Կանոնակարգ

Հաստատված է

 

Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի 2-րդ համաժողովի կողմից

 

13 մայիս, 2016թ.

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

 ԵՐԵՎԱՆ – 13 մայիս, 2016թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
    • Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետև` Կոալիցիա) ձևավորվել և գործում է հակակոռուպցիոն արժեքների ընդհանրության, կամավորության, հավասարության, ինքնուրույնության, բարեխղճության և կառավարման կոլեգիալության սկզբունքների հիման վրա:
    • Կոալիցիան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ոչ ֆորմալ կազմավորում է և գործում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը, ինչպես նաև 2014 թվականի նոյեմբերի 28-ին Կոալիցիայի անդամ կազմակերպությունների հիմնադիր ժողովի ժամանակ ընդունված Հռչակագրին և սույն կանոնակարգին համապատասխան:
    • Կոալիցիայի անվանումն է.
  • հայերեն՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիա, կրճատ՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա, հապավումը՝  ՀՔՀԿ:
  • ռուսերեն՝ Антикоррупционная коалиция организаций гражданского общества Армении, կրճատ՝ Антикоррупционная коалиция ОГО Армении, հապավումը՝ АКОА.
  • անգլերեն՝ Anti-Corruption Coalition of Civil Society Organizations of Armenia, կրճատ՝ CSO Anti-Corruption Coalition of Armenia, հապավումը՝
    • Կոալիցիան ունի խորհրդանիշ, որն իրենից ներկայացնում է կարմիր գույնով պատկերված ձեռք՝ մոխրագույն կետով: Կարմիր ձեռքը խորհրդանշում է կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականությունն ու կոռուպցիայի դեմ պայքարը, խորհրդանիշի պատկերում կոռուպցիան արտահայտվում է մոխրագույն կետով: Ձեռքի կողքը մոխրագույնով գրված է.
  • հայերեն՝ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա,
  • անգլերեն՝ CSO Anti-Corruption Coalition of Armenia:

Խորհրդանիշի պատկերը կցվում է սույն կանոնակարգին:

  • Կոալիցիան կարող է իր նպատակներից և խնդիրներից բխող առաջարկություններ ներկայացնել ՀՀ պետական մարմիններին:
  • Կոալիցիան կարող է համագործակցել ինչպես ՀՀ պետական և ոչ պետական մարմինների, արտասահմանյան, միջազգային և տեղական կազմակերպությունների, այնպես էլ անհատ անձանց հետ:
  • Կոալիցիան կարող է ունենալ միջազգային կապեր, անդամակցել միջազգային ոչ կառավարական և ոչ առևտրային կազմակերպությունների ցանցերի, կնքել հուշագրեր և համաձայնագրեր օտարերկրյա, միջազգային, տեղական կազմակերպությունների և պետական մարմինների հետ:
  • Կոալիցիայի քարտուղարության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Նալբանդյան փողոց, շենք 7, գրասենյակային տարածք 2:

 

                                                                                                                 

  1. ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
  • Կոալիցիայի նպատակներն են.

 

ա) Բարձրացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետև` ՔՀԿ-ներ) կողմից կառավարության հակակոռուպցիոն բարեփոխումների նկատմամբ հանրային վերահսկողության արդյունավետությունը:

բ) Նպաստել կոռուպցիայի վերացմանն ուղղված արդյունավետ քաղաքականությունների և կառուցակարգերի ներդրմանն ու զարգացմանը, նպաստել բարեխիղճ` թափանցիկ, հաշվետու, արհեստավարժ կառավարման համակարգի զարգացմանը:

գ) Նպաստել հասարակության մեջ կոռուպցիայի` որպես հասարակության սպառնալիքի ընկալման ձևավորմանն և արմատավորմանը, կոռուպցիայի նկատմամբ հասարակության անհանդուրժողականության ընկալման, քամահրանքի միջավայրի և հասարակության շրջանում ազնիվ կառավարման պահանջարկի ձևավորմանը և հասարակության իրազեկության մակարդակի բարձրացմանը:

դ) Ամրապնդել մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու և հակակոռուպցիոն գործունեության իրականացման հետ կապված ՔՀԿ-ների կարողությունները:

  • Կոալիցիայի խնդիրներն են.

ա) Իրականացնել հանրային վերահսկողության ծրագրեր իշխանության օրենսդիր, դատական, գործադիր ճյուղերում, ՏԻՄ-երում, այդ թվում հանրային ծառայությունների մատուցման, պետական պահուստների և պետական գնումների իրականացման ոլորտներում, դրանց արդյունքները հանրայնացնել և արդյունքներից բխող առաջարկություններ ներկայացնել պատկան մարմիններին:

բ) Զարգացնել ՔՀԿ-Կառավարություն հակակոռուպցիոն հարթակը` Հայաստանում հակակոռուպցիոն կազմակերպական կառուցակարգերի, այդ թվում ապօրինի հարստացման քրեականացման, Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմնի ստեղծման, տեղեկատվություն տրամադրող անձանց իրավունքների պաշտպանության և մի շարք այլ կառուցակարգերի ու քաղաքականությունների ներդրման նպատակով:

գ) Մշակել և իրականացնել ծրագրեր՝ ուղղված հասարակության հակակոռուպցիոն ընկալման և իրազեկության մակարդակի բարձրացմանը, հակակոռուպցիոն պայքարում հասարակության մասնակցությանը և կոռուպցիայի զոհերի իրավունքների պաշտպանությանը` օգտագործելով նաև ժամանակից տեղեկատվական տեխնոլոգիաները:

դ) Իրականացել հակակոռուպցիոն և բարեխղճության ծրագրեր բիզնեսի, հանրային ծառայության ոլորտներում:

ե) ՔՀԿ-ների մոնիթորինգի, հանրային վերահսկողություն իրականացնելու և հակակոռուպցիոն գործունեության իրականացման հետ կապված կարողությունները ամրապնդելու նպատակով կազմակերպել սեմինարներ, ուսուցումներ և այլ միջոցառումներ:

զ) Զարգացնել Կոալիցիայի անդամ կազմակերպությունների միջև համագործակցությունը:

է) Համագործակցել ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի կոալիցիայի հետ:

ը) Մասնակցել հակակոռուպցիոն օրենքների նախագծման և փորձաքննության աշխատանքներին:

թ) Կազմակերպել համաժողովներ, աշխատաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ, դասընթացներ, հանդիպումներ, քննարկումներ, մրցանակաբաշխություններ, իրականացնել հակակոռուպցիոն ոլորտի զարգացմանն ուղղված այլ աշխատանքներ:

 

 

