«ԻՀԱ-ն շարունակում է կրել և ջատագովել եվրոպական հիմնարար արժեքները»․ Կարեն Զադոյան
ՀՀ արդարադատության նախարարության, Բարձրագույն դատական խորհրդի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մասնակցությամբ՝ «ԲԳԿ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում այսօր՝ հունիսի 14-ին, տեղի է ունեցել դատավորների գործունեության գնահատման և դատական վիճակագրության համակարգերի վերաբերյալ բարձր մակարդակի հանրային-մասնավոր երկխոսության ձևաչափով համաժողովը։
Միջոցառմանը ներկա են եղել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ԵՄ պատվիրակության դեսպան Վասիլի Մարագոսը, ԱՆ փոխնախարար Կարեն Կարապետյանը, Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ-Հայաստան Համակարգող/ կոնտակտային անձ Լիլյա Աֆրիկյանը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը և ոլորտի այլ մասնագետներ, դատավորներ։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը իր ամփոփիչ ելույթում շնորհակալություն հայտնեց համաժողովի բոլոր մասնակիցներին, ընդգծեց՝ ասոցիացիան իր ներուժը, փորձը, կարողությունները օգտագործում է, որպեսզի ՀՀ-ն ունենա իրապես անկախ դատական իշխանություն։
«Փորձելու ենք ոլորտի դերակատարներին օգնել իրազեկման բարձրացման ուղղությամբ։ Դատական բարեփոխումները պետք է հանրության համար տեսանելի, մարդիկ պետք է հավատան դրան, իսկ ճիշտ ուղերձները շատ կարևոր են։ Այդ առումով ԻՀԱ-ի կողմից գործարկվող Iravaban.net-ը հետայսու ավելի մասնագիտական և մատչելի ձևով անդրադառնալու է դատաիրավական բարեփոխումներին, փորձելու է բոլոր ուղերձները տեղ հասցնել, իսկ ԻՀԱ-ն շարունակելու է իր մշտադիտարկման գործունեությունը և՛ ռազամավարության, և ՛ դատավարական գործընթացներում՝ ներկայացնելով արձանագրված բացերը, խնդիրները։ Եվ ամենակարևորը, հանրային երկխոսության առումով հանրային քաղաքականությունների բարելավման համար է աշխատելու կառույցը»,-նշեց Կարեն Զադոյանը։
Բանախոսի խոսքով՝ ասոցիացիան շարունակելու է նման միջոցառումների ձևաչափով անդրադառնալ ոլորտային խնդիրներին, լուծել դրանք։ ԻՀԱ-ն այն տեսակետն է պաշտպանում, որ դատական իրական անկախությունը երկընտրանք չունի․ «Դատական իշխանությունը քաղաքական փոփոխությունների ազդեցություններից պետք է 100 տոկոսով զերծ մնա։ Մենք նման համակարգեր, կառուցակարգեր պետք է ունենանք»։
Կարեն Զադոյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, աջակցող կառույցներին, ինչպես նաև Եվրամիությանը, որի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել այս միջոցառումն իրականացնել։
«Իրավաբանների հայկական ասոցիացիան շարունակում է կրել և ջատագովել եվրոպական այնպիսի հիմնարար արժեքները, ինչպիսին են իրավական պետությունը, իրավունքի գերակայությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։