Մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքը

2020 թվականին մարտի 19-ին մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի դասընթացը։ Ելնելով երկրում ստեղծված իրավիճակից՝ դասընթացը անցկացվեց հեռավար կարգով։

Ունկնդիրներին ողջունեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, Դպրոցի հիմնադիր Կարեն Զադոյանը։ Հանդիպման ընթացքում ուկնդիրներին ներկայացվեց Դպրոցի իրականացրած գործունեությունը և կրթական ծրագրի ամփոփ նկարագիրը։

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի 5-րդ հոսքի ունկնդիրները 12-ն են։ Նրանք համոզված են, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար կարելի է իրականացնել միայն հակակոռուպցիոն գիտելիքների առկայության դեպքում։

Դպրոցում սովորելու ընթացքում մասնակիցները կունկնդրեն հակակոռուպցիոն թեմատիկ դասախոսություններ, կծանոթանան Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականությանը և առաջնային ուղղություններին, միջազգային առաջատար փորձին և բարեխղճության սկզբունքների կիրառմանը: Ունկնդիրները հնարավորություն կունենան նաև դիտելու թեմատիկ ֆիլմեր, իրականացնելու գործնական աշխատանքներ և ուսումնասիրություններ, ինչպես նաև անհատական ավարտական հետազոտություններ, որոնք Դպրոցի օժանդակությամբ կտարածվեն, կհրապարակվեն և կներկայացվեն հանրային քննարկումների։ Դպրոցի ավարտական փուլում դպրոցի ունկնդիրները հնարավորություն կստանան իրենց կողմից ստացված հակակոռուպցիոն գիտելիքները տարածել երիտասարդների շրջանում` հանրային իրազեկության սեմինարների միջոցով:

Դպրոցում կդասավանդեն ոլորտի հայտնի փորձագետներ` Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի ղեկավարությամբ, ինչպես նաև պատկան մարմինների ներկայացուցիչներ և ոլորտի այլ դերակատարներ:

Հայտնենք նաև, որ մարտի 20-ին կայացավ առաջին հեռավար դասընթացը՝ «Կոռուպցիա» հասկացության նկարագիրը, պատմությունը, տիպաբանությունը: Կոռուպցիայի դեմ պայքարը և դրա փուլերը։ Ներածական մասը» թեմայով։ Դասընթացը վարեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, փաստաբան, հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը: Դասի շրջանակներում անդրադարձ կատարվեց նաև կոռուպցիայի կանխարգելման արդյունավետ գործիքներին՝ նշելով «Լավ կառավարման» հիմնական սկզբունքները և բարեվարքության չորս տարրերը՝ հաշվետվողականություն և թափանցիկություն, արհեստավարժություն (կոմպետենցիա), Էթիկա և կոռուպցիայի կանխարգելում։

Ըստ փորձագետի՝ կոռուպցիայի դեմ պայքարում կարևոր դեր ունի հակակոռուպցիոն կրթությունը, քաղաքական կամքը, օրենսդրության կատարելագործումը, իրազեկվածության բարձրացումը, սոցիալական վիճակի բարելավումը, ինչպես նաև հասարակության մեջ հակակոռուպցիոն մտածելակերպի ձևավորումը և մի շարք այլ գործոններ:

 

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: