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իսկ բարեխճությունը պետք է ներդրվի ցանկացած տեսակի կազմակերպությունում, անկախ իր գործունեության ոլորտից, կարգավիճակից, սեփականության և կազմակերպաիրավական ձևից:
Մասնագիտական արհեստավարժության մասին (կոմպետենցիա) խոսելիս դասախոսը կարևորեց կրթական համակարգում գործնական գիտելիքների առկայության անհրաժեշտությունը, ինչպես նաև անդրադարձավ կազմակերպություններում հաշվետվողականության ամրապնդմանը և ընդլայմանը։ Նա ներկայացրեց էթիկայի կանոնների պահպանման կարևորությունը կազմակերպություններում և շեշտեց աշխատողների կողմից կանոնների յուրացման անհրաժեշտությունը։ Հակակոռուպցիոն վարքագիծ ձևավորելու համար կարևորեց հակակոռուպցիոն արժեհամակարգը։
Արդյունավետ հանրային կառավարման տեսանկյունից, դասախոսի կարծիքով, կարևոր է նաև փոխհամաձայնությունը, թափանցիկությունը, արագ արձագանքելու կարողությունը:
Դաընթացի ժամանակ ունկնդիրները ստացան անհատական աշխատանք և կատարեցին քննարկումներ։