Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվություն և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիր (ՀՀԾ)․ կայացավ ԵԱՀԴ հերթական հեռավար դասընթացը
2020 թվականի ապրիլի 7-ին կայացավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի հերթական հեռավար դասընթացը։ Դասընթացի թեման էր՝ Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվությունն և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը (ՀՀԾ), դասախոսն էր՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան-փորձագետ Լուսինե Նալբանդյանը։
Դասախոսը ներկայացրեց Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնց շրջանակում Հայաստանը պարտավոր է նախատեսել իրավաբանական անձի քրեական պատասխանատվության ինստիտուտը։ Անդրադարձավ ՀՀ-ում ՀՀԾ-ի ներդրման անհրաժեշտությանը՝ ներկայացնելով փաստեր ՀՀ-ում բիզնես ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին, մասնավորապես՝ Հայաստան ներդրումներ կատարող երկրների կոռուպցիայի դրսևորումներով հանդես գալու բարձր ռիսկայնությունը։ Ինչպես նաև, նա անդրադարձավ տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների անհատական և գլոբալ օգուտներին, եթե վերջիններս ներդնեն ՀՀԾ-ն իր բոլոր բաղադրիչներով։ Նրա խոսքով՝ մասնավոր ոլորտին անհրաժեշտ է ՀՀԾ-ի ներդնումը, որը կօգնի ընկերությանը խուսափել քրեական պատասխանատվությունից, կկրճատի գործարարության ծախսերը, կներգրավվի նոր ներդրումներ, կբարձրացնի տվյալ ընկերության գործարար համբավը, կառողջացնի ՀՀ-ի բիզնես միջավայրը և կկանխի կոռուպցիոն ռիսկերի ի հայտ գալը, ինչը աստիճանաբար կնպաստի կոռուպցիայի նվազեցմանը բիզնես ոլորտում։
ՀՀԾ-ի կարևոր սկզբունքներն են՝ ընկերության ղեկավարի ներգրավվումը տվյալ գործընթացքում, հաշվետվողականությունը, գործընթացի թափանցիկությունը, արդյունավետությունը, վերահսկողությունը և աշխատակիցների ներգրավվումը։ Դասախոսը իր խոսքում նշեց, որ կարևոր է ՀՀԾ-ն, ներառյալ՝ կորպորատիվ կառավարման, էթիկայի, գործարար շրջանառության կանոնները ներդնելիս հանձնառությունը դրսևորվի ղեկավարության կողմից։ Ղեկավարությունը պետք է ձգտի ներգրավել աշխատակիցներին այդ գործընթացի մեջ՝ օրինակ ծառայելով նրանց համար, ինչպես նաև նշեց, որ ՀՀԾ-ն քարացած համակարգ չէ և մշտապես բարելավման և մոնիթորինգի կարիք ունի։ Նա շեշտեց, որ ՀՀԾ-ն պետք է ներդնել ոչ միայն մասնավոր սեկտորում, այլ նաև հանրային ծառայողների շրջանակում։
Դասախոսը կարևորեց ռիսկերի գնահատումը և նշեց, որ պետք է որոնել թույլ կողմերը, որոշել կոռուպցիայի ծագման հավանականության աստիճանը, հատուկ ուշադրություն դարձնել կոռուպցիայի ծագման հնարավորությունների վրա, ինչպես նաև ներդնել ռիսկերի կառավարման պլան, կատարել պլանի գնահատում և
պարբերաբար վերանայել պլանը։
Դասընթացի ավարտին ունկնդիրները ևս համաձայնվեցին դասախոսի հետ, որ կոռուպցիան բիզնեսի համար ավելորդ ծախս է համարվում, այնուհետև ստացան իրենց հերթական հանձնարարությունը հաջորդ դասընթացի համար։