  1. ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Կոալիցիայի անդամ կարող են լինել քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունները, ներառյալ հասարակական շարժումները, նախաձեռնությունները, բիզնես և ՏԻՄ ասոցիացիաները, լրատվական միջոցները, որոնք միացել են Կոալիցիայի Հռչակագրին, ընդունում են սույն Կանոնակարգը, իրենց գործունեությամբ նպաստում են Կոալիցիայի նպատակների իրագործմանը:
  • Գրավոր դիմումի համաձայն Կոալիցիայի անդամի ընդունելության մասին որոշումը կայացվում է Կոալիցիայի կառավարման խորհրդի կողմից` կառավարման խորհրդի առնվազն երկու անդամների երաշխավորմամբ:
  • Կոալիցիան վարում է իր անդամների հաշվառումը և պարբերաբար թարմացնում նրանց վերաբերյալ տվյալները: Կոալիցիայի անդամների հաշվառում վարելու կարգը և պայմանները սահմանվում է Կոալիցիայի կառավարման խորհրդի կողմից:
  • Կոալիցիայի անդամությունից դուրս գալը կատարվում է տվյալ անդամի գրավոր դիմումի կամ Կոալիցիայի կառավարման խորհրդի՝ տվյալ անդամին Կոալիցիայի անդամությունից հեռացնելու մասին որոշման հիման վրա՝ սույն կանոնակարգի 3.6 կետով սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
  • Կոալիցիայի անդամն իրավունք ունի՝
  • իր ներկայացուցիչների միջոցով մասնակցել Կոալիցիայի կառավարմանը,
  • Կոալիցիայի գործունեության վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ, դիտողություններ, գործնական ծրագրեր,
  • ազատորեն արտահայտել սեփական տեսակետը,
  • նախաձեռնել ծրագրեր՝ ուղղված Կոալիցիայի զարգացմանը,
  • իրազեկ լինել Կոալիցիայի գործունեությանը,
  • օգտվել Կոալիցիայի իրավական, տեխնիկական, տեղեկատվական և այլ աջակցությունից,
  • անարգել դուրս գալ Կոալիցիայի անդամությունից։
  • Կոալիցիայի անդամը պարտավոր է.
  • բարձր պահել և տարածել հակակոռուպցիոն արժեքները,
  • մասնակցել և աջակցել Կոալիցիայի գործունեությանը,
  • նպաստել Կոալիցիայի զարգացմանը,
  • առանց Կոալիցիայի իրավասու մարմնի կողմից տրված լիազորագրի հանդես չգալ Կոալիցիայի անունից,
  • գործել սույն կանոնակարգին համապատասխան, կատարել Կոալիցիայի կանոնակարգի պահանջները, Կոալիցիայի ղեկավար մարմինների որոշումները:
  • Կոալիցիայի անդամը պատասխանատվություն չի կրում Կոալիցիայի կամ դրա անդամ այլ կազմակերպությունների պարտավորությունների համար, ինչպես նաև Կոալիցիան պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար:

 

  1. ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
  • Կոալիցիայի կառավարման կառուցվածքն է՝ համաժողովը, կառավարման խորհուրդը և քարտուղարությունը:
  • Կոալիցիայի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Կոալիցիայի համաժողովի կողմից:
  • Կոալիցիայի բարձրագույն մարմինը նրա անդամների համաժողովն է, որին պատկանում է Կոալիցիայի կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը:
  • Կոալիցիայի համաժողովը կարող է գումարվել ներկայացուցչական պատվիրակների միջոցով` կառավարման խորհրդի կողմից սահմանված քվոտայով: Կառավարման խորհուրդը որոշում է համաժողովի անցկացման օրը, ժամը և տեղը, ինչպես նաև համաժողովի օրակարգի նախագիծը և այդ մասին համաժողովի անցկացումից ոչ ուշ քան 10 օրացուցային օր առաջ էլեկտրոնային եղանակով ծանուցում է կոալիցիայի անդամներին:
  • Կոալիցիայի համաժողովը իր աշխատանքները կազմակերպում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:
  • Կոալիցիայի արտահերթ համաժողով գումարվում է Կոալիցիայի քարտուղարության, Կոալիցիայի կառավարման խորհրդի, Կոալիցիայի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի պատճառաբանված որոշման դեպքում, ոչ ուշ, քան 15 օրացուցային օրվա ընթացքում` Կոալիցիայի քարտուղարության կողմից: Արտահերթ համաժողովները հրավիրվում են հրավիրողի օրակարգով: Կոալիցիայի համաժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե Կոալիցիայի համաժողովին մասնակցում են Կոալիցիայի բոլոր անդամների կամ համաժողովի բոլոր պատվիրակների ընդհանուր թվի կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են համաժողովի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ: Համաժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել նաև կապի միջոցներով:
  • Կոալիցիայի համաժողովը.

ա) հաստատում է Կոալիցիայի կանոնակարգը, կատարում է փոփոխություններ դրանում և (կամ) հաստատում է նոր կանոնակարգը,

բ) որոշում է Կոալիցիայի կառավարման խորհրդի թվաքանակն ու քվոտաները, մեկ տարի ժամկետով ընտրում է Կոալիցիայի կառավարման խորհրդի անդամներին, փոփոխում է կառավարման խորհրդի կազմը, վաղաժամկետ դադարեցնում է կառավարման խորհրդի անդամների լիազորությունները,

գ) քննարկում և հաստատում է Կոալիցիայի կառավարման խորհրդի և քարտուղարության հաշվետվությունները:

 

  • Կոալիցիայի կառավարման խորհուրդը.

ա) համարվում է Կոալիցիայի ղեկավար մարմինը Կոալիցիայի համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում,

բ) քննարկում և որոշումներ է կայացնում Կոալիցիայի գործունեությանն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ, բացառությամբ այն հարցերի, որոնք մտնում են Կոալիցիայի համաժողովի իրավասությունների մեջ,

գ) նախապատրաստում է Կոալիցիայի համաժողովները, սահմանում է Կոալիցիայի համաժողովի պատվիրակների քվոտան ըստ Կոալիցիայի անդամների թվի, Կոալիցիայի համաժողովի գումարման օրվանից առնվազն 15 օր առաջ կազմակերպում է Կոալիցիայի համաժողովի պատվիրակների ընտրությունը,

դ) որոշում է կայացնում Կոալիցիային անդամագրելու և անդամությունից հեռացնելու վերաբերյալ,

ե) որոշումներ է կայացնում Կոալիցիայի մշտական և ժամանակավոր հանձնաժողովներ, աշխատանքային և տարածքային հանձնախմբեր և/կամ այլ կառույցներ ստեղծելու և լուծարելու մասին, հաստատում է դրանց աշխատակարգերը, որոնք չեն կարող հակասել սույն կանոնակարգին, նշանակում և ազատում է դրանց համակարգողներին և պատասխանատուներին, վերջիններիս տալիս է լիազորագրեր,

զ) քննարկում և հաստատում է Կոալիցիայի ռազմավարական պլանը, կայունության և ֆինանսական պլանը, մոնիթորինգային ծրագիրը, տեսանելիության պլանը և այլ փաստաթղթեր:

է) ընտրում է Կոալիցիայի հանձնաժողովների, աշխատանքային և տարածքային հանձնախմբերի, փորձագիտական կոմիտեի և/կամ այլ կառույցների անդամներին,

ը) որոշում է կայացնում պետական և անկախ կառույցներին կից հասարակական խորհուրդներին, հանձնաժողովներին և այլ մարմիններին, ինչպես նաև միջազգային հակակոռուպցիոն ցանցերին Կոալիցիայի անդամակցելու վերաբերյալ,

է) հաստատում է կառավարման խորհրդի նախագահի ընտրության ռոտացիոն կարգը, ընտրում է կառավարման խորհրդի նախագահին և վաղաժամկետ դադարեցնում է կառավարման խորհրդի նրա լիազորությունները,

ժ) Կոալիցիայի անունից ընդունում և հանդես է գալիս հայտարարություններով, հաշվետվություններով, կոչերով և դիտարկումներով:

  • Կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում են խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են Կոալիցիայի կառավարման խորհրդի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
  • Կոալիցիայի քարտուղարության գործառույթներն իրականացնող կազմակերպությունը ի պաշտոնե մտնում է Կոալիցիայի կառավարման խորհրդի կազմի մեջ: Կոալիցիայի քարտուղարության համակարգողը հանդիսանում է Կոալիցիայի խորհրդի նախագահը` մինչև կառավարման խորհրդի կողմից կառավարման խորհրդի նախագահի ընտրության ռոտացիոն կարգի հաստատումն ու նախագահի ընտրությունը: Կոալիցիայի կառավարման խորհուրդը իր հերթական նիստերը հրավիրում է երկու ամիսը մեկ անգամ` Կոալիցիայի քարտուղարության կողմից: Կոալիցիայի կառավարման խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել Կոալիցիայի կառավարման խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի գրավոր պահանջով Կոալիցիայի քարտուղարության կառավարման խորհրդի նախագահի կողմից կամ Կոալիցիայի քարտուղարության կառավարման խորհրդի նախագահի կողմից անմիջականորեն: Կարող են հրավիրվել կառավարման խորհրդի ընդլայնված նիստեր` Կոալիցիայի հանձնաժողովների, փորձագիտական կոմիտեի և տարածքային հանձնախմբերի համակարգողների և պատասխանատուների, ինչպես նաև Կոալիցիայի այլ անդամների մասնակցությամբ:
  • Կոալիցիայի փորձագիտական կոմիտեն.

ա) բաղկացած է հակակոռուպցիոն ոլորտի ճանաչված տեղական և միջազգային փորձագետներից, անձանցից, որոնք ընտրվում են Կոալիցիայի կառավարման խորհրդի կողմից,

բ) տրամադրում է փորձագիտական աջակցություն Կոալիցիայի զարգացման ու հզորացման նպատակով,

գ) ուժեղացնում է Կոալիցիայի միջազգային կապերը,

դ) նպաստում է Կոալիցիայի ֆինանսական կայունության ապահովմանը,

ե) ներկայացնում է Կոալիցիան հակակոռուպցիոն կարևորագույն հարթակներում:

 

  • Կոալիցիայի քարտուղարությունը.

ա) հանդիսանում է Կոալիցիայի գործադիր մարմինը,

բ) ապահովում է Կոալիցիայի մարմինների աշխատանքների բնականոն ընթացքը և թափանցիկությունը,

գ) նախագահում, արձանագրում և ստորագրում է Կոալիցիայի համաժողովի նիստերը,

դ) արձանագրում է կառավարման խորհրդի նիստերը,

ե) տնօրինում է Կոալիցիայի արխիվը,

զ) համակարգում է Կոալիցիայի կազմակերպչական աշխատանքները, այդ թվում Կոալիցիան ներկայացնում է երրորդ անձանց հետ հարաբերություններում, Կոալիցիայի անունից իրավասու մարմիններին և կազմակերպություններին ներկայացնում է Կոալիցիայի կողմից պատրաստված առաջարկները և այլ փաստաթղթերը,

է) համակարգում է Կոալիցիայի աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ դրամական միջոցների հայթայթման աշխատանքները,

ը) վարում է Կոալիցիայի անդամների հաշվառումը, անդամության նոր դիմումներ ներկայացված հայտերի ռեեստրը,

թ) Կոալիցիայի քարտուղարության գործառույթները իրականացնում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որի նախագահը ի պաշտոնե հանդիսանում է Կոալիցիայի քարտուղարության համակարգողը:

 

  1. ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ
  • Կոալիցիան չունի առանձնացված գույք:
  • Կոալիցիայի միջոցները գոյանում են օրենքով չարգելված այլ աղբյուրներից։
  • Կոալիցիայի միջոցները Կոալիցիայի կառավարման խորհրդի որոշմամբ` ներգրավվում են Կոալիցիայի անդամ կազմակերպության (ների) միջոցով, իսկ ներգրավված միջոցները օգտագործվում են բացառապես Կոալիցիայի նպատակների և խնդիրների իրականացման համար:

 

  1. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  • Կոալիցիան կարող է դադարել համաժողովի որոշմամբ, եթե այդ որոշմանը կողմ է Համաժողովի անդամների ընդհանուր թվի 2/3-ը:
  • Կոալիցիայի դադարումը անդամ կազմակերպությունների համար պարտավորություններ չի առաջացնում:
  • Սույն կանոնակարգի ընդունմամբ ուժը կորցրած է ճանաչվում 2014 թվականի նոյեմբերի 28-ին Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամների հիմնադիր ժողովի կողմից ընդունված Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի աշխատակարգը: