Մեկնարկել է Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի խորացված փուլը
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի խորացված փուլի արտագնա դասընթացը մեկնարկեց հոկտեմբերի 21-ին։ 5 օր Շիրակի, Լոռու, Արմավիրի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերից և Երևանից 22 երիտասարդներ իրենց հմտություններն ու գիտելիքները կավելացնեն հակակոռուպցիոն ոլորտում։
Դասընթացը սկսելուց առաջ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին սեպտեմբերի 27-ից Արցախում զոհված զինծառայողների հիշատակը։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հիմնադիր Կարեն Զադոյանը բացման իր խոսքում կարևորեց հատկապես այս օրերին՝ պատերազմական վիճակում, հակակոռուպցիոն կրթական ոլորտում մասնակից լինելն ու ապագայում, հայրենիքում, իրենց ավանդը ներդնելու համար գիտելիքներ ստանալը։
Նա խոսեց ծրագրի սկզբնական փուլի մասին՝ նշելով, որ շուրջ 120 ունկնդիրներից 22-ն են ընտրվել՝ խորացված ուսուցում անցնելու համար։ ««Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը, որն իրականացվում է Շվեդիայի կառավարության օգնությամբ, սկսել ենք ամիսներ առաջ։ Առաջին անգամ ստեղծվել է էլեկտրոնային ուսուցման հարթակ, որը բոլորդ հաջողությամբ ավարտել եք։ Խորացված ուսուցումն անցնելու համար դուք ընտրվել եք ձեր արժանիքների, գիտելիքների համար։ Հույս ունենք, որ այն հակակոռուպցիոն գիտելիքները և կարողությունները, որ մենք՝ մեր փորձագետների, թիմի անդամների՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի համալիր ջանքերով ձեզ կփոխանցենք, կփորձենք կառուցել ազնվության և հակակոռուպցիոն արժեքների ամուր ողնաշար, որպեսզի հետագայում էլ դուք ձեր անձնական կարիերայում առաջնորդվեք այդ արժեքներով»,-ասաց Կարեն Զադոյանը։
Դպրոցի հիմնադիրը խոսեց նաև կոռուպցիայի և պատերազմի կապերի, կոռուպցիայի պատճառով առաջացած հետևանքների ու անդառնալի կորուստների մասին։
Խորացված փուլի ընթացքում իրենց գիտելիքներով կկիսվեն Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետները:
Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներն ուսումնասիրելու են այնպիսի թեմաներ՝ ինչպիսիք են․ հակակոռուպցիոն կրթությունը և հանրային մասնակցությունը, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը, կոռուպցիայի դեմ պայքարը ՏԻՄ-երում, հանրային ծառայողների գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման վերլուծությունը, ակտիվների վերադարձը՝ ըստ քրեաիրավական և քաղաքացիաիրավական ընթացակարգերի։
Գործնական աշխատանքների ու խմբային առաջադրանքների միջոցով էլ երիտասարդներն ավելի լավ կճանաչեն միմյանց, կստանան պրակտիկ գիտելիքներ, կհամախմբվեն հակակոռուպցիոն արժեքների և գաղափարների շուրջ։