ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիոն 25 անդամներ մասնակցել են ՔՀԿ-ների/ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացման առցանց դասընթացին

Ապրիլի 15-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Հայաստանի ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի անդամ 53 հասարակական կազմակերպությունների 58 ներկայացուցիչներ ավարտել են ՔՀԿ-ների/ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացման ուսումնական մոդուլի առաջին հոսքի առցանց դասընթացը՝ էլեկտրոնային ուսուցման հարթակում: 

Այն կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «ԻՀԱ-ն հանուն արդիականացման» ծրագրի շրջանակներում և անցկացվել ԻՀԱ-ի կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ստեղծված էլեկտրոնային ուսուցման հարթակի միջոցով: 

Երևանի, Սյունիքի, Շիրակի, Լոռիի, Արմավիրի, Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի ՔՀԿ-ներ և ՔՀԿ-ների կոալիցիաների շուրջ 70 ներկայացուցիչներ հնարավորություն են ստացել առանց մայրաքաղաք հասնելու, սեփական տներից, իրենց հարմար պայմաններում ու սիրելի թեյի, սուրճի ընկերակցությամբ անցնել ուսումնական մոդուլը, որը բաղկացած է եղել 10 թեմաներից։ Սրանք ներկայացված են եղել ինչպես տեքստային, այնպես էլ տեսանյութերի միջոցով:

Մոդուլի արդյունավետությունը ստուգելու նպատակով դասընթացը ունկդրած ՔՀԿ-ները լրացրել են ստուգողական հարցաշար-քուիզը․ 80 և ավելի տոկոսին ճիշտ պատասխանած ունկնդիրները ստացել են ավարտական վկայականներ: 

Հավելենք, որ առցանց ուսուցումն ավարտած 58 մասնակիցներիցը 31-ը ԿԵՀ ցանցի անդամներ են, 25-ը՝ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամներ։ Նշված 58 մասնակիցներից 13-ը Երևանի կազմակերպություններից են, 13-ը՝ Լոռու մարզից, 10-ը՝ Սյունիքից, 10-ը՝ Շիրակից, 2-ական մասնակիցներ՝ Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի մարզերից և 1-ը՝ Տավուշից։

Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի ներկայացուցիչ Լիլիթ Չիչոյանի խոսքով, դասընթացն անցել է 1 օրվա ընթացքում։ «Առցանց ուսուցման այս դասընթացների շարքը կազմված էր բավականին բովանդակալից և շատ ուսուցողական էր, որն էլ հնարավորություն էր տալիս համակարգային և համապարփակ տեղեկատվություն ստանալ թեմայի վերաբերյալ։ Դասընթացը, իհարկե, ամբողջությամբ շատ կարևոր էր, քանի որ ընտրված էին թիրախային թեմաներ։ Կազմակերպության համար կարևոր արժեք ունեն հատկապես Ռազմավարական պլանավորման և Զարգացման պլաններ կազմելու թեմաները, քանի որ շատ հակիրճ ներկայացված են այն հիմնական սկզբունքները, որոնց շուրջ պիտի իրականացվի ռազմավարական պլանանավորումը և կազմվի զարգացման պլանը»,-նշում է նա։ Լիլիթ Չիչոյանը նաև հավելում է, որ առցանց դասընթացի լավ կողմիրց է այն, որ հնարավորություն է տալիս խնայել ժամանակ․ «Քանի որ առանց կտրվելու մեր հիմնական աշխատանքից, մեզ հարմար ժամին և վայրում կարողացանք անցնել դասընթացը։ Մյուս առավելությունն այն է, որ պատրաստված վիդեո նյութերը, անհրաժեշտության դեպքում, կարելի է տեսնել այնքան անգամ, որքամ ուզենք։ Իսկ դասընթացի վատ կողմերից կուզեմ առանձնացնել այն, որ դասընթացը անցնելու ժամանակ հարցերով անմիջապես մասնագետներին դիմելու հնարավորություն  չկար»,-նշում է մասնակիցը։

«Երեխաների հասարակություն մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արա Սուքիասյանը նշում է, որ կազմակերպության, նրա զարգացման համար դասընթացը կարևոր էր․ դրա շնորհիվ ձեռք է բերվել վստահելի պատրաստություն՝ կառուցողական երկխոսության հանձնառության։

Սրանից բացի, առցանց ուսուցումը կազմակերպությանը տվել է՝ «Մարդու իրավունքների,  հանրային ֆի­նանս­­ների կառավարման, կրթության, սոցիալական, բիզնեսի,  ՏԻՄ-ի և հարակից այլ ոլորտների հիմնահարցերի վերաբերյալ գիտելիքներ, նաև ՀԿ-ի կազմակերպական, ֆինանսական կայունության, փաստարկված հանրային քա­ղաքականության, հանրային վերահսկողության, կոալիցիաների կառուցման և զարգացման, ինչպես նաև պետության և ՏԻՄ-երի հետ կառուցողական երկխոսություն ստեղծելու և ամրապնդելու հետ կապված հմտությունները և կարողությունները զարգացնելու հմտություններ»,- հավելում է Արա Սուքիասյանը։

Նրա խոսքով, առցանց դասընթացը շատ կոնկրետ ու մատչելի էր, հնարավորություն կար թեման զուգահեռաբար/միաժամանակ ունկնդրելու և ընթերցելու, ըստ անհրաժեշտության անմիջապես չյուրացված նյութին անդրադառնալու, օժանդակ նյութերի ընդօրինակմամբ թեման գործնականորեն կիրառելու, նաեւ յուրացման արդյունավետությունն անմիջապես գնահատելու։ «Ընդօրինակելի է առաջիկայում կազմակերպության ներսում ակտիվի ուսուցում կազմակերպելու համար։ Շատ առաջադիմական էր։ Վատ կողմեր դժվարանում եմ նշել, չկար»։
 
Հավելենք, որ կազմակերպությունը գործունեություն է ծավալում Գյումրիում։
 
Շիրակի մարզի մեկ այլ ներկայացուցչի՝ «Ինթրա» հոգեբանական ակումբ» ՀԿ նախագահ Քրիստինա Բաղդադարյանի խոսքով էլ, ձեռք է բերել անչափ կարևոր գիտելիքներ, որոնք միանշանակ մեծ ազդեցություն են ունենալու հետագա գործունեության վրա՝ որպես նոր գրանցված հասարակական կազմակերպություն։ «Մենք ունեինք կարողությունների զարգացման անհրաժեշտություն և այս դասընթացն իր բովանդակությամբ նպաստեց դրա վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելուն»,-նշում է նա։
 
Կազմակերպության ղեկավարն առցանց դասընթացների համար, որպես բացասական կողմ նշում է այն, որ չկա լսարանի և փորձագետի հետ անմիջական շփումը, նշվում են նաև դրական կողմերը․ «Դրական կողմերից միանշանակ ժամանակի խնայողությունը և օրվա գրաֆիկն ինքնուրույն տնօրինելու հնարավորությունը։ Այսինքն՝ եթե սովորական հանդիպման ժամանակ մենք կկարողանայինք մասնակցել միայն մեկ նմանատիպ դասընթացի, ապա առացանց դասընթացի պարագայում, օրվա ընթացքում կարող ենք 2-3 նմանատիպ դասընթացների մասնակցել»,-ասաց Քրիստինա Բաղդադարյանը։

Առցանց դասընթացը հնարավորություն է տվել դրան մասնակից դառնալ նաև Սյունիքի մարզում գործունեություն իրականացնող «Երիտասարդ Սյունիք» երիտասարդական հասարակական կազմակերպության ներկայացուցչին՝ Աննա Խաչատրյանի։ 

«Այս ուսուցումը առհասարակ ՀԿ-ներին տվեց հավելյալ գիտելիքներ և հմտություններ։ Ի՞նչ է բարեխղճության ազգային համակարգը, էթիկայի բնորոշումները, կոռուպցիայի հասկացությունը, կանխարգելման մեխանիզմները, որոնք են կառավարման ենթահամակարգերը և այս բոլորին տեղեկացված լինելը շատ անհրաժեշտ է ՔՀԿ-ին և ՔՀԿ կոալիցիաններին ճիշտ գործունեություն ծավալելու համար»,-նշում է Աննան։

Նա կարևոր է համարում նաև գիտելիքները ՀԿ-ի ռազմավարական պլանի մշակման, գործողությունների ճիշտ համակարգման, մարտավարական ուղղությունների ճշգրտման վերաբերյալ։

Դասընթացներին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև Լոռու մարզում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

«Արգինա» մշակութային ՀԿ ներկայացուցիչ Գայանե Բալայանի խոսքով, դասընթաց կարևոր է, որի շնորհիվ վրանայվել է կազմակերպության ռազմավարական պլանը և լրացվել թերի կողմերը։ «Լավ էր այնքանով, որ ժամանակ կար ավելի մանարկրկիտ և հիմնավոր ուսումնասիրելու տրամադրված նյութերը»,-նշում է նա։

 «Կազմակերպությունը մշակված ռազմավարական պլան չուներ։ Դասընթացի արդյունքում մենք սկսել ենք աշխատել ՌՊ-ի վրա։ Իմ կարծիքով միայն դրական կողմեր ուներ դասընթացը։ Կար նյութերն ուսումնասիրելու և տեղայնացնելու հնարավորություն»,-նշում է «Միջհամայնքային համագործակցություն հանուն գյուղական համայնքների զարգացման» ՀԿ ներկայացուցիչ Արթուր Մելիքսեթյանը։

ՔՀԿ-ների կառավարման համակարգի, ինչպես նաեւ դրանց ներքին կարողությունների զարգացման վերաբերյալ օգտակար գիտելիքներ է ստացել «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Էլեն Հովհաննիսյանը։ ««Դասընթացը համարում եմ բավականին արդյունավետ, իսկ ստացած գիտելիքները՝ մնայուն եւ օգտակար։ Ժամանակային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման առումով հարմար էր դասընթացն անցնել առցանց, մեր իսկ տնից, միակ վատ կողմն այն էր, որ չկար առերես հաղորդակցում այլ կազմակերպությունների ներկայացուցիչ մասնակիցների հետ»,-նշում է նա։

«Եթե ցանկանում ենք կազմակերպությունը կամ կոալիցիան զարգացնել, ավելի լավ պատկերացնել կառուցվածքը, առաքելությունը, ապա այս թեմաների իմացությունը ոչ միայն կարևոր է, այլ նաև պարտադիր է»․ նշում է «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ ղեկավար Անուշ Ասլանյանը։

«Մեդիա ակումբ» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ ներկայացուցիչ Նարինե Մաթևոսյանի խոսքով էլ, թեմաները բովանդակալից էինք՝ «ՔՀԿ-ների ռազմավարությունն, համագործակցություն, կոալիցիաներ ու դրանց ենթահամակարգեր, սկսած կամավորությունից, աշխատակազմից, մինչև էթիկական նորմեր, ռազմավարական պլան ու կազմակերպությունը ճիշտ ներկայացնելու հնարավորություններ»,-նշում է նա։

Դասընթացի մասնակցի դիտարկմամբ այն, ինչ պետք է իմանալ ՔՀԿ-ների գործունեության, համագործակցության, ռազմավարության և այլնի մասին, դասընթացի միջոցով մատուցվել է ավելի համակարգված, ամբողջական ձևով: «Այժմ արդեն մեր ՀԿ-ն իր գործունեությունը և ռազմավարությունը կշարունակի կազմակերպել՝ հաշվի առնելով դասընթացից ստացած գիտելիքները»,-նշում է Նարինե Մաթևոսյանը։

Հավելենք, որ առցանց դասընթացներն անցնելու, հավաստագիր ստանալու համար, մասնակիցները նշում են, որ ծախսել են 1 օրից մինչև 9-10 օր՝ կախված, թե նրանցից ով ինչ պարտականություններ ու այլ առաջադրանքներ ուներ կատարելու։

Մասնակիցները նմանատիպ մեկ այլ դասընթացի մասնակցել-չմասնակցելու հարցում միակարծիք են՝ «Իհարկե կմասնակցենք»։