Համալսարանի և ուսումնարանի ուսանողները մասնակցություն կունենան կոռուպցիայի դեմ պայքարում
Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչները 2020 թվականի հուլիսի 21-ին առցանց սեմինարներ անցկացրին Եվրոպական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի և Վանաձորի Կարեն Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողների համար:
Իրազեկման սեմինարին ողջույնի խոսքով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի Լոռու մարզային մասնաճյուղի համակարգող, իրավաբան՝ Զարինե Հովհաննիսյանը, ով մասնակիցներին ներկայացրեց ծրագրի յուրահատկությունները, ինչպես նաև կարևորեց նրանց մասնակցությունը ՝ ծրագրի հաջողության, կայացման գործընթացում:
Սեմինարի ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Մարիամ Զաքարյանը մանրամասն ներկայացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը, պատասխանեց մասնակիցների հարցերին, կիսվեց սեփական փորձով:
Մարիամ Զաքարյանը կարևորեց յուրաքանչյուրի մասնակցությունը, նշելով, որ վերնայավել են ծրագրի կետերը, որի արդյունքում մասնակիցների թվի սահմանափակում չի լինի, ինչն էլ իր հերթին նպատակ ունի մասնակիցների շրջանում ոգևորվածության մակարդակը բարձրացնել:
Վանաձորի Կարեն Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի հետ կազմակերպված հանդիպմանը ներկա էր նաև ուսուցչուհի Թեհմինա Ափինյանը, ով ողջունեց ծրագրի իրականացումը և իր հարցերն ուղղեց ծրագրի կազմակերպիչներին:
Մասնակիցներին հիմնականում հետաքրքրում էր ծրագրին դիմելու կարգը, իրականացման ժամկետները, ուսուցման մեխանիզմները, ինչպես նաև ծրագրի մաս կազմող հակակոռուպցիոն արշավի իրականացումը՝ ներկայիս արտակարգ իրավիճակի պայմաններում:
Իրազեկման սեմինարներին մասնակցեցին մեկ տասնյակից ավելի անձինք: Հիշեցնենք, որ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ: