«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի 2 անդամ 3-րդին առաջադրել են ԿԿՀ-ի անդամի թեկնածուի պաշտոնում
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար մրցութային խորհրդի որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Տաթևիկ Բարսեղյանի թեկնածությունը:
ԱԺ-ն այսօր քննարկում է նշված պաշտոնում Բարսեղյանին նշանակելու հարցը։
Կենսագրությունից պարզ է դառնում, որ վերջինս 2012-2019 թվականներին աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում (ԹԻՀԿ), այժմ ԹԻՀԿ անդամ է։
Հարկ է նշել, որ Մրցութային խորհրդի կազմում են ընդգրկված «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի 2 նախկին աշխատակից՝ Լիանա Ղալթաղչյանը, ով վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է և Հերիքնազ Տիգրանյանը, ով ԱԺ պատգամավոր է։
Տիգրանյանը ընդգրկված է եղել ԹԻՀԿ խորհրդի կազմում, հիմա էլ հանդիսանում է ԹԻՀԿ անդամ։ Ղալթաղչյանը նույնպես ԹԻՀԿ անդամ է։ ԱԺ-ում Բարսեղյանի կենսագրությունը ներկայացրեց հենց Տիգրանյանը։
Նշենք նաև, որ թեկնածուի ամուսինը ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանն է։
Ավետիսյանը 2017-2018թթ. «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության (Սորոսի հիմնադրամ) քաղաքացիական հասարակության ծրագրերի պատասխանատու է եղել:
Տաթևիկ Բարսեղյանի կենսագրությունը ամբողջությամբ՝ այստեղ։
Փաստացի ստացվում է, որ ԹԻՀԿ-ի երկու անդամները ընտրել են մեկ այլ անդամի և այն ներկայացրել ԱԺ-ին, որը չի բավարարում Հակակոռուպցիոն գործակալությունների գործունեության սկզբունքների մասին Ջակարտայի հայտարարության նախատեսված այնպիսի կարևոր չափանիշներին, ինչիպիսիք են՝ նշանակման գործընթացի անկողմնակալությունը, չեզոքությունը, բարեխղճությունն ու իրավասությունը, անկախությունը և քաղաքական չեզոքությունը։
Զարմանալի է, երբ ԹԻՀԿ-ի առաքելությունն է՝ կոռուպցիայի դեմ պայքարը և թափանցիկությունը, բայց իր և իր անդամների գործունեությամբ նպաստում է կոռուպցիայի պայքարի ձախողմանը և հովանավորչությանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը 2019 թվականի նոյեմբերի 19-ին ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին։
Հանձնաժողովի անդամներ ընտրվեցին Լիլիթ Ալեքսանյանը, Հայկուհի Հարությունյանը, Էդգար Շաթիրյանը, Արամայիս Փաշինյանը և Նարեկ Համբարձումյանը։
2019-ի նոյեմբերի 26-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը հայտարարեց, որ հրաժարականի դիմում է ներկայացնելու։ Նա այժմ զբաղեցնում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը։
Հարկ է նաև նշել, որ ներկայումս «Թրանսփարենսի Ինթերնեշնլը» փոխկապակցված է կառավարության հետ։ ԹԻՀԿ մի շարք անդամներ այժմ պետական տարբեր պաշտոններ են զբաղեցնում։ Օրինակ՝ Արայիկ Հարությունյանը (Վարչապետի գլխավոր խորհրդական), Հայկակ Արշամյանը (Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն):
Արցախում 2019-ի սեպտեմբերի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար Կառավարությունը առանց մրցույթի օգոստոսի 22-ի նիստում որոշեց պահուստային ֆոնդից 33 միլիոն 680 հազար դրամ տրամադրել 2 հասարակական կազմակերպության:
Առանց մրցույթի 16 միլիոն 200 հազար դրամ է հատկացվել Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակին, 17 միլիոն 480 հազար դրամ՝ «Թրանսափարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին: