Հայաստանում համակարգային կոռուպցիան չի վերացել․ Մովսես Արիստակեսյան
Մովսես Արիստակեսյանը «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահն է, հանդիսանում է նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահը։ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան մասնագիտական քաղաքացիական հասարակության կառույց է, որը հիմնադրվել է 2014 թ. նոյեմբերի 28-ին Երևանում: Կոալիցիային ներկայումս անդամակցում են 50 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, իսկ քարտուղարության գործառույթները իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան:
Մովսես Արիստակեսյանի խոսել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Կառավարության կատարած աշխատանքի մասին։
-Պարոն Արիստակեսյան, 2022-ի դեկտեմբերի 9-ից Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդն եք նախագահում։ Կարո՞ղ եք ասել՝ այս ընթացքում ինչ աշխատանքներ է իրականացրել կոալիցիան։
-Կոալիցիայի 7-րդ համաժողովից հետո անցած ժամանակաշրջանում իրականացվել են հետևյալ աշխատանքները.
- անց է կացվել Կառավարման խորհրդի 8 նիստ, որոնց ժամանակ քննարկվել են հանրապետությունում վարվող հակակոռուպցիոն քաղաքականության կարևորագույն հիմնախնդիրներ, Կոալիցիայի 2019-2023 թթ. ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների ծրագրերի կատարման ընթացքը,
- այդ հարցերի քննարկման արդյունքներով ընդունվել են Կոալիցիայի Կառավարման խորհրդի հայտարարություններ՝ ՀՀ-ում կարևորագույն սոցիալ-տնտեսական խնդիրների և դրանցում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ, որոնք տարածվել են ինչպես ԶԼՄ-ներով, այնպես էլ տեղադրվել են Կոալիցիայի ու Կոալիցիայի քարտուղարությունը համակարգող կազմակերպության՝ ԻՀԱ պաշտոնական կայքէջերում:
Բացի այդ, Կառավարման խորհրդի որոշմամբ սկսվել է Կոալիցիայի անդամների ներկայացումը հանրությանը՝ դրանց գործունեության հանրայնացման, փորձի տարածման և Կոալիցիայում նոր անդամների ներգրավման ջատագովության շրջանակներում։
Նաև հավելեմ, որ ներկայում իրականացվում են աշխատանքներ հետևյալ ուղղություններով.
- արդի մարտահրավերներին համահունչ Կոալիցիայի 2019-2023 թթ. ռազմավարական պլանի վերանայում,
- ՀՀ օրենսդրության մեջ իրավական անհամապատասխանությունների և ռիսկերի վերաբերյալ հետազոտությունների իրականացում, որի շրջանակներում նախաձեռնել ենք ՀՀ արդարադատության նախարարության կազմում գործող «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի գործունեության ուսումնասիրությունը, որի հիմնական գործառույթներն են ՀՀ կարգավորիչ (իրավական կարգավորման) քաղաքականության կենսագործման, կարգավորիչ կառավարման ներդրման և զարգացման շրջանակներում ՀՀ գործող օրենսդրության վերլուծությունը, իրավահամեմատական վերլուծությունների իրականացումը և դրան համապատասխան իրավական կոլիզիաների վերացումը,
- կոռուպցիոն ռիսկեր պարունակող ՀՀ օրենսդրության իրավակարգավորումների (օրինակ՝ հիպոթեքային վարկի տոկոսի մարման եկամտահարկի հետվերադարձը, կենսաթոշակառուներին անկանխիկ գործարքների համար 10 տոկոս հետվճարի ծրագիրը, եկամտահարկի համահարթ ռեժիմի կիրառման, ոչ պրոգրեսիվ հարկահանության օրենսդրական կարգավորումները, նախկին ԽՍՀՄ ավանդների մարման բյուջետային ամենամյա ծրագիրը և այլն) վերաբերյալ հետաքննությունների իրականացումը, որոնց արդյունքներով մտադիր ենք դիմել ՀՀ սահմանադրական դատարան՝ դրանց սահմանադրականությունը առնվազն ՀՀ սահմանադրության 2 հոդվածներին (օրենքի առջև հավասարության 28-րդ հոդվածի և գույքային վիճակից կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից անկախ խտրականության բացառման 29-րդ հոդվածի) համապատասխանության քննարկման հարցով,
- ՀՀ վարչապետի գլխավորած հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) 2022 թ. մրցույթի արդյունքների հետաքննություն,
- և այլն:
Ընդ որում, հարկ եմ համարում նշել, որ այդ աշխատանքներն իրականացվել ու շարունակվում են իրականացվել առանց որևէ ֆինանսական աջակցության թե՛ ՀՀ կառավարության, և թե՛ զարգացման գործընկերների կողմից, այն պարագայում, երբ նույն կառույցների կողմից ոչ թափանցիկ և ոչ մրցութային կարգով խոշոր դրամաշնորհներ է տրամադրվում դաշտում գործող այլ հասարակական կազմակերպությունների և ՔՀԿ-ների ցանցեր: Փաստացի կարելի է արձանագրել, որ Կոալիցիան շարուկական կերպով իրականացնում է կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործունեությունը Հայաստանում:
-Դիմել էիք Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդին միանալու համար, սակայն Ձեր ներկայացրած դիմումը մերժվել է։ Ինչպե՞ս եք գնահատում Արդարադատության նախարարության այս որոշումը։
-Կոալիցիայի անդամները, հիշելով Խորհրդի մրցույթի անցկացման նախորդիվ բացթողումները, երբ դրա նախորդ կազմից առանց հիմնավորման հանվեց Կոալիցիան և իրավախախտումներով ընտրվեցին իշխանությունների հետ փոխկապակցված միևնույն կառույցները, այս անգամ փորձեցին ևս մեկ անգամ դիմել ՀՀ կառավարության կողմից հայտարարված Խորհրդի մրցույթին, դրանով ձեռք մեկնեցին Կառավարությանը՝ կոռուպցիայի դեմ իրական և համակարգային պայքարի իրականացման համար։ Կոալիցիայի անդամ 4 կազմակերպությունները մասնակցեցին այդ մրցույթին, ինչի արդյունքում ՀՀ ԱՆ կողմից ստեղծված հանձնաժողովի 2023 թ. հունվարի 10-ի համապատասխան որոշմամբ մեր Կոալիցիայից դիմած կազմակերպություններից միայն Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) է ընտրվել խորհրդի կազմում, իսկ 2 կազմակերպությունների («Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» և «Տնտեսական իրավունքի կենտրոն») հայտերը մերժվել են ոչ իրավաչափորեն։
Այդ որոշման կապակցությամբ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն համապատասխան պարզաբանումների և տեղեկատվություն ստանալու խնդրով դիմել է ՀՀ ԱՆ նախարար պարոն Գ. Մինասյանին, որից ստացել է ՀՀ վարչապետի բնութագրմամբ «ցրողական» պատասխան-խուսագիր: Դրանում ներկայացված հիմնավորումները հակասում են իրականությանը, բերված փաստերը առարկայազուրկ են: Փաստորեն մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ ՀՀ ԱՆ հրամանով չեն սահմանվել մրցույթի հստակ, չափելի, օգտակար և արդիական չափորոշիչներ, որոնք հանձնաժողովի անդամները կիրառել են ըստ իրենց հայեցողության՝ իրենց փորձառության ու ենթադրաբար պայմանավորվածություններին և/կամ հրահանգներին համապատասխան: Ըստ այդմ Կոալիցիան նախաձեռնել է համապատասխան հետաքննություն, որի արդյունքները կներկայացվեն հանրությանը:
-Շուտով նախատեսվում է մշակել Հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը։ Ի՞նչ սպասելիքներ ունեք այդ փաստաթղթի բովանդակությունից։
-Այս կապակցությամբ կցանկանայի նշել, որ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը նախատեսված է եղել իրականացնել 2019-2022 թթ ընթացքում: Փաստորեն 2023 թ․-ը մենք սկսել ենք առանց համապատասխան ռազմավարության: Այդ մասին բարձրաձայնել է նաև Կոալիցիայի քարտուղարությունը համակարգող կազմակերպությունը՝ ԻՀԱ-ն, 2023 թ. փետրվարի 10-11-ին Ջերմուկում կայացած Հակակոռուպցիոն քաղաքականության Խորհրդի նիստի ժամանակ: Արդյունքում, ԻՀԱ-ի նախագահի ներկայացրած առաջարկի հիման վրա ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զրոյից աշխատում է հակակոռուպցիոն հինգերորդ ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագրի մշակման ուղղությամբ։ Այդ նիստի արդյունքների մասին հարցազրույցը ներկայացված է Կոալիցիայի և ԻՀԱ-ի պաշտոնական կայքէջերոմ:
Ցանկանում եմ այդ առումով առանձնացել մի արտառոց փաստ: ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հայաստանի բարեվարքություն» ծրագիրը 2022 թ. շուրջ 29 մլն ՀՀ դրամի չափով դրամաշնորհ էր հատկացրել «Թրանսփարենսի ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հայաստանյան գրասենյակին՝ ՀՀ 2023-2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա միջոցառումների ծրագիրը մշակելու համար: Ընդ որում, նախատեսված էր, որ այդ աշխատանքներին պետք է ակտիվորեն ներգրավվեին քաղաքացիական հասարակության լայն շերտեր: Փաստորեն, կարելի ենթադրել, որ ամերիկյան հարկատուների փողերը այս ծրագրով ծախսվել են ոչ արդյունավետ և իր բուն նպատակին չի ծառայել:
Նոր ռազմավարության բովանդակության առումով խիստ անհանգստացնում է նաև այն, որ առ այսօր հանրությանը չի ներկայացված ՀՀ չորրորդ՝ 2019-2022թթ հակակոռուպցիոն ռազմավարության հաշվետվությոնը, որտեղ ներկայացված կլինեին կոռուպցիայի դեմ պայքարի առկա հիմնախնդիրները: Ըստ էության, դրա մի շարք գործողություններ իրականացվել են քանակական դրական ցուցանիշներ ունենալու նպատակով, այնինչ որակական մակարդակում այդ գործողությունների ազդեցությունը գնահատված չէ, և դրանք պետք է դիտարկել որպես կատարված ձևականորեն կատարված (տե՛ս օրինակ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների ծրագրի 2019-2020 թթ. և 2021 թվականի վերաբերյալ հանրային մոնիթորինգի զեկույցները)։
Ներկայում Կոալիցիան՝ ԻՀԱ-ի փորձագիտական աջակցությամբ իրականացնում է այդ ռազմավարության կենսագործման գնահատման մոնիթորինգի արդյունքների վերջնական զեկույցի ամփոփման աշխատանքները: Սակայն կարելի է արդեն արձանագրել, որ փաստացի չեն իրականացվել այդ ռազմավարության կարևորագույն այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են անցումային արդարադատության, դատավորների ու հանրային աշխատողների վեթթինգի, դատա-իրավական, այդ թվում՝ հատկապես ոստիկանության, բարեփոխումների, հանրության լայն շերտերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հակակոռուպցիոն կրթության իրականացման ուղղությամբ բազմաթիվ միջոցառումներ:
-Վերջերս բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բնակարանների ձեռք բերման վերաբերյալ աղմկահարույց մի քանի դեպքեր բացահայտվեցին։ Մասնավորապես՝ Սուրեն Պապիկյանը Երևանի կենտրոնում թանկարժեք բնակարան է գնել, որն այսօր 412.000 դոլար արժե։ Նախարարն այն գնել է 168.000 դոլարով` 100 մլն դրամով էժան։ Դուք այստեղ կոռուպցիոն էլեմենտներ տեսնո՞ւմ եք։
-Առկա են առերևույթ կոռուպցիոն ռիսկեր, ինչի հաստատման դեպքում, այս գործելաոճն ու վարքագիծը արմատապես հակասում է թավշյա հեղափոխության արժեքներին և դրա շրջանակներում հեղափոխության առաջնորդի ու օրվա քաղաքական իշխանությունների կողմից ՀՀ քաղաքացիներին տրված խոստումներին:
Դրան հակառակ արտառոց է թվում հետևյալ հանգամանքը: ՀՀ վարչապետն իր վերջին ասուլիսում շարունակաբար պնդում էր, որ ՀՀ պետական բյուջեն բավարար միջոցներ ունի իրականացնելու ցանկացած ծրագիր: Սակայն, ցավով պետք է նշեմ, որ կառավարման մարմինները պնդում են, որ ֆինանսական միջոցների սղության պատճառով է, որ նախկին ԽՍՀՄ բանկի ավանդատուների փոխհատուցման գումարները 2022 թ. համեմատությամբ 2023 թ. բյուջեում կրճատվել են 400 մլն դրամով և հատկացվել է սոսկ 1.1 մլրդ դրամ: Հարց է առաջանում. եթե վարչապետն ասում է, որ ֆինանսական միջոցների խնդիր չունեն, ապա այդ որ պաշտոնյան է ինքնուրույն որոշում կայացնում կրճատել բյուջետային միջոցների հատկացումը կարևորագույն մի խնդրի լուծման համար, ինչպիսին է նախկին ավանդատուներին ավանդների փոխհատուցման ահա արդեն 30 տարի ձգձգվող խնդիրը, ինչը արդեն վաղուց լուծվել է նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում, ինչպես նաև՝ Լեռնային Ղարաբաղում՝ այն էլ հայաստանյան փոխհատուցման դրույքաչափերի նշանակալի գերազանցումով՝ ՀՀ պետական բյուջեից տրված վարկի հաշվին:
-2023 թվականի հունվարի 31-ին հրապարակվել է կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթիվը, որտեղ Հայաստանը 2022 թվականին 3 միավորով վատթարացնել է իր ցուցանիշը և գրանցել է կոռուպցիայի դեմ պայքարում հերթական հետընթացը՝ 100 հնարավոր միավորից ստանալով ընդամենը 42-ը։ Կոռուպցիայի ընկալման վատթարացված համաթիվը ինչի՞ մասին է խոսում։
-Այդ կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ Կոալիցիան 2023 թ. փետրվարի 2-ին ԶԼՄ-ներով տարածել է իր հերթական հայտարարությունը, որում արձանագրում է այն փաստը, որ երկրում հակակոռուպցիոն պայքարն արդյունավետ չէ, շղարշային ու ձևական է, ինչի արդյունքում դրա ընկալման ցուցանիշով Հայաստանը հետընթաց է գրանցել՝ մանրամասնորեն ներկայացնելով այդ հետաընթացի պատճառները:
Հարկ եմ համարում հատկապես նշել այն փաստը, որ երկրում համակարգային կոռուպցիան չի վերացել, ինչպես նշում են իշխանությունները: Դա, ըստ մեզ, այլակերպվել է և դարձել է իշխող կուսակցության անդամների, նրանց հավատարիմ ու նվիրված անձանց համար անձնական և խմբակային շահերի սպասարկմանն ուղղված քաղաքականություն պետական-հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Ավելին՝ հների կողքին առաջացել են նոր օլիգարխներ, ովքեր դարձել են երկրի տնտեսության յուրահատուկ մենաշնորհատերերը:
Ավելին, կոռուպցիոն ռիսկեր և մտահոգություններ նկատվում են նաև կուսակցությունների և ՔՀԿ-ների ոլորտներում՝ ընտրակեղծիքների, դրամաշնորհների շղարշային մրցույթների անցկացման (կամ առանց դրա) միջոցով, երբ իշխանության և զարգացման գործընկերների հետ մի խումբ փոխկապակցված ՔՀԿ-ների շրջանում նկատվում են հովանավորչության դեպքեր:
Իշխանությունները աչքերը կոծկում են տարբեր հարթակներում տեղի ունեցող ընտրակեղծիքների վրա, և ըստ մամուլի հրապարակումների, դա շարունակում են իրենց բարձրագույն մարմնի ընտրությունների ժամանակ:
-Ինչպե՞ս եք գնահատում դոնորների հետ աշխատանքը։ Բավարար օժանդակություն ցուցաբերվո՞ւմ է ՔՀԿ-ներին։
-Ստիպված եմ արձանագրել, որ դոնոր կազմակերպությունները իրենց գործողություններով ըստ էության խախտում են հենց իրենց գործունեության համար հիմք հանդիսացող կարևորագույն այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ներառականությունն ու մասնակցայնությունը: Զարգացման գործընկերները առանց մրցույթի, առանց թափանցիկ և հաշվետու ընթացակարգերի խոշոր դրամաշնորհներ են հատկացնում իշխանության հետ փոխկապակցված ՀԿ-ներին, և միաժամանակ հանրությանը համար շոշափելի չեն այդ դրամաշնորհների արդյունքները և իրական ազդեցությունը։
Ամփոփելով, ստիպված եմ արձանագրել, որ կոռուպցիոն ռիսկերը և հովանավորչությունը առերևույթ շարունակում է թևածել նաև զարգացման գործընկերների կամ դրամաշնորհատու կազմակերպությունների շարքերում, ովքեր Հայաստանում ունեն իրենց հովանավորյալ կամ փոխկապակցված ՔՀԿ-ները, որոնք մշտապես դառնում են հաղթող այդպիսի մրցույթներում: