Մեր աջակցությունն ենք հայտնում գործադիր, օրենսդիր իշխանություններին՝ ՍԴ ճգնաժամը հանգուցալուծելու հարցում․ ԱԼԳ ՔՀՖ
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը ՀՀ իշխանություններին հակակոռուպցիոն պայքարում և դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում Պլատֆորմի աջակցության վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը․
– կարեւորելով Հայաստանում ոլորտային եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների հետեւողական, մասնակցային եւ թափանցիկ իրականացման անհրաժեշտությունը,
– ակնհայտ համարելով, որ կոռուպցիայի եւ ապօրինությունների դեմ հասարակության պատվերի հիման վրա նոր իշխանությունների կողմից իրականացվող պայքարն արժանանում է նախկին քրեաօլիգարխիկ ռեժիմի ժառանգորդների դիմադրությանը,
– գնահատելով Սահմանադրական դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կասեցված գործի քննությունը ս․թ․ հուլիսի 7-ին վերսկսելու վերաբերյալ որոշումը՝ որպես Դատարանի կողմից առանձին քաղաքական խմբերի շահերը սպասարկելու բացահայտ դրսեւորում,
– վտանգ տեսնելով նախկին ռեժիմի ներկայացուցիչերի գործողություններում ՀՀ-ում ժողովրդավարության եւ անվտանգության, ինչպես նաեւ արդարության վերականգնման համար,
– մտահոգված լինելով դատական համակարգի կողմից արդարադատության իրականացմանը խոչընդոտելու առկա միտումներով՝
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է.
– ողջունում ենք ՀՀ իշխանությունների պայքարը կոռուպցիայի դեմ՝ կոչ անելով օգտագործել հասարակությունում առկա ողջ ներուժը պայքարի արդյունավետության բարձրացման համար,
– մեր աջակցությունն ենք հայտնում ՀՀ գործադիր եւ օրենսդիր իշխանություններին՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամը հանգուցալուծելու նպատակով Սահմանադրության փոփոխությունների իրականացման գործում,
– ողջունում ենք Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի, ինչպես նաեւ վերջիններիս անդամ պետությունների ղեկավարների աջակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումներին,
– կոչ ենք անում ՀՀ իշխանություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Հայաստանում իրականացվող եւ իրականացվելիք բարեփոխումներում հասարակության ակտիվ եւ լիարժեք մասնակցությունն ապահովելու համար, մասնավորապես՝ ստեղծել եւ զարգացնել ինստիտուցիոնալ շրջանակներ՝ դրանցում քաղաքացիական հասարակության ներգրավման համար,
– հորդորում ենք ՀՀ իշխանություններին դրսեւորել վճռականություն եւ հետեւողականություն բարեփոխումների իրականացման գործընթացում,
– կոչ ենք անում ՀՀ իշխանություններին տալ նախորդ քրեաօլիգարխիկ ռեժիմի եւ ժողովրդի իշխանության շարունակական յուրացման իրավաքաղաքական գնահատականը,
– հորդորում ենք ՀՀ իշխանություններին հետամուտ լինել դատական համակարգի լիակատար եւ խորքային զտման (վեթինգի) վերաբերյալ իրենց խոստմանը եւ անհապաղ սկսել դրա իրականացումը,
– կոչ ենք անում Հայաստանի բոլոր ժողովրդավարական ուժերին առժամանակ մի կողմ թողնել միմյանց եւ ՀՀ իշխանությունների հետ ունեցած բոլոր տարաձայնությունները՝ միավորելով ջանքերը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում,
– կոչ ենք անում Եվրոպական խորհրդարանի խմբակցություններին խուսափել Հայաստանում տեղի ունեցող իրավական գործընթացներին քաղաքական գնահատականներ տալուց։
Ծանոթություն․ ԵՄ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը հայաստանյան քաղաքացիական հասարակության 230-ից ավելի կառույցների կամավոր միավորում է, որի անդամներն իրենց լավագույն ջանքերն են ներդնում՝ կյանքի կոչելու ՔՀՖ առաքելությունը, արժեքները եւ նպատակները Հայաստանում, ինչպես նաեւ ԱլԳ ամբողջ տարածաշրջանում: ՀԱՊ–ը հետամուտ է ԱլԳ ծրագրերի իրականացմանը, երկրի ներքին խնդիրների լուծումները ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելուն, հասարակության բոլոր շերտերի մասնակցայնության եւ տեղեկացվածության ապահովմանը, ժողովրդավարական բարեփոխումների հետեւողական իրականացմանը»: