ԻՀԱ-ի նախագահը և փոխնախագահը հանդիպում են ունեցել ԵՄ գլխավոր դատախազի տեղակալի հետ
Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի (ICAC) 8-րդ գիտաժողովի շրջանակներում Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ պարոն Կարեն Զադոյանը, կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ, ասոցիացիայի փոխնախագահ պարոն Մարատ Ատովմյանը հանդիպում են ունեցել ԵՄ գլխավոր դատախազի տեղակալ պարոն Պետր Կլեմենտի հետ:
Հանդիպման ընթացքում Կարեն Զադոյանը ներկայացրել է Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների համակարգը, մասնավորապես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Քննչական կոմիտեի, ՀՀ դատախազության հակակոռուպցիոն ստորաբաժանումների, ՀՀ հակակոռուպցիոն դատական համակարգի լիրազորությունների և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ու Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործունեության շրջանակը, այդ թվում ՀՀ դատախազության հետ Կոալիցիայի ինստիտուցիոնալ համագործակցությունը: Այնուհետև Մարատ Ատովմյանը ներկայացրել է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների համակարգի խնդիրները ու հնարավոր համագործակցության շրջանակը:
Հայկական պատվիրակության ներկայացուցիչները Պետր Կլեմենտին հայտնել են, որ Հայասանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ստեղծվել է Եվրամիության կողմից ֆինանսավորված և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից 2014-2016թթ․-ին իրականացված «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում։
ԵՄ գլխավոր դատախազի տեղակալ պարոն Պետր Կլեմենտը հայաստանյան կողմին ներկայացրել է ԵՄ հանրային դատախազության գրասենյակի գործառույթների շրջանակը, անդրադառնալով ԵՄ-ի շահերի պաշտպանության նպատակով իրականացվող հանցագործությունների վերաբերյալ վարույթներ հարուցելուն, հետաքննություն իրականացնելուն, ինչպես նաև պատասխանատվության կանչելու մասով։ Դատախազության գործառույթները ներառում են քրեական հետապնդումների իրականացում և ԵՄ անդամ պետությունների դատական ատյաններում դատախազական գործառույթների կատարում։
Պարոն Կլեմենտը ՀՀ դատախազության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցության հայաստանյան կողմի առաջարկին ի պատասխան պատրաստակամություն է հայտնել ԵՄ գլխավոր դատախազ տիկին Լաուրա Կովեշիի հետ քննարկել ՀՀ դատախազության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչներին Լյուքսեմբուրգում գտնվող ԵՄ հանրային դատախազության գրասենյակում հյուրընկալելու հնարավորությունը:
Հանդիպման ավարտին Պարոն Զադոյանը պարոն Պետր Կլեմենտին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի խորհրդանիշով հուշանվեր է հանձնել` ԵՄ գլխավոր դատախազ տիկին Լաուրա Կովեշիին փոխանցելու նպատակով:
Տեղեկացնենք նաև, որ սույն թվականի մայիսի 22-ից 24-ը, անցկացվել է Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի (ICAC) 8-րդ գիտաժողովը, որը նվիրված էր մարմնի ստեղծման 50-ամյակին։
Այն կազմակերպվել էր Հոնկոնգի անկախ հակակոռուպցիոն հանձնաժողովի և Հակակոռուպցիոն մարմինների միջազգային ցանցի կողմից։
Գիտաժողովին ներկա են 60 երկրի 500 հակակոռուպցիոն առաջնորդ։