Փորձագիտական կարծիք և առաջարկություններ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
2020-02-14 15:01
2020 թվականի հունվարի 24-ին ՀՀ արդարադատության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքէջում հանրային քննարկման է ներկայացրել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծերը:
Նախագծի հիմնավորման համաձայն՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության կենտրոնացվածության և արդյունավետության ապահովման համար առաջարկվում է ստեղծել նոր, մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որը կիրականացնի ուսումնասիրություններ, օժտված կլինի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմով:
Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ուսումնասիրելով Նախագիծը, ՀՀ արդարադատության նախարարությանն են ներկայացրել փորձագիտական կարծիք և առաջարկություններ, որոնք ուղղված են Նախագծով սահմանված ռիսկային դրույթների չեզոքացմանը, այդ թվում նաև՝ Կոմիտեի ստեղծման և իրական անկախության ապահովման վերաբերյալ։
Նախագծի վերաբերյալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագիտական կարծիքին և առաջարկություններին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի մշակումը նախատեսված է եղել ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման (հետագա տեքստում` Ռազմավարություն) N 2 հավելվածի 2-րդ միջոցառմամբ: