«Հակակոռուպցիոն կրթություն՝ հենց մանկապարտեզից»․ ունկնդիրները հարցի վերաբերյալ քննարկում ունեցան Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրները վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլի շրջանակներում հուլիսի 19-ին ծանոթացել են հակակոռուպցիոն կրթության թեմային։ Բանախոսը հակակոռուպցիոն փորձագետ, փաստաբան Մարատ Ատովմյանն էր։
Նա կարևորել է հակակոռուպցիոն կրթության դասավանդումը, ուսուցանումը հենց մանկապարտեզներից և պատմել ոլորտում իր փորձառությունից։ Մարատ Ատովմյանը պատմել է, թե ինչպես են ընդունել այս գաղափարը տարիների առաջ տարբեր գերատեսչություններում, ինչպիսի բացասական արձագանք է եղել։
«Հավի առնելով երեխայի տարիքը, պետք է մատչելի, առանց տերմինների բացատրել, թե ինչ բան է կոռուպցիան, նույնիսկ «կոռուպցիա» բառը չօգտագործելով։ Այստեղ հեծանիվ հորինել պետք չէ, կա հաջողված միջազգային փորձ, որը մանկապարտեզներում հակակոռուպցիոն կրթության հիանալի ձևեր է առաջարկում»,-նշեց փորձագետը։
Նրա խոսքով՝ դա կարելի բեմադրությունների, թատրոնի, նկարչական մրցույթների միջոցով կազմակերպել, գրավել նաև երեխաների ուշադրությունը, որպեսզի վերջիններիս մոտ ազնիվ քաղաքացու կերպար ձևավորվի։
Դպրոցի ուկնդիրներից Հեղինե Ասուլյանը հետաքրքրվեց․ արդյո՞ք ազնիվ քաղաքացու կերպարը չպետք է սկզբում ընտանիքում ձևավորվի, հետո՝ կրթօջախներում։ Մարատ Ատովմյանը համաձայնեց․ պետք է ընտանիքը սկսի, սակայն նկատեց՝ հասարակությունում ծնողավարման հմտությունները շատ ցածր մակարդակի վրա են։
Փորձագետն ընդգծել է՝ կոռուպցիայից, տարբեր հանցագործություններից մաքուր հասարակություն ունենալու համար պետք է փոքր հասակից քաղաքացու մոտ արժեհամակարգ ձևավորել։
«Օրինակ՝ Ավստիայում կան էթնիկ խմբավորումներ, որոնք զբաղվում են հեծանիվների գողությամբ, հետո դրանք վաճառում շատ ավելի մատչելի գներով։ Բայց գրեթե ոչ մի ավստրիացի չի գնում գողացված հեծանիվները, ու մի քանի անգամ ավելի թանկ խանութից են գնում։ Ավստրիացուն դեռ փոքրուց սովորեցրել են, որ գողությունը վատ բան է։ Ասել են, որ եթե դու գողացված ապրանք ես գնում, այդպիսով նպաստում ես գողությանը։ Կա պահանջարկի և առաջարկի տնտեսագիտական օրենքը։ Եթե մարդը գիտի, որ սպառող ունի, ով գողացված իրը կգնի, կշարունակի գողանալ»,-նշել է Մարատ Ատովմյանը։
Դասընթացի ժամանակ քննարկվել է նաև տարբեր պետական մարմիններում բանախոսի ունեցած աշխատանքային փորձը, հակակոռուպցիոն կրթության ոլորտում պետության ունեցած դիրքորոշումը և այս ուղղությամբ նախաձեռնված քայլերը։
Նշենք նաև, որ երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում ուսուցումն իրականացվելու է հետևյալ փուլերով.
- ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. Դպրոցի հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակի միջոցով ունկնդիրները կանցնեն հակակոռուպցիոն հիմնական դասընթաց` բաղկացած 25 թեմաներից: Առցանց ուսուցումը ավարտած կհամարվեն միայն այն ունկնդիրները, որոնք կլրացնեն բոլոր թեմաների գիտելիքների ստուգման հարցաթերթիկները և կհավաքեն առցանց ուսուցման ավարտման համար նախատեսված համապատասխան միավորները:
- ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ. խորացված փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կբաժանվեն խմբերի և յուրաքանչյուր խումբ խորացված ուսուցման շրջանակներում խորությամբ ուսումնասիրած հակակոռուպցիոն թեմաներից մեկի վերաբերյալ կկատարի ուսումնասիրություն, մշտադիտարկում կամ հետաքննություն: Այս փուլի ընթացքում աշխատանքները կկազմակերպվեն խմբային հանդիպումների, քննարկումների, ոլորտային պատկան և այլ իրավասու մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների տեսքով: Ունկնդիրները կսովորեն ինովացիոն մի շարք գործիքներ և ձեռք կբերեն նաև հարակից հմտություններ: Այս փուլում նախատեսվում է մենթորինգ՝ խմբերի համար։
- ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓՈՒԼ. հմտությունների զարգացման փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հնարավորություն կստանան իրենց կողմից ստացած հակակոռուպցիոն գիտելիքները տարածել երիտասարդների շրջանում` հանրային իրազեկության սեմինարների միջոցով:
- ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. առցանց ուսուցման փուլում բարձր արդյունքներ գրանցած, խորացված հարցազրույցի փուլը հաջողությամբ ավարտած և ընտրված լավագույն 15-20 մասնակիցները կմասնակցեն Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում կազմակերպվելիք արտագնա (Երևանից դուրս) հակակոռուպցիոն խորացված ուսուցմանը: Դպրոցի խորացված ուսուցման փուլը բաղկացած կլինի «Հակակոռուպցիոն խորացված ուսուցում» և «Ազգային ինքնության հենասյունները» ուսումնական մոդուլներից:
- ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ. պրակտիկ հմտությունների զարգացման և հանրային իրազեկման փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հեղինակավոր ժյուրիի և հանրության առջև կներկայացնեն իրենց ուսումնասիրությունների և հանրային իրազեկության աշխատանքների արդյունքները:
Դպրոցի բոլոր հինգ փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին կտրվի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ավարտական վկայականներ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանի կողմից: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը գործարկվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: