Լոռու, Տավուշի և Արարատի մարզերի ներկայացուցիչների մասնակցությամբ հանրային իրազեկման սեմինար
Նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ հանրային իրազեկման առցանց սեմինար Լոռու, Տավուշի և Արարատի մարզերի հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպանների, փաստաբանների և այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ, որը կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՔՀԿ-ների կառուցողական երկխոսության ցանցի կողմից՝ Եվրոպական միության և «Բաց կառավարման գործընկերություն․ Եվրոպա» հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
Քննարկման հիմնական նպատակն էր հանրության իրազեկման բարձրացումը ազդարարման համակարգի վերաբերյալ՝ օժանդակելով ազդարարման համակարգի բարելավմանը և նպաստելով ազդարարների վերաբերյալ Հայաստանում հանրության շրջանում ձևավորված իրավամտածողության և մշակույթի փոփոխմանը: Սա միտված է նաև կերտելու ազդարարի, որպես ՀՀ քաղաքացու, դրական և պահանջատեր կերպարը։
Մասնակիցները սեմինարի բանախոս և «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանի հետ միասին ուսումնասիրեցին, թե առհասարակ ինչ է ազդարարումը, ազդարարների դերը մերօրյա իրականության մեջ և իհարկե Հայաստանում գործարկվող ազդարարման բոլոր էլեկտրոնային հարթակները։ Բանախոսը քայլ առ քայլ ներկայացրեց, թե ինչպես կարող են կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ կասկածներ ունեցող անձինք հայտ ներկայացնել հարթակներում՝ և՛ անանուն, և՛ բացահայտ, այսինքն անձնական տվյալները ներկայացնելու եղանակով։ Բարձրաձայնվեցին նաև ազդարարման եղանակների բացերը և խնդիրները։
Այնուհետև սեմինարի մասնակիցների հետ անցկացվեց մտքերի փոխանակում և գաղափարների հավաքագրում, որի ընթացքում նրանք հայտնեցին ազդարարման համակարգի մասին իրենց դիրքորոշումները և կարծիքները։ Հավաքագրվեցին ազդարարման համակարգի բարելավմանն ուղղված մի շարք առաջարկություններ և գաղափարներ։
Ծանոթանալով haytnir.am ազդարարման էլեկտրոնային նոր հարթակին, մասնակիցներից շատերն ընդգծեցին ազդարարման այլընտրանքային հարթակի գործարկման կարևորությունը, քանի որ ըստ իրենց՝ մերօրյա իրականության մեջ, ցավոք, հասարակության կողմից պետական մարմինների հանդեպ վստահությունը փոքր ինչ զիջում է հասարակական կազմակերպությունների հանդեպ վստահությանը։
Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի մշակույթի տան տնօրեն Նարինե Պողոսյանը հետաքրքրվեց ազդարարման խրախուսման համակարգի ներդրման վերաբերյալ, թե արդյոք Հակակոռուպցիոն նոր ռազմավարության մեջ ներառված են խրախուսման (նաև դրամական) համակարգի ներդրմանն ուղղված քայլեր և արդյոք մոտ ապագայում Հայաստանը կորդեգրի խրասուսման համակարգի մեխանիզմները՝ հետևելով միջազգային հաջողված փորձին։ Իրազեկման թեման շարունակելով, ծրագրի օգնական Անահիտ Մարդոյանը մասնակիցներին ներկայացրեց աշակերտների և ուսանողների շրջանում տարվող իրազեկման աշխատանքները, մասնավորապես ներկայումս ազդարարման վերաբերյալ նկարչական և շարադրությունների մրցույթները։ Մրցույթների մանրամասներին և գրանցման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։
Մասնակիցները մեծ ոգևորությամբ ողջունեցին իրազեկման նմանատիպ սեմինարի կազմակերպումը և յուրաքանչյուն իր հերթին առաջակեց նմանատիպ իրազեկման սեմինարներ, քննարկումներ և հանդիպումներ կազմակերպել արդեն առկա ձևաչափով՝ ինչպես մարզկենտրոններում, այնպես էլ սահմանամերձ համայնքներում։