Արդարադատության նախարարության վերջին շրջանի գործունեությունն ընտրողական է և խտրական․ Գեղամ Գրիգորյան
Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 2-ին «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով քննարկում էր կազմակերպել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության ծրագրի՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության աջակցությամբ։
Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ քննարկումն անցկացվել է «հինգ տասնյակը գերազանցող շահագրգիռ կողմերի մասնակցությամբ»։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ, Սոցիալական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Գեղամ Գրիգորյանը նշեց, որ քննարկմանը մասնակցելու հրավեր չի ստացել, չնայած կոալիցիան մասնագիտական ուսումնասիրություններ է արել։
Մինչդեռ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 3-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ քննարկման մասին խոսելիս նշել է․
«Այս երկրում ով որ վեթինգից ինչ-որ բան հասկանում է, ամենախելոք մարդիկ երեկ հավաքվել են, արդյունքները դեռ չենք ամփոփել, 1-2 օրվա մեջ իրենք կներկայացնեն՝ ինչ հասկացան փորձագետները՝ դա հնարավոր է, թե չէ։ Եթե հնարավոր է՝ մենք օրերի մեջ կսկսենք վեթինգի մասին առանձին օրենքի մշակումը, եթե հնարավոր չի՝ մենք արդեն կմտածենք սահմանադրական բարեփոխումների հետ մտածել էդ հարցով»։
Գեղամ Գրիգորյանի գնահատմամբ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ պետական կառույցի նման կերպ աշխատելը ընդունելի չէ․ «Արդարադատության նախկին նախարարները հրավերներ էին ուղարկում, մասնագիտական քննարկումներ էին անցկացնում, հիմա քաղհասարակության մի մասը անտեսված է նախարարության կողմից»։
Սոցիալական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավարը չի հասկանում, թե Արդարադատության նախարարը կամ նախարարությունը ի՞նչ չափորոշիչներով են որոշել՝ ով է վեթինգից հասկանում, ով՝ ոչ։
«ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) հրապարակել են համատեղ կատարված երկու փորձագիտական ուսումնասիրություններ։ Դրանից մեկը վերաբերում է անցումային արդարադատությանը, մյուսը՝ նշված պայմաններում դատավորի բարեվարքության ստուգման ու պատասխանատվությանը։ Այդ մեծ ուսումնասիրություններում անդրադարձ է կատարվել նաև դատարանի անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքներին։ Հիմա կոալիցիայի անդամ ՀԿ-ները, ԻՀԱ-ն վեթինգից ինչ-որ բան հասկանո՞ւմ են, թե՝ ոչ։ Կարծում եմ, որ դա իրենց համար ընտրովի է, հրավիրում են իրենց ցանկալի կազմակերպություններին, որոնք պետք է ինչ-որ հարցերի շուրջ լռեն։ Արդարադատության նախարարության վերջին շրջանի գործունեությունն ընտրողական և խտրական է»,-նշում է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ այս գործելաոճը լուրջ մտորումների տեղիք է տալիս։
Արդեն անդրադարձել է Արդարադատության նախարարությունն ու գործընկեր դարձած քաղհասարակության որոշ կազմակերպությունների դատական բարեփոխումներին նվիրված շղարշային միջոցառմանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (ներկայումս անդամակցում են 71 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ) և Իրավաբանների հայկական ասոցիացիան հրապարակել են համատեղ կատարված երկու փորձագիտական ուսումնասիրություններ՝ արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում դատավորի բարեվարքության ստուգման ու պատասխանատվության վերաբերյալ և դատարանի անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքների վերաբերյալ։