RElection [#7] Համայնքի բնակիչները կարող էին ոչ թե հանրագիր ներկայացնել, այլ նախաձեռնել տեղական հանրաքվե. Արտյոմ Մեսրոպյան. Infocom.am
Infocom լրատվական կայքի հետ զրույցում «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ իրավաբան, փորձագետ Արտյոմ Մեսրոպյանը անդրադարձել է «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի կարգավորումներին, դրա նախաձեռնման, անցկացման և արդյունքների ամփոփման ընթացակարգերին, Հայաստանում այդ ինստիտուտի լայն կիրառություն չունենալու պատճառների մասին:
Ըստ նրա՝ տեղական հանրաքվեի ինստիտուտը կարևորվում է նրանով, որ համայնքի բնակիչները հնարավորություն են ունենում անմիջականորեն մասնակցելու համայնքային նշանակության հարցերի լուծմանը և իրենց քվեարկության միջոցով որոշելու, թե այս կամ այն հարցը ինչ լուծում պետք է ստանա։
Տեղական հանրաքվեի ինստիտուտը Հայաստանում այնքան էլ տարածում չունի, մինչդեռ կան երկրներ, որտեղ այս ինստիտուտն իսկապես գործում է, և շատ լավ արդյունքներ են գրանցվում, օրինակ՝ Շվեյցարիան: Հայաստանում տեղական հանրաքվեի անցկացման դեպք ունեցել ենք 2015 թվականին, երբ կառավարությունը նախաձեռնեց համայնքների խոշորացման գործընթացը, իսկ նախորդ Սահմանադրությամբ ամրագրված էր, որ համայնքների խոշորացման ժամանակ տեղական հանրաքվեի միջոցով պետք է հասկանային տվյալ համայնքների բնակիչների կարծիքը։ Այնուհետև սահմանադրական բարեփոխումներից հետո խոշորացման ժամանակ համայնքի բնակիչների կարծիքը վեր հանելու միջոց հանդիսացող տեղական հանրաքվեն հանվեց։ Եվ հիմա գործող կարգավորումներով համայնքների խոշորացման կամ միավորման ժամանակ հանրաքվեի իրականացումը պարտադիր պայման չէ։ Կարելի է ասել՝ այս նորմը հետընթաց էր։ Սահմանադրությամբ կա մեխանիզմ, որ Ազգային ժողովը նախքան վարչատարածքային բարեփոխումների մասին այդ օրենքը պետք է լսի համայնքի բնակիչների կարծիքը, սակայն դա հայեցողական է։
Խոսելով այդ ինստիտուտի Հայաստանում կիրառություն չունենալու պատճառների մասին նա նշել է, որ. «իրավագիտակցության խնդիր կա, համայնքի բնակիչների զբաղվածության խնդիր կա․ մարդիկ իրենց հոգսերով տարված լրացուցիչ ժամանակ չունեն կամ չեն ուզում տրամադրել նման ձևով մասնակցելու համայնքի կառավարման գործին կամ ինչ-որ նախաձեռնողականությամբ հանդես գալուն։»
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Լուսանկարը՝ infocom.am-ի։