«Միասին ընդդեմ կոռուպցիայի»․ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը՝ մրցանակակիր
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի և ԲՐԻԿՍ անդամ 10 երկրների շրջանակում անցկացված «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական միջազգային մրցույթի՝ Հայաստանի մասնակից-մրցանակակիրներին, ինչպես նաև «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներին:
Մրցույթի առաջին փուլում ՀՀ ազգային ժյուրին յուրաքանչյուր անվանակարգում ընտրել է լավագույն երեք աշխատանքները: Բացի վերոնշյալներից՝ դրանց թվում են եղել նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ներկայացուցիչների, Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրների կողմից ներկայացված տեսահոլովակներն ու պաստառները:
Բոլոր մրցանակակիրները ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով արժանացել են շնորհակալագրերի՝ մրցույթի արդյունքերով մրցանակային տեղեր զբաղեցնելու, կոռուպցիայի դեմ պայքարի հանրային իրազեկման աշխատանքներում ակտիվ մասնակցության և այդ շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության հետ ակտիվ համագործակցության համար:
Երիտասարդների հետ հանդիպմանը ՀՀ գլխավոր դատախազը նրանց է հանձնել շնորհակալագրերը՝ շնորհավորելով բոլորին և հաջողություններ մաղթելով ուսման, աշխատանքային գործունեության մեջ և գնահատելով կոռուպցիայի անհանդուրժելիության գաղափարի արմատավորման հարցում հետևողականություն և քաղաքացիական ակտիվություն դրսևորելու նրանց ջանքերը: Արթուր Դավթյանը նաև շնորհակալություն է հայտնել որակյալ աշխատանքներրով Հայաստանը բարձր մակարդակով մրցույթի շրջանակներում ներկայացնելու համար: Ըստ գլխավոր դատախազի՝ կարևոր է, որ տեսահոլովակների և պաստառների միջոցով արտահայտված գաղափարները դառնան հատկապես մատաղ սերնդի կենսակերպը՝ այդպիսով օգնելով պետությանը կոռուպցիան արմատախիլ անելու առաքելության մեջ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը:
«Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի 2019թ. երիտասարդական միազգային մրցույթի հայաստանյան արդյունքներով, ժյուրիի գնահատմամբ «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրների թիմի ներկայացրած «Կոռուպցիայի դեմ պայքարն սկսվում է քեզանից» տեսահոլովակը:
Gepostet von Iravaban.net am Montag, 4. November 2019