Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հայտարարում է 9-րդ հոսքի` 2023 թվականի ընդունելություն
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ միասին հայտարարում է Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի` 2023 թվականի ընդունելություն։ Հակակոռուպցիոն դպրոցի նպատակն է բարելավել հակակոռուպցիոն միջավայրն ու մշակույթը Հայաստանում՝ տարածելով բարեխղճության սկզբունքները և հակակոռուպցիոն գիտելիքները, ինչպես նաև հնարավորություն տալ նոր ու երիտասարդ կադրերին ստեղծել իրենց կարիերան ոլորտի պետական մարմիններում և լավագույն կազմակերպություններում։
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցին կարող են դիմել Հայաստանի բուհերի իրավաբանական, կառավարման, տնտեսագիտական, ֆինանսական, լրագրության և այլ ֆակուլտետներում սովորող ուսանողները, ինչպես նաև նույն ֆակուլտետների մինչև 30 տարեկան շրջանավարտները։
Ուսուցումն իրականացվում է հետևյալ փուլերով.
- ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. Դպրոցի հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակի միջոցով ունկնդիրները կանցնեն հակակոռուպցիոն հիմնական դասընթաց` բաղկացած 25 թեմաներից: Առցանց ուսուցումը ավարտած կհամարվեն միայն այն ունկնդիրները, որոնք կլրացնեն բոլոր թեմաների գիտելիքների ստուգման հարցաթերթիկները և կհավաքեն առցանց ուսուցման ավարտման համար նախատեսված համապատասխան միավորները:
- ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. առցանց ուսուցման փուլում բարձր արդյունքներ գրանցած, խորացված հարցազրույցի փուլը հաջողությամբ ավարտած և ընտրված լավագույն 15-20 մասնակիցները կմասնակցեն Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում կազմակերպվելիք արտագնա (Երևանից դուրս) հակակոռուպցիոն խորացված ուսուցմանը: Դպրոցի խորացված ուսուցման փուլը բաղկացած կլինի «Հակակոռուպցիոն խորացված ուսուցում» և «Ազգային ինքնության հենասյունները» ուսումնական մոդուլներից:
- ՊՐԱԿՏԻԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ. խորացված փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կբաժանվեն խմբերի և յուրաքանչյուր խումբ խորացված ուսուցման շրջանակներում խորությամբ ուսումնասիրած հակակոռուպցիոն թեմաներից մեկի վերաբերյալ կկատարի ուսումնասիրություն, մշտադիտարկում կամ հետաքննություն: Այս փուլի ընթացքում աշխատանքները կկազմակերպվեն խմբային հանդիպումների, քննարկումների, ոլորտային պատկան և այլ իրավասու մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների տեսքով: Ունկնդիրները կսովորեն ինովացիոն մի շարք գործիքներ և ձեռք կբերեն նաև հարակից հմտություններ: Այս փուլում նախատեսվում է մենթորինգ՝ խմբերի համար։
- ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓՈՒԼ. հմտությունների զարգացման փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հնարավորություն կստանան իրենց կողմից ստացած հակակոռուպցիոն գիտելիքները տարածել երիտասարդների շրջանում` հանրային իրազեկության սեմինարների միջոցով:
- ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ. պրակտիկ հմտությունների զարգացման և հանրային իրազեկման փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հեղինակավոր ժյուրիի և հանրության առջև կներկայացնեն իրենց ուսումնասիրությունների և հանրային իրազեկության աշխատանքների արդյունքները:
Դպրոցի բոլոր հինգ փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին կտրվի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ավարտական վկայականներ:
Հակակոռուպցիոն դպրոցում դասավանդում են ոլորտի հայտնի փորձագետներ` Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի ղեկավարությամբ, ինչպես նաև պատկան մարմինների ներկայացուցիչներ և ոլորտի այլ դերակատարներ: Դպրոցի ունկնդիրները հնարավորություն կունենան դիտելու թեմատիկ ֆիլմեր, իրականացնելու գործնական աշխատանքներ, ուսումնասիրություններ ու խմբային քննարկումներ, ինչպես նաև անհատական հետազոտություններ, որոնք Դպրոցի օժանդակությամբ կտարածվեն, կհրապարակվեն և կներկայացվեն հանրային քննարկման։
Ցանկացողները պետք է ներկայացնեն իրենց դիմում-հայտերը՝ լրացնելով անհրաժեշտ ձևաթուղթը՝ մինչև 2023թ.-ի հունիսի 5-ը, ժամը 23:59-ը: Ունկնդիրների ընտրությունը տեղի է ունենալու մրցութային կարգով՝ հիմնվելով ներկայացված դիմում-հայտերի վրա։ Միայն երկրորդ՝ բանավոր փուլ անցած դիմորդները կարող են հավակնել սովորելու Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում: Երկրորդ փուլը անցկացվելու է բանավոր՝ հարցազրույցի տեսքով:
Մրցույթն անցած մասնակիցներից, անհրաժեշտության դեպքում, կազմակերպիչները կարող են պահանջել լրացուցիչ փաստաթղթեր:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 010 54-01-99:
Ծրագրի ինֆորմացիոն գործընկերն է iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: