Արդարադատության նախարարությունում երբեք չի քննարկվում հանրային գիտակցության փոփոխության խնդիրը․ Արզուման Հարությունյան
Արդարադատության նախարարությունը քանիցս հայտարարել է դատաիրավական բարփոխումների իրականացման մասին, սակայն, որպես այդպիսին կատարված կոնկրետ գործողությունների, այդ թվում գործող՝ ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի կատարողականի վերաբերյալ հանրությանը բովանդակային տեղեկություններ չի տրամադրում։ Ավելին, ՀՀ արդարադատության նախարարության կայքէջում դատաիրավական ռազմավարության և դրա գործողությունների կատարողականի վերաբերյալ հրապարակված վերջին հաշվետվությունը վերաբերում է 2020 թվականի երկրորդ կիսամյակում կատարման ենթակա գործողությունների ընթացքին։ 2021 թվականի առաջին կիսամյակում կատարված գործողությունների և աշխատանքների մասին որևէ հաշվետվություն կայքէջում տեղադրված չէ։ Այնինչ, Ռազմավարության և գործողությունների ծրագրերի իրականացման, համակարգման, մշտադիտարկման և գնահատման բաժնի 13-րդ կետով սահմանված է, որ Արդարադատության նախարարության կայքէջում պետք է տեղադրվեն կիսամյակային հաշվետվություններ և տարեկան զեկույցներ։
Հանրության հետ Արդարադատության նախարարության համագործակցության մասին զրուցել ենք «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Արզուման Հարությունյանի հետ։ Վերջինս նշեց, որ իրենց կազմակերպությունը երկար տարիներ զբաղվում են հանրային իրազեկման խնդիրներով, և այս ասպարեզում որևէ փոփոխություն չեն նկատել։
«Ամեն փոփոխություն պետք է պրոեկտվի հանրային գիտակցության փոփոխության վրա կամ հանրային իրազեկման դաշտ պետք է տարվի։ Ցանկացած դատաիրավական փոփոխություն, եթե հանրությանը չեն հասնում անհրաժեշտ մակարդակով, դրա ազդեցությունը բավականաչափ հետ է ընկնում և եթե հասարակությունը չի իմանում, թե ինչ բարեփոխում է արված, դա հնարավոր է, որ չաշխատի»,-նշեց նա։
Նա նշեց, որ այս առումով Արդարատության նախարարությունը և հասարակական կազմակերպությունները բավարար աշխատանք չեն տանում․ «Ավելի քան վստահ եմ, որ Արդարադատության նախարարության կողմից այս հարցը չի բարձրացվել, թե ախր մենք ժողովրդի համար բան ենք անում, բայց այդ ժողովրդին տեղյակ էլ չենք պահում»։
Անդրադառնալով Արդարադատության նախարարության աշխատելաոճին, նա նշեց․ «Հանրային կարծիքի ձևավորման մասով կոնկրետ մեր կազմակերպության հետ չեն աշխատում, որևէ աշխատանք չեն տանում։ Հանրային իրազեկման առումով, որպես համակարգային մոտեցում՝ չունեն իրենք։ Երբեք Արդարադատության նախարարությունում չի քննարկվում հանրային գիտակցության փոփոխության խնդիրը։ Իրենք իրենց առաջ նման խնդիր չեն դնում։ Չգիտեմ ում վրա են դնում այդ խնդիրը, բոլորն ասում են դա իմ խնդիրը չէ։ Ամեն մեկն իր մասով պետք է ունենա հանրային իրազեկման խնդիրների վերհանում, պատճառների հասկացում և դրանց լուծում»։
Ըստ Արզուման Հարությունյանի՝ այս խնդիրը պետք է բարձրացվի, որպեսզի հասկանան, թե ինչո՞ւ է հասարակությունը դժվար ընդունում բոլոր բարեփոխումները։
«Մոտեցումը՝ մենք լավ բան ենք անում, բայց ժողովուրդը չի գնահատում։ Չի գնահատում, որովհետև ժողովրդի հետ չեք աշխատում»։
Արդեն անդրադարձել ենք Արդարադատության նախարարությունն ու գործընկեր դարձած քաղհասարակության որոշ կազմակերպությունների դատական բարեփոխումներին նվիրված շղարշային միջոցառմանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (ներկայումս անդամակցում են 71 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ) և Իրավաբանների հայկական ասոցիացիան հրապարակել են համատեղ կատարված երկու փորձագիտական ուսումնասիրություններ՝ արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում դատավորի բարեվարքության ստուգման ու պատասխանատվության վերաբերյալ և դատարանի անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքների վերաբերյալ։