Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման և գործունեության միջազգային փորձի կիրառման ու հնարավոր հայեցակարգային մոտեցումների շուրջ հանրային քննարկման վերաբերյալ հայտարարություն

2019 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը ողջունելով ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարության (այսուհետ՝ Ռազմավարություն) ընդունումը, նշեց, որ դա ամբողջովին համապատասխանում է միջազգային փորձին և այդ ոլորտում ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (այսուհետ՝ ՀԸԳՄ) նախատեսված երկկողմ հանձնառություններին։

Ռազմավարության մշակումն ընթացել է քաղաքացիական հասարակության հետ կառավարության ակտիվ համագործակցության պայմաններում։ Այդ համագործակցության շրջանակներում իր ակտիվ դերակատարումն է ունեցել Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) և հատկապես՝ Կոալիցիայի քարտուղարությունն համակարգող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն (այսուհետ՝ ԻՀԱ)։ ԻՀԱ-ի և Կոալիցիայի անդամ ՔՀԿ-ները Ռազմավարության ընդունման նպատակով դրա մշակման գործընթացում իրականացրել են մեծածավալ աշխատանքներ։ Մասնավորապես, ԵՄ կողմից ֆինանսավորված «Կառուցողական երկխոսության հանձնառության» ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել է տարբեր ինստիտուտների և գործիքակազմերի հաջողված և ձախողված միջազգային փորձը, հայաստանյան համատեքստը և դրանց հիման վրա ներկայացվել են Հայաստանում անցումային արդարադատության և դրա գործիքների ներդրման փաստարկված առաջարկություններ։

Կոալիցիան, որի ապագայի տեսլականն  է ձգտել երջանիկ, ներդաշնակ և կոռուպցիայից զերծ հասարակության կառուցմանը, կամք և հետևողականություն դրսևորեց, որպեսզի երկրում, օր առաջ ստեղծվի և սկսի գործել անցումային արդարադատության համակարգը՝ իր ողջ գործիքակազմով։ Այդ նպատակին հետամուտ լինելով.

  1. 2018 թվականի նոյեմբերի 28-ին Կոալիցիան՝ ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ անցկացրեց քաղաքացիական հասարակություն-կառավարություն համաժողով՝ «Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունը ՀՀ-ում՝ միջազգային փորձի լույսի ներքո» թեմայով
  2. 2019 թ. հունվարին Կոալիցիայի կազմում ստեղծվեց «Հայաստանում անցումային արդարադատության հարցերով ժամանակավոր հանձնախումբ», ինչի գործունեության հիմնական նպատակներից է՝ անցումային արդարադատության շրջանակներում փաստահավաք աշխատանքների կազմակերպումը։
  3. 2019 թվականի փետրվարի 21-ին հրապարակվեց ԻՀԱ-ի ր կողմից մշակած «Անցումային արդարադատության մեխանիզմների կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում՝ միջագային փորձի լույսի ներքո» զեկույցը (այսուհետ՝ Զեկույց), որի հիմնական նպատակն էր՝ ներկայացնել անցումային արդարադատության էությունը, դրա կիրառելիության հնարավորությունը ՀՀ-ում, առկա միջազգային փորձը՝ տարբեր երկրներում հաջողված և ձախողված օրինակներով հանդերձ, կիրառված գործիքները, մեխանիզմները և ինստիտուտները, ինչպես նաև համեմատական-վերլուծական մեթոդով վեր հանելու Հայաստանում անցումային արդարադատության իրականացման դեպքում նվազագույն ռիսկերով կիրառելի արդյունավետ մոդելը․
  4. 2019 թվականի մայիսի 24-ին Ազգային ժողովում տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ Կոալիցիայի քարտուղարության համակարգող, ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը հանդես եկավ որպես հիմնական զեկուցող քաղաքացիական հասարակությունից, իսկ Կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արկադի Սահակյանը, կառավարման խորհրդի  անդամ Մովսես Արիստակեսյանը և Կոալիցիայի այլ փորձագետներ հանդես եկան անցումային արդարադատության տարբեր մեխանիզմների կիրառման վերաբերյալ ելույթներով․
  5. 2019 թվականի հոկտեմբերի 10-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատեց Ռազմավարությունը, որում մասամբ տեղ գտան Զեկույցում ըստ կիրառման ժամանակահատվածի, ըստ կիրառման գործերի շրջանակի և ըստ կիրառման մեխանիզմների ներկայացված ՀՀ-ում անցումային արդարադատության հնարավոր ներդրմանն ուղղված առաջարկությունները: Մասնավորապես՝ ներկայացված առաջարկություններից քրեական արդարադատության բաժնում տեղ գտավ Կոռուպցիոն հանցագործություններ քննող մասնագիտացված դատարանի ստեղծման, իսկ ճշմարտության որոնման գործընթացի բաժնում՝ Ճշմարտության և հաշտեցման հանձնաժողովի ստեղծմանը վերաբերող առաջարկությունները:

Նախքան Ռազմավարության հաստատումը, Կառավարության ծրագրի դրույթներին և ԵՄ-Հայաստան ՀԸԳՄ-ով ամրագրված հանձնառություններին համահունչ ՀՀ կառավարության քաղաքական հայտարարությունները, որոնք վերաբերում էին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ կառուցողական միջավայրում երկխոսություն ծավալելուն և համագործակցելուն, վստահություն էին ներշնչում առ այն, որ Կառավարությունը շարունակելու է սերտորեն համագործակցել Ռազմավարության մշակման գործընթացում ակտիվ ներգրավված ՔՀԿ-ների, այդ թվում նաև Կոալիցիայի հետ, որին անդամակցում են շուրջ 71 ՔՀԿ-ներ։

Այդուհանդերձ, ինչպես ցույց տվեցին զարգացումները, այդ բարձր քաղաքական հայտարարությունները ոչ միայն կյանքի չեն կոչվում, այլև, Ռազմավարության իրականացման սկզբնական փուլից սկսած նկատվում է դրա մշակման հիմնական դերակատարների հետ փաստարկված համագործակցության ձևաչափի չպահպանում մի շարք  կարևորագույն գործընթացներում։ Այդ քաղաքականությունը դրսևորվել է հետևյալ գործողություններում.

  1. Ռազմավարության ընդունված տարբերակում այդպես էլ չեն իրացվել միջազգային փորձի հաշվառմամբ Կոալիցիայի մի խումբ առաջարկություններ, որոնք վերաբերում էին ինչպես Հայաստանում անցումային արդարադատության համակարգի բոլոր 4 մեխանիզմների լիարժեք գործարկմանը, այնպես էլ կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ կառույցների ձևավորմանն ու, ի սկզբանե, դրանց ինստիտուցիոնալ անկախության երաշխավորմանը:
  2. 2019 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպված «Դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարության շրջանակում Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման և գործունեության միջազգային փորձի կիրառման ու հնարավոր հայեցակարգային մոտեցումների շուրջ» հանրային քննարկմանը չեն հրավիրվել Կոալիցիայի և ԻՀԱ-ի ներկայացուցիչները։ Հիշյալ հանրային քննարկման մասին արդարադատության նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ նշված էր, թե դրան մասնակցել են ՔՀԿ-ների ներկայացուցիչներ։ Սակայն մեր դիտարկումը ցույց տվեց, որ այդ քննարկմանը մասնակցած ՔՀԿ-ների ներկայացուցիչների մեծ մասը երբևէ չեն մասնակցել Ռազմավարության մշակմանը, դրա կատարելագործման աշխատանքներին և հայտնի չեն ՔՀԿ-ների համայնքին իրենց իրավական գիտելիքներով և/կամ գործունեությամբ։

 

Վերոհիշյալը թույլ է տալիս Կոալիցիային եզրակացնելու, որ ՀՀ քաղաքական իշխանություններն իրենց գործողություններով սեպ են խրում երկրում հակակոռուպցիոն քաղաքականության ու անցումային արդարադատության իրականացման ճարտարապետության մեջ լուրջ ներդրում ունեցող մասնագիտացված ՔՀԿ-ների հետ համագործակցության մեջ, փոխարենը` որպես կառուցողական երկխոսության շղարշ են օգտագործում հիմնականում քաղաքական իշխանություններին հավատարիմ և քաղաքականացված ՔՀԿ-ների ներկայացուցիչներին։

Ելնելով վերոգրյալից՝ Կոալիցիան կոչ է անում քաղաքական իշխանություններին․

  • Վերահաստատելով իրենց հանձնառությունները թավշյա հեղափոխության արժեքների իրականացման գործում, համագործակցել դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի և անցումային արդարադատության իրականացման գործում մեծ ներդրում ունեցած ՔՀԿ-ների հետ՝ ձևավորելով երկրում անցումային արդարադատության իրականացման մեկ միասնական օրակարգ.
  • Հրատապ ձեռնամուխ լինել Հայաստանում անցումային արդարադատության հայեցակարգի մշակմանը և դրա հիման վրա գործողությունների ծրագրի մշակմանն ու իրականացմանը, որն իր մեջ կներառի անհրաժեշտ, իրատեսական և փաստարկված միջոցառումներ՝ անցումային արդարադատության իրականացման բոլոր չորս մեխանիզմներով՝ քրեական արդարադատության իրականացում, ճշմարտության որոնման գործընթաց, փոխհատուցման ծրագրեր, համակարգային բարեփոխումներ:

 

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ

 

  1. «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ ՀԿ, Արփինե Հակոբյան,
  2. Իրավաբանների հայկական ասոցիացիա, Կարեն Զադոյան,
  3. Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն, Արկադի Սահակյան,
  4. «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ, Մովսես Արիստակեսյան,
  5. Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա, Գևորգ Գրիգորյան,
  6. «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ, Սոնա Հարությունյան,
  7. «Թուխմանուկ իրավապաշտպան և կրթական կենտրոն» ՀԿ, Մարիամ Չախոյան,
  8. Հայաստանի համայնքների միություն, Էմին Երիցյան,
  9. Հավասար հնարավորությունների աջակցության հիմնադրամ, Հայկ Մարգարյան

 

Հայտարարությունը ընդունվել է 2019 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ։