Հրապարակվել է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների ծրագրի 2021 թվականի առաջին կիսամյակի մոնիթորինգի զեկույցը
ՀՀ Կառավարությունը 2019 թվականի հոկտեմբերի 3-ին հաստատեց «ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը»: Ռազմավարությունը նախատեսում է 48 միջոցառում, որոնցից 2-ն արդեն ամբողջությամբ ավարտվել են, իսկ մնացյալ 46-ը ենթակա են պարբերական կատարման մինչև 2022թ.:
Միջոցառումները բովանդակային առումով ընդգրկում են կոռուպցիայի դեմ պայքարի երեք հիմնասյուները. կոռուպցիայի կանխարգելում, հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիոն գործերի քննություն (պատժի անխուսափելիություն):
Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան իրականացրել են ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառման 2021 թվականի առաջին կիսամյակի գործողությունների կատարման մշտադիտարկում, որի հիմնական նպատակն է՝ Ռազմավարության միջոցառումների ծրագրի իրականացման ընթացիկ իրավիճակի և արձանագրված առաջընթացի գնահատումը։
Մոնիթորինգի իրականացման համար համադրվել են մի շարք գործիքներ, այդ թվում՝ կատարվել են տեղեկատվության հարցումներ համապատասխան պետական գերատեսչություններ, ուսումնասիրվել են առկա փաստաթղթերը, մոնիթորինգային զեկույցները և իրավասու պետական մարմինների կողմից զեկույցի նախագծի վերաբերյալ ներկայացրած դիտարկումներն ու առաջարկությունները, որոնք մասամբ ներառվել են զեկույցի վերջնական տարբերակում։ Իրականացվել է նաև ֆոկուս խմբային քննարկում մասնագիտացված ՔՀԿ-ների, ոլորտային փորձագետների և փաստաբանների շրջանում։
Մշտադիտարկման դաշտային աշխատանքներն իրականացվել են 2021 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իսկ զեկույցը մշակվել է նույն թվականի դեկտեմբեր ամսին։ Զեկույցի շնորհանդեսը և բովանդակային քննարկումը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին՝ կոռուպցիայի դեմ պաքարի միջազգային օրվան նվիրված միջոցառման շրջանակներում, որը կազմակերպվել էր ԻՀԱ-ի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից։ Միջոցառման վերաբերյալ անդրադարձին կարող եք ծանոթանալ այստեղ։
Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ զեկույցը հասանելի է այստեղ: