Հրապարակախոս Հովհաննես Հովհաննիսյանը՝ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում
«Վեճը կարող է դառնալ խնդիրների լուծման լավ մեթոդ»,-Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հյուրընկալել էին Հանրային խորհրդի անդամ, հրապարակախոս Հովհաննես Հովհաննիսյանին, որի հետ զրուցել են հռետորաբանության և խոսքի կառուցվածքի մասին՝ կոռուպցիայի դեմ պայքարում։
Կանոնավոր մտածողությունը պետք է լինի՝
- Որոշակի,
- Անհատական,
- Հետևողական,
- Հիմնավորված։
«Մեր ժամանակներում բարդ հարցերի համակողմանի քննարկումները, հասարակական-քաղաքական երկխոսություններն ու բանակցությունները, հրապարակային բանավեճերը՝ որպես դրանց լուծման, համաձայնության ուղիների մշակման նախընտրելի և ընդունված ձևեր, թափանցել են կյանքի ամենատարբեր, անգամ ավանդաբար պահպանողական համարվող բնագավառները: Զանգվածային լրատվության միջոցները հեղեղված են գաղափարական, քաղաքական, տնտեսական, իրավական ու մշակութային թեժ վիճաբանություններով, ամենածայրահեղ տեսակետների դրսևորմանն ու բախմանը կարելի է ականատես լինել միտինգներում ու հանրահավաքներում»,-նշում է Հովհաննես Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ անկախ մտավոր պատրաստվածությունից, հոգեկան խառնվածքից ու հակումներից` հանգամանքների բերումով վիճում են բոլորը: Քչերն են, սակայն, հետևում այդ ընթացքում իրենց վարքագծին, մտածում իրենց գործելակերպի, հաղորդակցվելու եղանակների կատարելագործման, առավել արդյունավետ մեթոդների ու սկզբունքների մասին:
Մինչդեռ տարակարծություններ առաջ բերող հարցերի շուրջ համաձայնության և ընդհանուր մոտեցումների մշակման առումով էապես կարևոր է ճիշտ հաղորդակցման, գործնական ու կառուցողական երկխոսություն վարելու սկզբունքների` որպես համաձայնողական գործուն տեխնոլոգիաների կիրառումը: Բազմաթիվ են այդ կանոններն ու սկզբունքները: Դրանք վերաբերում են ինչպես երկխոսության տրամաբանությանն ու կառուցվածքին, բարոյահոգեբանական, գեղագիտական կողմերին, այնպես էլ գործընթացի կազմակերպման, արարողակարգի ու վարվեցողության սկզբունքներին:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: