Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ՀՀ նախագահին կոչ է անում չստորագրել կոռուպցիոն ռիսկեր պարունակող «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը. Հայտարարություն

Կառավարության նախաձեռնությամբ 2021 թվականի հուլիսի 15-ին գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։ Ընդամենը 4 հարցից բաղկացած օրակարգային հարցերից էր նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը։ Նախագիծը ընդունվեց առաջին և երկրորդ ընթերցումներով, այն հեղինակվել է ԱԺ յոթերորդ գումարման պատգամավորների կողմից։

Ըստ նախագծի՝ նախատեսվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերը, որը հանրության շրջանում ստացավ պատգամավորի «ձեռքի ծախս» բնորոշումը, յուրաքանչյուր պատգամավորի համար սահմանել ամսական 250.000 ՀՀ դրամ՝ ներկայիս 50.000 ՀՀ դրամի փոխարեն։ 

Ըստ օրինագծի՝ փոփոխությունը ուժի մեջ է մտնելու Ազգային ժողովի հաջորդ գումարման երկրորդ նստաշրջանի բացման օրվանից:

Ավելին, ըստ 2021 թվականի հուլիսի 15-ին գումարված՝ ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ՀՀ ԱԺ որոշման նախագծի համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2021 թվականի հուլիսի 15-ին գումարված՝ ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում: Նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկների և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ

Հավելենք, որ հուլիսի 15-ի երեկոյան երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվեց վերը նշված օրինագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը անգամ չեն ներկայացրել հանրությանը։ Ավելին, կառավարության կողմից նման նախաձեռնությամբ հանդես գալու որոշումը ևս զուրկ է պատճառաբանական մասից և առկա չէ հիմնավորում առ այն, թե ինչու է ԱԺ յոթերորդ գումարման վերջին օրերին հրատապ կարգով արտահերթ նստաշրջան գումարելու անհրաժեշտություն առաջացել։ Այսպիսի ժամկետների սահմանումը, այդ թվում առաջարկների և գլխադասային հանձնաժողովի կողմից եզրակացության ներկայացման համար ընդամենը երեք ժամի սահմանումը վկայում է այն մասին, որ այս նախագիծը կենսական նշանակություն ունի իշխող քաղաքական ուժի համար, թեև այն չի կարգավորում Հայաստանի անվտանգության, պաշտպանության և արտաքին հարաբերությունների վերաբերյալ դրույթներ, այն ուղղված չէ այնպիսի խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը ու սոցիալական երաշխիքների սահմանմանը, ինչպիսիք են՝ կենսաթոշակառուները, Արցախյան պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորները, անօթևան դարձած ու բռնի տեղհանված անձինք։ 

 

Վերոգրյալի արդյունքում, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը ունի ողջամիտ կասկածներ առ այն, որ այս նախագիծը և դրա ընդունմանն ուղղված հրատապ քայլերը ունեն մեկ նպատակ․ իշխող քաղաքական ուժը՝ ՀՀ ԱԺ 7-րդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների միջոցով որոշել է վերջին անգամ մանդատները օգտագործել անձնական ու խմբակային շահ սպասարկելու անօրինական նպատակով՝ ապահովելով ապագա գործընկերների ֆինանսական կայունության ևս մեկ հնարավորություն, որը իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր։ 

ՀՀ ԱԺ պատգամավորներին նաև հիշեցնում ենք, որ ՀՀ սահմանադրության 93-րդ հոդվածով սահմանված ներկայացուցչական մանդատի ուժով պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով, ուստի պատգաամավորը «իր ընտրողների» հետ հանդիպումների համար «ձեռքի ծախս»-ի կարիք բնավ չունի:

Եթե այսպիսի նախանձախնդիր շտապողականությամբ ՀՀ ԱԺ պատգամավորների կողմից տվյալ նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ այսօր չընդունվեր, ապա Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ՀՀ ԱԺ պատգամավորներին կհորդորեր նման հրատապությամբ ու նվիրվածությամբ զբաղվել Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերների լուծմամբ, այդ թվում նաև՝ Հայաստանի անվտանգության և նրա քաղաքացիների ֆիզիկական անվտանգության ապահովմամբ, Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով հաշմանդամության տարբեր կարգեր ձեռք բերած զինվորների և բռնի տեղհանված անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական երաշխիքների ճկուն համակարգի ներդրմամբ։ 

Սակայն, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիային մնում է միայն ՀՀ նախագահին կոչ անել ցուցաբերել ողջախոհություն և չստորագրել կոռուպցիոն ռիսկեր պարունակող «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը: 

 

  

«15» հուլիս, 2021

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