Կարեն Զադոյանը և Մարատ Ատովմյանը հանդիպեցին Մալազիայի հակակոռուպցիոն հանձնաժողովի գլխավոր հանձնակատարի գլխավորած պատվիրակության հետ
Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի (ICAC) 8-րդ գիտաժողովի շրջանակներում Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի (այսուհետ` ԻՀԱ) նախագահ պարոն Կարեն Զադոյանը, ԻՀԱ-ի փոխնախագահ, Կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ պարոն Մարատ Ատովմյանը պաշտոնական հանդիպում ունեցան Մալազիայի հակակոռուպցիոն հանձնաժողովի գլխավոր հանձնակատար պարոն Թան Շրի Դատո Շրի Հաջի Ազամ բին Բակիի գլխավորած պատվիրակության հետ:
Մալազիայի պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցում էին Մալազիայի հակակոռուպցիոն հանձնաժողովի տնօրեն պարոն Դատո Մոնդ Հավազ Բին Նազարը և Մալազիայի հակակոռուպցիոն հանձնաժողովի գլխավոր հանձնակատարի ավագ օգնական տիկին Նիկ Նուրզարի Բինտի Մոնդ Զայնուդինը։
Հանդիպման սկզբում Մալազիայի հակակոռուպցիոն հանձնաժողովի գլխավոր հանձնակատար պարոն Թան Շրի Դատո Շրի Հաջի Ազամ բին Բակին ներկայացրեց Մալազիայի հակակոռուպցիոն հանձնաժողովի գործունեության շրջանակը, արդյունքները և միջազգային համագործակցակցության կարևորությունը: Հանձնաժողովի գլխավոր հանձնակատարը պատրաստակամություն հայտնեց համագործակցել Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ, համագործակցության շրջանակներում Հայաստանի հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մարմինների և մասնագիտացված ՔՀԿ-ների ներկայացուցիչների համար կարիքի վրա հիմնված ուսումնական ծրագրեր իրականացնել, ինչպես նաև ուսումնական այլ փոխայցելություններ կազմակերպել:
Այնուհետև ԻՀԱ-ի նախագահը ներկայացրեց Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործունեության հիմնական ուղղությունները, Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների համակարգը: Կարեն Զադոյանը ներկայացրեց նաև հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների խնդիրները ու Մալազիայի հակակոռուպցիոն հանձնաժողովի հետ հնարավոր համագործակցության շրջանակը, որից հետո Մարատ Ատովմյանը ներկայացրեց համագործակցության հնարավոր մեխանիզմերը, այդ թվում Հայաստանի հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների և մասնագիտացված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար կարիքի վրա հիմնված ուսումնական այցելությունների և դասընթացների կազմակերպումը, ինչպես նաև համատեղ հակակոռուպցիոն այլ ծրագրերի իրականացումը:
Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրության վերաբերյալ այլ հարցեր ևս, դրանք համակարգային հիմքի վրա դնելու նպատակով կողմերը պայմանավորվեցին նախապատրաստական աշխատանքներ սկսել և առաջիկայում ստորագրել համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաև քննարկեցին Մալազիայի հակակոռուպցիոն հանձնաժողովի երկու ներկայացուցիչների Հայաստանի Հանրապետություն ծանոթության այցելություն կազմակերպելու հետ կապված հարցերը:
Ինչպես տեղեկացրել էինք, ավելի վաղ, Կարեն Զադոյանը և Մարատ Ատովմյանը հանդիպումներ էին ունեցել Իտալիայի ազգային հակակոռուպցիոն մարմնի նախագահի և Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավար կազմի հետ:
Տեղեկացնենք նաև, որ սույն թվականի մայիսի 22-ին, մեկնարկել էր Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի (ICAC) 8-րդ գիտաժողովը, որը նվիրված է մարմնի ստեղծման 50-ամյակին։ Այն կազմակերպվել է մարմնի և հակակոռուպցիոն մարմինների միջազգային ցանցի կողմից։ Գիտաժողովին ներկա են 60 երկրի 500 հակակոռուպցիոն առաջնորդ։