Ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխությունն իրականացավ. հայտնի են մրցանակակիրները
«Մենք իրականում ուզում ենք փոխել մեր երկրի անիվը, ուզում ենք ունենալ մրցունակ, իրավական պետություն, որտեղ քաղաքացիները մտածում են ոչ թե առաջին հնարավորության դեպքում երկիրը լքելու, այլ մնալու, բարիք ստեղծելու, զարգացնելու մասին»,- Միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի նախագահ Կարեն Զադոյանը:
Նա խոսեց նաև այս տարվա կարևոր ձեռքբերումների մասին՝ հանգուցալուծում է ստանում ապօրինի հարստացման քրեականացման նախագիծը. «Փառք Աստծո, այս ութ տարիների պայքարը այս տարի հանգուցալուծվում է: Չէր հանգուցալուծվի, եթե չլիներ կառավարության կամքը: Նաև մենք մոտ ենք, որ ստեղծենք հակակոռուպցիոն անկախ մարմին. պետք է չվախենանք դանդաղ քայլելուց, որպեսզի երկու տարի հետո չափսոսանք, որ չենք ստեղծել այն մարմինը, որ պետք է մեզ, և չսկսենք զրոյից»,- ասաց Կարեն Զադոյանը և մեջբերեց վերջերս ՀՔԾ-ում Լիտվայի Հակակոռուպցիոն անկախ մարմնի` Հատուկ քննչական ծառայության ղեկավարի խոսքերն այն մասին, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարն ունի բացառապես եռաչափ մոտեցում՝ կրթություն, կանխարգելում և պատիժ: Այսինքն, անկախ մարմինը վերոնշյալ երեք լիազորությունները պետք է ունենա:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ առաջընթացի համար կարևորում է և խոսքը, և գործը, քանի որ առանց մեկի մյուսն առաջ գնալ չի կարող: Խոսքը կարևոր է, որպեսզի գաղափարներով վարակենք հասարակությանը, իսկ գործը պետք է լինի համակարգված: Անդրադառնալով ներկայիս կատարված աշխատանքներին, նա նշեց, որ սա ընդամնեը այն հենքն է, որի վրա պետք է կառուցվի կոռուպցիայի դեմ հաջող պայքարը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեծապես կարևորեց քրեական հետապնդում իրականացնող մարմինների գործունեությունը այս հակակոռուպցիոն պայքարում: Նա նշեց, որ տվյալ հանցագործությունների դեպքում խնդիր են ունենում տեղեկություններ ստանալու և այդ հանցանքը կատարելու մեջ անձի մեղավորությունը ապացուցելու հետ կապված: Այս երկու փուլերում էլ մեծապես կարիք կա հանրության աջակցության: Նա նշեց, որ կոռուպցիան այն լուրջ մարտահարվերն է, որի դեմ պայքարը ջանքերի համատեղում է պահանջում:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարին խոչընդոտող երկու գործոն կա: Մեկն այն է, երբ պետական պաշտոնյաները կարծում են, թե կոռուպցիան խնդիր չէ և արդացումներ են գնում, երկրորդը՝ երբ հասարակությունը հավատում է, թե ստեղծված իրավիճակից այլ ելք չկա: Սակայն, Պ. Սվիտալսկու խոսքով, հայ հասարակությունը, թե կառավարությունը պատրաստ են պայքարել կոռուպցիայի դեմ. «Ես ուրախ եմ, որ Հայաստանի նոր կառավորությունը մեծապես կարևորում է հակակոռուպցիոն պայքարը, վարչապետը հաճախ է խոսում դրա մասին: Եվ երբ նայում ես կառավարության ծրագրին, ապա այնտեղ տեսնում ես ամբիցիոզ պլաններ, որոնք փոփոխություններ կբերեն: Ես հույս ունեմ, որ մենք այս տարի կնշենք Հայաստանի համար այդ շրջադարձային պահը»:
Բացման խոսքերից հետո հանձվեցին հակակոռուպցիոն մրցանակները՝ այս տարի կոռուպցիայի դեմ իրենց պայքարով աչքի ընկած քաղաքացիներին ու կազմակերպություններին:
«Տարվա քաղաքացի» հակակոռուպցիոն մրցանակը տրվեց 21-ամյա Գևորգ Բեգլարյանին: Նա տնային պայմաններում ծնվելու պատճառով 20 տարի ծննդական չի ունեցել ու բազմաթիվ խոչընդոտների է բախվել: Բազմիցս հորդորել են կոռուպցիոն ճանապարհով ստանալ այդ փաստաթուղթը, սակայն համառել է և ստացել այն օրինական ճանապարհով: Մրցանակը նրան հանձնեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
«Տարվա քաղաքացիական հասարակության կազմակերպություն» հակակոռուպցիոն մրցանակը տրվեց «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանին՝ բիզնեսի ներկայացուցիչների շահերի պաշտպանության և կոռուպցիոն խնդիրների դեպքում համակարգային լուծումների առաջարկման համար:
«Տարվա լրագրող» ճանաչվեց «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Գրիգորյանը՝ պետական բյուջեի անարդյունավետ ծախսերի և կոռուպցիոն ռիսկերի մասին պարեբարաբր անդրադարձների համար: Իսկ «Տարվա ԶԼՄ»- մրցանակը հանձնվեց «b4b.am» կայքի ղեկավար Բաբկեն Թունյանին, որը լուրջ վերլուծություններ է կատարել հայաստանյան մենաշնորհային ոլորտների վերաբերյալ, նաև ստեղծվել է նոր «պրո» նախագիծը, որտեղ ներկայացվում են հայաստնյան խոշոր ընկերությունների գործունեության ֆինանսական ցուցանիշները: Նրան մրցանակը շնորհեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
«Տարվա բիզնես կազմակերպություն» հակակոռուպցիոն մրցանակը տրվեց «ԱՐՄԱԿԱԴ» ընկերության նախագահ Խաչիկ Գևորգյանին. համառ պայքարի շնորհիվ կարողացել են նոր օրենք ունենալ, որը չի խոչընդոտում ցածր արժեքով ապրանքների արտահանմանը: Մրցանակը հանձնեցին Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան և Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ըմայաս Մուրըսը:
«Տարվա երիտասարդ» մրցանակը տրվեց Երևանի պետական համալսարանի ուսանողուհի, 19-ամյա Օֆելյա Զաքարյանին, ով հետազոտության արդյունքում մաքսային բրոքերիների աշխատանքում հայտնաբերվել է կոռուպցիոն ռիսկեր:
Այնուհետև Կարեն Զադոյանը համագործակցության և աջակցության համար շնորհակալագրեր հանձնեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Արգո Ավակովին, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանին և «Օրենքը՝ հանուն իրավունքի գերակայության» ՀԿ-ի նախագահ Հրայր Խաչատրյանին:
Հիշեցնենք, որ միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխությունը կազմակերպվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: