Արդարադատության նախարարության աշխատանքի իմիտացիան՝ դատավորների բարեվարքության ստուգման գործիքակազմի ստեղծման հարցում
Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 11-ին հրապարակել է նոյեմբերի 2-ին Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության հետ կազմակերպած «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով մասնագիտական քննարկման արդյունքները։
Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է. «Արդարադատության նախարարությունը կազմակերպել էր համաժողով՝ մի քանի տասնյակ իրավաբան-գիտնականների, քաղհասարակության ներկայացուցիչների, հանրային և քաղաքական գործիչների, փաստաբանների, պետական պաշտոնյաների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ»:
Այս թեմային արդեն անդրադարձել ենք՝ նշելով, թե հիմնականում որ կազմակերպություններն են ներկա եղել քննարկմանը։ Նշվել էր, որ այդ ՔՀԿ-ները տարբեր տարիներին ֆինանսավորվել կամ ֆինանսավորովում են նույն աղբյուրից՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանից (հանրության շրջանում հայտնի է որպես Ջորջ Սորոսի հիմնադրամ)։
Սույն թվականի նոյեմբերի 11-ին՝ ամփոփելով համաժողովի քննարկումները, Արդարադատության նախարարության մասնագետները հանգել են հետևյալ եզրակացության.
«Դատավորների վեթինգը կարելի է իրականացնել երեք եղանակով՝
1.այդ նպատակով հատուկ ձևավորված նոր մարմնի կողմից, որի համար օրենքով կսահմանվեն դատավորների վեթինգի իրականացման կարգը, չափանիշները, փուլերը, ինչպես նաև այդ մարմնի կազմը, իրավասությունները, որոշումների կայացման կարգը, բողոքարկման մեխանիզմներն ու հիմքերը:
2.օրենքով սահմանված խախտումների հիմքերով կարգապահական վարույթներ հարուցելով և դատավորներին պատասխանատվության ենթարկելով:
3.կարգապահական վարույթներ հարուցելու համար օրենքով նոր չափորոշիչներ սահմանելով»,-գրված է նախարարության հաղորդագրության մեջ։
Պետք է ընդգծել այն փաստը, որ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան` Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ նոյեմբերի 1-ին հրապարկել էր ուսումնասիրությունների և դատական բարեփոխման ճանապարհային քարտեզներ, որոնցում մանրամասն ներկայացված էր թե՛ միջազգային փորձը, թե՛ դրա հնարավոր տեղայնացումը՝ հայաստանյան իրականությանը։
Սույն թվականի նոյեմբերի 8-ին, Դատավորի բարեվարքության ստուգումն ու պատասխանատվությունը` արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում. միջազգային փորձն ու ՀՀ-ում իրականացման մեխանիզմների ուսումնասիրության վերաբերյալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից համատեղ կազմակերպվել էր փորձագիտական առցանց աշխատաժողով, որի արդյունքներով որոշակի խմբագրական փոփոխություններ էին կատարվել ուսումնասիրությունում։
Փաստարկված ուսումնասիրության վերաբերյալ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը նշել էր շատ ավելի վաղ արված աշխատանքների մասին. «Դեռևս 2018 թվականի վերջերին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան իրականացրել էր լայնածավալ աշխատանք, ուսումնասիրել էր անցումային արդարադատության գործիքակազմ ներդրած 35 երկրների փորձ, որոնք ունեցել են և՛ հաջողված, և՛ ձախողված փորձ։ Այդ արդյունքները ներկայացվել են Խորհրդարանական լսումների ժամանակ, և երեք հիմնական զեկուցողներից մեկը տրվել էր ՔՀԿ սեկտորին, որը ներկայացնում էր Կոալիցիայի քարտուղարության համակարգող Իրավաբանների հայկական ասոցիացիան։ Այնուհետև, այլ երկրների փորձերը և հայաստանյան համատեքստը հաշվի առնելով, ուսումնասիրել և ներկայացրել ենք առավել թիրախային ու համակարգայաին ուսումնասիրություն, որը վերաբերում է դատական համակարգում վեթինգի իրականացմանը»։
Հակակոռուպցիոն փորձագետի խոսքով՝ հրապարակված ուսումնասիրությունն էլ եղել է նախկինում կատարված աշխատանքների վերանայումը և համապատասխանեցումը ներկա իրավիճակին։
Ստացվում է, որ ներկայացված ուսումնասիրության 10 առաջարկներից 3-ը, արդարադատության նախարարության կողմից հատվածական կերպով արտացոլված են որպես համաժողովի քննարկման արդյունքներ՝ ցույց տալով, թե դատավորի բարեվարքության ստուգման համար մեխանիզմներ են ներդրվում։
Այսպիսով, Արդարադատության նախարարությունը՝ աշխատանքի իմիտացիա է ստեղծում, թե լուրջ քննարկումներ են կազմակերպվել, առաջարկություններ հավաքագրվել, ներկայացվել է արդյունքը, այնինչ, այդ ամենն առավել փաստարկված, առավել հստակ քայլերով ու մանրամասներով ներկայացված էր Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից նախօրոք հրապարակած Դատավորի բարեվարքության ստուգումն ու պատասխանատվությունը` արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում. միջազգային փորձն ու ՀՀ-ում իրականացման մեխանիզմների ուսումնասիրությունում: