Վարչապետի որոշմամբ 2021 թ-ի պետական բյուջեն նախագծելիս քննարկում կանցկացվեն նաև շահագրգիռ քաղհասարակության կազմակերպությունների հետ
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում 2019 թվականի մարտի 29-ին, ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարարի հետ կայացած հանդիպման ժամանակ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիայի կառուցողական երկխոսության ցանցի քարտուղարությունը՝ Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ), քննարկել էր բյուջետային գործընթացում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավման հարցը: Մասնավորապես, ԻՀԱ-ն պատրաստակամություն էր հայտնել համակարգել ոլորտային ՔՀԿ-ների ներգրավումը և համագործակցությունը հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինների հետ, որպեսզի բյուջետային հայտերի կազմման գործընթացը առավել թափանցիկ, ներառական, և հետևաբար ավելի արդյունավետ լինի:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ֆինանսների նախարարության միջնորդությամբ, վարչապետի կողմից պետական մարմիններին տրվեց հանձնարարական՝ իրականացնելու հանրային քննարկումներ յուրաքանչյուր մարմնի մասով կազմված 2020-2022թթ. ՄԺԾԾ-ի՝ ներառյալ ՀՀ 2020թ պետական բյուջեի հայտի նախագծերի, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների շուրջ ՔՀԿ-ների ներգրավմամբ: Ըստ այդմ, ԻՀԱ-ն կազմակերպել և համակարգել է 2 տասնյակից ավել հանրային քննարկումներ պետական մարմինների հետ։
Իրավաբանների հայկական ասոցիացիան առաջարկ է ներկայացրել, որ հաջորդող տարիներին բյուջետային գործընթաց սկսելու մասին ՀՀ վարչապետի որոշումներով նախատեսվող աշխատանքների ժամանակացույցերում նախատեսվի առանձին դրույթ, որով ոլորտային ՔՀԿ-ների ներգրավումը բյուջետային հայտերը կազմելու գործընթացում (նախքան հայտերը Ֆինանսների նախարարություն ուղարկելը) կկրի պարտադիր բնույթ:
Ի պատասխան ԻՀԱ գրությանը Ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» վարչապետի որոշմամբ հաստատվող ժամանակացույցի նախագծով առաջարկվելու է դրույթ, համաձայն որի մինչև բյուջետային հայտերը Ֆինանսների նախարարություն ներկայացնելը, հայտատու մարմինները իրենց հայտերը՝ ներառյալ հաշվարկ հիմնավորումները պետք է քննարկեն ոլորտային ՔՀԿ-ների հետ՝ կազմակերպելով հանրային քննարկումներ։
Այսպիսով, այս տարվա՝ 2020 թվականի հունվարի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ 2021 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին։
Որոշման համաձայն, ըստ 2021 թ-ի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցի 21-րդ կետի, հայտատու մարմինները, մինչև 2020թ-ի ապրիլի 10-ը պետք է ՄԺԾԾ նախագծի (ներառյալ 2021 թվականի պետական բյուջեի) մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի շուրջ քննարկումներ անցկացնեն իրենց իրավասության ներքո գտնվող ոլորտներում շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ և քննարկումների արդյունքների վերաբերյալ (ներառյալ ներկայացված դիտողությունների և առաջարկությունների ընդունեկու կամ մերժելու վերաբերյալ ամփոփաթերթ) տեղեկատվություն հաստատեն։
Վարչապետի որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ ՀՀ 2021 թվականի բյուջետային գործընթացն սկսելու նպատակով`
1. Հաստատել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մշակման գործընթացի` ՀՀ 2021-2023 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման իմաստով`
1) բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ (այսուհետ՝ ԲԳԿ) են հանդիսանում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող ՀՀ հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինները.
2) պարտադիր ծախսեր են հանդիսանում ՀՀ օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված՝ հանրային ապրանքների և ծառայությունների մատուցման կամ պետության միջամտության այլ ձևերի հետ կապված պարտավորությունների իրականացման համար պահանջվող ծախսերը.
3) հայեցողական ծախսեր են հանդիսանում ՀՀ կառավարության որոշումներով կամ գերատեսչությունների կողմից սահմանված՝ հանրային ապրանքների և ծառայությունների մատուցման կամ պետության միջամտության այլ ձևերի հետ կապված պարտավորությունների իրականացման համար պահանջվող ծախսերը.
4) շարունակական ծախսեր են հանդիսանում նախորդ միջնաժամկետ ծախսային ծրագրով կամ ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով հաստատված և հետագա տարիներին շարունակվող հայեցողական ծախսերը.
5) գոյություն ունեցող ծախսային պարտավորություններ են հանդիսանում նախորդ միջնաժամկետ ծախսային ծրագրով կամ ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով հաստատված պարտադիր և հայեցողական ծախսային պարտավորությունները.
6) նոր նախաձեռնություններ են հանդիսանում այնպիսի ծախսային առաջարկները, որոնք ենթադրում են գոյություն ունեցող ծախսային պարտավորությունների հիմքում ընկած ծառայությունների կամ պետության այլ միջամտությունների, ինչպես նաև դրանց գծով շահառուների շրջանակի փոփոխություն:
3. ՀՀ հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին`
1) սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցում սահմանված ժամկետներում ապահովել 2021-2023 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի (ներառյալ 2021 թվականի բյուջետային ֆինանսավորման) հայտերի կազմումը և դրանք ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելը՝ վերջինիս կողմից տրամադրված մեթոդական ցուցումներին համապատասխան.
2) «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից հաստատվելուց հետո հնգօրյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել 2021 թվականի ընթացքում բյուջետային հատկացումների հաշվին պետության կարիքների համար իրականացվելիք գնումների պլանը.
3) ՀՀ 2021 թվականին շինարարական աշխատանքների գծով ծախսերի համար ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել սահմանված կարգով հաստատված և փորձաքննության դրական եզրակացություն ստացած նախագծանախահաշվային փաստաթղթերը՝ ներառյալ փորձաքննության դրական եզրակացությունը:
4. Առաջարկել ՀՀ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովների նախագահներին՝
1) ՀՀ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում համապատասխան ԲԳԿ-ների և ՀՀ ֆինանսների նախարարության հետ իրականացնել սույն որոշման հավելվածով սահմանված ժամանակացույցի 32-րդ կետով նախատեսված՝ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակում ներառված բյուջետային ծրագրերի քննարկումները.
2) սույն որոշման հավելվածով սահմանված ժամանակացույցի 33-րդ կետով սահմանված ժամկետում համապատասխան ԲԳԿ-ներին տրամադրել սույն կետի 1-ին ենթակետում նշված քննարկումների արդյունքում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կողմից արված առաջարկությունները:
5. Առաջարկել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին և ՀՀ կենտրոնական բանկի նախագահին ղեկավարվել սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցով: