Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մարմինների գերխնդիրը արժանի կադրերի պակասն է. Կարեն Զադոյան
Հուլիսի 10-ին տրվեց Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլը մեկնարկը։
Մասնակիցները Հայաստանի բուհերի իրավաբանական, կառավարման, տնտեսագիտական, ֆինանսական, լրագրության և այլ ֆակուլտետներում սովորող ուսանողներերն են, ինչպես նաև շրջանավարտները։ Այս տարի դպրոցն ընդունել է 18-ից մինչև 43 տարեկան ունկնդիրների, որոնց շարքերում կան նաև փաստաբաններ, լրագրողներ, դատական համակարգի աշխատակիցներ։
Ներկաներին ողջունեց ու առաջին վարպետաց դասն անցկացրեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ, հակակոռուպցիոն դպրոցի հիմնադիր Կարեն Զադոյանը։ Նա ունկնդիրներին ծանոթացրեց հակակոռոիպցիոն համակարգի հենասյուների, հակակոռուպցիոն ոլորտի ՀՀ ռազմավարություններին և հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մարմիններին: Կարեն Զադոյանը նշեց, որ այս փուլում Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մարմինների գերխնդիրը արժանի կադրերի պակասն է:
ԻՀԱ նախագահը հիշեցրեց՝ 2023-2026 թվականի հակակոռուպցիոն ռազմավարությունը դեռևս մշակման փուլում է։
«Կոռուպցիայի դեմ պայքարի 3 հենասյուներն են հակակոռուպցիոն կրթությունը, կոռուպցիայի կանխարգելումը և պատժի անխուսափելիություն։ Սկզբում պետք է կրթել ու մարդկանց ցույց տալ կոռուպցիայի վտանգավորությունը, այնուհետև՝ կանխարգելել։ Կանխարգելման համար կարևոր է հայեցողությունների կրճատումը, վարչարարության արդյունավետության բարձրացումը և արդյունվետ ու թիրախային վերահսկողությունը։ Պատժի անխուսափելիության դեպքում կարևոր չէ խստությունը։ Շատերը կարծում են՝ կոռուպցիայի դեմ պայքարում արդյունավետությունը կախված է պատժի խստությունից։ Դրան ի հակադրում կարելի է բերել Չինաստանի և Հոնկոնգի օրինակը։ Կոռուպցիայի ընկալման համաթվում Չինաստանը զիջում է Հոնկոնգին։ Հոնկոնգը եռաչափ` հակակոռուպցիոն կրթության, կոռուպցիայի կանխարգելման և պատժի անխուսափելիության մոտեցումն է որդեգրել, Չինաստանը կոռուպցիայի դեմ պայքարում շեշտադրումը կատարել է պատժի խստության վրա»,-նշեց նա։
Կարեն Զադոյանը ունկնդիրներին հայտնեց՝ Հոնկոնգը հաջողության է հասել նաև հակակոռուպցիոն կրթության կայացած համակարգի շնորհի. այն սկսվում է մանկապարտեզից․ «ՀՀ նոր հակակոռուպցիոն ռազմավարության մեջ էլ նման կարգավորումներ կլինեն»։
Վարպետաց դասի ընթացքում խոսվեց նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հակակոռուպցիոն համակարգի մարմինների, դրանց կառուցվածքի և գործունեության մասին։ Ունկնդիրները մի շարք հարցեր ուղղեցին բանախոսին, այդ թվում՝ կոռուպցիայի ընկալման համաթվի և համակարգային կոռուպցիայի վերացման վերաբերյալ։
Կարեն Զադոյանը հիշեցրեց նաև, որ այս ծրագրի շրջանակներում կարևորվելու է նաև ազգային ինքնությունն ու դպրոցի շրջանակներում ունկնդիրները կուսումնասիրեն նաև ազգային ինքնության հենասյուները:
«Կարող եք լավ մասնագետ լինել, կարող եք կրել բարեվարքության բարձր հատկանիշներ, սակայն չկրել ազգային ինքնության հենասյուները. այս դեպքում ձեր գործունեության օգտակարությունը այքան էլ մեծ չի լինի մեր պետության զարգացման համար»,-ընդգծեց նա:
Նշենք նաև, որ երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում ուսուցումն իրականացվելու է հետևյալ փուլերով.
- ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. Դպրոցի հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակի միջոցով ունկնդիրները կանցնեն հակակոռուպցիոն հիմնական դասընթաց` բաղկացած 25 թեմաներից: Առցանց ուսուցումը ավարտած կհամարվեն միայն այն ունկնդիրները, որոնք կլրացնեն բոլոր թեմաների գիտելիքների ստուգման հարցաթերթիկները և կհավաքեն առցանց ուսուցման ավարտման համար նախատեսված համապատասխան միավորները:
- ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ. խորացված փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կբաժանվեն խմբերի և յուրաքանչյուր խումբ խորացված ուսուցման շրջանակներում խորությամբ ուսումնասիրած հակակոռուպցիոն թեմաներից մեկի վերաբերյալ կկատարի ուսումնասիրություն, մշտադիտարկում կամ հետաքննություն: Այս փուլի ընթացքում աշխատանքները կկազմակերպվեն խմբային հանդիպումների, քննարկումների, ոլորտային պատկան և այլ իրավասու մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների տեսքով: Ունկնդիրները կսովորեն ինովացիոն մի շարք գործիքներ և ձեռք կբերեն նաև հարակից հմտություններ: Այս փուլում նախատեսվում է մենթորինգ՝ խմբերի համար։
- ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓՈՒԼ. հմտությունների զարգացման փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հնարավորություն կստանան իրենց կողմից ստացած հակակոռուպցիոն գիտելիքները տարածել երիտասարդների շրջանում` հանրային իրազեկության սեմինարների միջոցով:
- ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. առցանց ուսուցման փուլում բարձր արդյունքներ գրանցած, խորացված հարցազրույցի փուլը հաջողությամբ ավարտած և ընտրված լավագույն 15-20 մասնակիցները կմասնակցեն Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում կազմակերպվելիք արտագնա (Երևանից դուրս) հակակոռուպցիոն խորացված ուսուցմանը: Դպրոցի խորացված ուսուցման փուլը բաղկացած կլինի «Հակակոռուպցիոն խորացված ուսուցում» և «Ազգային ինքնության հենասյունները» ուսումնական մոդուլներից:
- ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ. պրակտիկ հմտությունների զարգացման և հանրային իրազեկման փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հեղինակավոր ժյուրիի և հանրության առջև կներկայացնեն իրենց ուսումնասիրությունների և հանրային իրազեկության աշխատանքների արդյունքները:
Դպրոցի բոլոր հինգ փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին կտրվի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ավարտական վկայականներ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: