Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպել են Փաստաբանների պալատի նախագահի հետ
Հայաստանի Հանրապետությունում գործող 1-ին հակակոռուպցիոն մասնագիտական կրթական նախաձեռնության` Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 9-րդ հոսքի ունկնդիրները հուլիսի 27-ին վարպետաց դասերի և պրակտիկ հմտությունների զարգացման փուլի շրջանակներում հյուրընկալվեցին Փաստաբանների պալատում և նրանց հետ հանդիպեց պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
Պալատի նախագահը նշեց նաև, որ փաստաբանը, ի տարբերություն իրավաբանական ծառայություններ մատուցող այլ անձանց, պարտավոր է պահպանել էթիկայի կանոնները, որոնք ապահովում են փաստաբանական գործունեության արդյունավետությունը։
«Կանոնների մեջ առանձնահատուկ նշանակություն ունի, օրինակ, փաստաբանական գաղտնիքը։ Պատկերացրեք՝ դուք դիմում եք իրավաբանի, սակայն վստահ չեք, որ նրան հայտնած տեղեկատվության գաղտնիությունը պահպանվելու է։ Իսկ փաստաբանի համար դա առաջնային պարտականություն է։ Մյուս պարտականությունը պետական մարմինների հետ համագործակցության արգելքն է։ Դա փաստաբանի վարքագծի կոպիտ խախտում է»,-նշեց Սիմոն Բաբայանը՝ հավելելով, որ կարևոր է նաև փաստաբանի բարեխղճությունը՝ ծառայությունները մատուցելու ընթացքում։
Պալատի նախագահի խոսքով՝ կարևորն այն է, որ փաստաբաններն ունենան պատշաճ վարքագիծ և պահպանեն էթիկայի կանոնները։ Նա պատասխանեց նաև ունկնդիրների մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին ինչպես պալատին, այնպես էլ դատական համակարգի խնդիրներին և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներին։
Բացի այդ, դպրոցի մասնակիցները Սիմոն Բաբայանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին ՓՊ-ում ու ծանոթացան կառույցի այն դահլիճներին, որոնցում լուծվում են փաստաբանների համար նշանակություն ունեցող հարցերն ու խնդիրները։
Հանրային պաշտպանի գրասենյակում ունկնդիրներին դիմավորեց Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի առաջին տեղակալ Թամարա Բաղդասարյանը։ Նա ներկաներին ներկայացրեց գրասենյակի հիմնական գործառույթները։
Այսպիսով, հանրային պաշտպանը փաստաբան է, որը գործում է գրասենյակի ղեկավարի ներկայացմամբ` Փաստաբանների պալատի նախագահի հետ կնքած աշխատանքային պայմանագրի հիման վրա։ Հանրային պաշտպանը վարձատրվում է պետական բյուջեից օրենքով սահմանված չափով և կարգով։
«Քրեական գործերով անվճար իրավաբանական օգնությունն իրականացվում է վարույթն իրականացվող մարմնի որոշման հիման վրա գրասենյակի ղեկավարի կողմից հանրային պաշտպանի նշանակման միջոցով։ Քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով` անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվում է քաղաքացիների դիմումների հիման վրա գրասենյակի ղեկավար կողմից օրենքով նախատեսված դեպքերում և կարգով»,-մանրամասնեց Թամարա Բաղդասարյանը։
Հավելենք նաև, որ դպրոցի ունկնդիրների որոշ մասնակիցներ մտածում են փաստաբան դառնալու մասին։
Նշենք նաև, որ երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում ուսուցումն իրականացվելու է հետևյալ փուլերով.
- ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. Դպրոցի հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակի միջոցով ունկնդիրները կանցնեն հակակոռուպցիոն հիմնական դասընթաց` բաղկացած 25 թեմաներից: Առցանց ուսուցումը ավարտած կհամարվեն միայն այն ունկնդիրները, որոնք կլրացնեն բոլոր թեմաների գիտելիքների ստուգման հարցաթերթիկները և կհավաքեն առցանց ուսուցման ավարտման համար նախատեսված համապատասխան միավորները:
- ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ. խորացված փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կբաժանվեն խմբերի և յուրաքանչյուր խումբ խորացված ուսուցման շրջանակներում խորությամբ ուսումնասիրած հակակոռուպցիոն թեմաներից մեկի վերաբերյալ կկատարի ուսումնասիրություն, մշտադիտարկում կամ հետաքննություն: Այս փուլի ընթացքում աշխատանքները կկազմակերպվեն խմբային հանդիպումների, քննարկումների, ոլորտային պատկան և այլ իրավասու մարմինների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների տեսքով: Ունկնդիրները կսովորեն ինովացիոն մի շարք գործիքներ և ձեռք կբերեն նաև հարակից հմտություններ: Այս փուլում նախատեսվում է մենթորինգ՝ խմբերի համար։
- ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՓՈՒԼ. հմտությունների զարգացման փուլը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հնարավորություն կստանան իրենց կողմից ստացած հակակոռուպցիոն գիտելիքները տարածել երիտասարդների շրջանում` հանրային իրազեկության սեմինարների միջոցով:
- ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՒԼ. առցանց ուսուցման փուլում բարձր արդյունքներ գրանցած, խորացված հարցազրույցի փուլը հաջողությամբ ավարտած և ընտրված լավագույն 15-20 մասնակիցները կմասնակցեն Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շրջանակներում կազմակերպվելիք արտագնա (Երևանից դուրս) հակակոռուպցիոն խորացված ուսուցմանը: Դպրոցի խորացված ուսուցման փուլը բաղկացած կլինի «Հակակոռուպցիոն խորացված ուսուցում» և «Ազգային ինքնության հենասյունները» ուսումնական մոդուլներից:
- ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ. պրակտիկ հմտությունների զարգացման և հանրային իրազեկման փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրները հեղինակավոր ժյուրիի և հանրության առջև կներկայացնեն իրենց ուսումնասիրությունների և հանրային իրազեկության աշխատանքների արդյունքները:
Դպրոցի բոլոր հինգ փուլերը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին կտրվի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ավարտական վկայականներ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը հիմնադրվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանի կողմից: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը գործարկվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Iravaban.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: